ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Սյունիքի մարզում: Նա եղել է Սիսիանում եւ Գորիսում:
Ինչպես հայտնում է «Ժողովուրդ»-ի՝ Սյունիքի մարզի թղթակիցը, քարոզարշավն անցնում է շատ տարօրինակ պայմաններում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը որոշել է այս տարի բաց երկնքի տակ ելույթ չունենալ: Նա շրջում է դահլիճից դահլիճ. ելույթ է ունեցել նախ Սիսիանի մշակույթի տան դահլիճում, այնուհետեւ Գորիսի դրամատիկական թատրոնում: Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են լսել Ս. Սարգսյանի ելույթը եւ մասնակցել քարոզարշավին, պետք է նախապես գրանցված լինեն: Դրա համար ՀՀ քաղաքացիները ձմեռվա ցրտին պետք է մոտ մեկ-երկու ժամ առաջ հավաքվեն դահլիճների մոտ, անվտանգության աշխատակիցներից ճշտեն՝ իրենք կան ցուցակում, թե ոչ, ապա նոր մուտք գործեն դահլիճ:
Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների ձայները խնդրող թեկնածու Սերժ Սարգսյանին մարդիկ չեն կարողանում մոտենալ ու իրենց հուզող հարցն ուղղել: Օրինակ՝ երեկ Գորիսում մի կին փորձել է մոտենալ, սակայն անվտանգության աշխատակիցները շատ արագ հեռացրել են:
Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն այսօր շարունակելու է Մեղրիում եւ Կապանում:




Լրահոս