ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՀԿ-Ի ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կար ժամանակ, երբ գոնե փողի տեսքով ընտրակաշառք կար: Հե՜յ գիտի ժամանակներ: Հիմա դա էլ չկա, ժողովրդին զրկեցին վերջին հույսից: Իսկ փողի տեսքով ընտրակաշառքների մասին արդեն կխոսեն այնպես, ինչպես ոմանք կարոտով խոսում են «սովետի» մասին՝ ասելով. «Բա հիշո՞ւմ ես՝ ինչ լավ էր սովետի ժամանակ»:
Նախորդ ընտրությունները, երբ դեռ կիրառվում էին ընտրակեղծիքների ավելի հին մեթոդները, շատ ու շատ ընտրողների համար նաեւ մեկ-երկու դրական կողմեր ունեին: Նախ ոմանց հույս էր ներշնչվում, որ իրենց մահացած հարազատներն իրականում չեն մահացել եւ շուտով կհայտնվեն, քանի որ վերջիններիս անունները հայտնվում էին ընտրացուցակներում: Եվ երկրորդը՝ 5-10 հազար դրամ ընտրակաշառքը, որը կիսաքաղցած եւ հանուն գրոշների օրնիբուն աշխատող ընտրողի համար այդ պահին էական դեր էր խաղում, նույնիսկ ուրախություն պարգեւում:
Իսկ ի՞նչ եղավ հետո: Իշխանական ֆեոդալա-միապետական համակարգը, լինելով էվոլյուցիոն գործընթացի մեջ ու շարժվելով էվոլյուցիայի օրենքներով, կատարելագործեց իր գործիքները, այդ թվում՝ ընտրակեղծիքների ազգային ինստիտուտը, մշակեց ավելի նոր մեթոդաբանություն, արդարը դարձավ արդարագույն, թափանցիկը՝ գերթափանցիկ: Նոր մեթոդաբանության կիրառումը տվեց իր պտուղները՝ ընդդիմությունն ու «այլընտրանքն» այս անգամ դեռ չծլած միանգամից հնձվեցին, ընդ որում՝ ամենաքաղաքակիրթ ճանապարհով: Ընդդիմությունն ու «այլընտրանքն» էլ այնքան ապաշնորհ դուրս եկան, որ գերադասեցին միանգամից զիջել դիրքերը եւ ձեւացնել՝ իբրեւ թե իրենք այստեղ չեն, չկան: Արդյունքում ստացվեց այսպիսի պատկեր. եթե իշխանությունները նախկինում ունեին այնպիսի մրցակիցներ, որոնց հաղթելու համար ստիպված էին կիրառել կեղծիքների բոլոր մեթոդները, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելով ձայներ ավելացնել, ապա այս անգամ իշխանության թեկնածուն կարող է առանց ընտրակաշառքի էլ այնքան շատ ձայն հավաքել, որ իր հավաքած ձայների ձեռքը կրակն ընկնի: Էլ ի՞նչ ընտրակաշառք, ո՞ւմ է այն պետք, հո անիմաստ ծախս չե՞ն անելու: Նամանավանդ, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներում արդեն համապատասխան տրամադրություններ են տիրում, ՀՀԿ-ականներն էլ իրենց մերձավորներին ասում են, որ այս անգամ փողեր չեն բաժանելու:
Այսպիսով՝ ընտրակեղծաբանության այս նոր մեթոդաբանությունն իշխանություններին օգնեց գումար տնտեսել, իսկ ժողովրդին զրկեց 5-10 հազար դրամ ստանալու «երջանկությունից»: Այս հարցին մեծապես նպաստեց նաեւ ընդդիմության եւ «այլընտրանքի» ապաշնորհությունը: Դե հիմա թող իրենք բաժանեն այդ 5-10 հազար դրամները: Այսպիսի վատություն կարելի՞ էր անել:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս