ՀԱՑԱԴՈՒԼԸ՝ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրությունների գործընթացն արդեն ամբողջությամբ վերածվել է զավեշտի, իսկ  նախընտրական քարոզարշավը հիշեցնում է կրկեսային ներկայացում: Բանն այն է, որ այս ընտրապայքարում քաղաքական կատեգորիա է դարձել հացադուլը՝ վերածվելով քարոզարշավի հիմնական միջոցի. այս օրերին իրար հետեւից հացադուլ անելու մասին են հայտարարում նախագահի թեկնածուները:
Ինչպես հայտնի է, նախագահի ամենաերիտասարդ թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր քարոզարշավը սկսեց՝ ԳԱԱ մոտ հացադուլ հայտարարելով, եւ ահա երեկ էլ հացադուլ անելու մտադրության մասին են հայտնել թեկնածուներից եւս երկուսը՝ Արամ Հարությունյանն ու Պարույր Հայրիկյանը:
Ա. Հարությունյանը հացադուլ է անելու ընդամենը 1 օրով, այն էլ՝ ԿԸՀ-ի դիմաց: Հայտնի է անգամ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության ամենակարեւոր միջոցառման՝ նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանի հացադուլի օրը՝ փետրվարի 7-ին, իսկ արդեն փետրվարի 8-ին նա պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել: Ընդ որում, ինչպես երեկ վճռականորեն վստահեցրեց նախագահի մշտական թեկնածուն, որեւէ մեկն այլեւս չի կարող իրեն հետ պահել այդ քայլերից՝ հացադուլից ու ինքնաբացարկից. Հարությունյանը փորձելու է հասնել նրան, որպեսզի Ս.Սարգսյանն ընտրություններին մնա միայնակ:
Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ապա նա երեկ այցելել է հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին: Իսկ լրագրողների հետ զրույցում էլ ասել է. «Հացադուլը շատ օգտակար բան է, ես տարվա մեջ մի քանի անգամ անում եմ։ Բայց հացադուլ՝ նայած ինչ պայմաններում եւ հոգեբանական ինչ տրամադրվածությամբ։ Հիմա ես մտածում եմ, եթե Անդրիաս Ղուկասյանը երկար պահի, համերաշխելով իր հետ, ես մի քանի օրով իրեն կմիանամ, որպեսզի իրեն համոզեմ, որ միասին էլ ընդհատենք»: Այն, որ Հայրիկյանն իր այս հայտարարությամբ ըստ էության արժեզրկում է ե՛ւ իր, ե՛ւ Ա.Ղուկասյանի հացադուլը, ակնհայտ է: Բանն այն է, որ հացադուլը քաղաքական պայքարի ձեւ է, որին սովորաբար դիմում են որպես պայքարի ծայրահեղ ձեւ, եւ որի ժամանակ կոնկրետ մարմիններին կոնկրետ պահանջներ են ներկայացվում: Ավելին, խորհրդային տարիներին իր բանտարկության ու աքսորի ժամանակ այդ մեթոդից հավանաբար օգտվել է նաեւ Հայրիկյանը: Այնինչ հիմա նա ասում է, որ տարվա մեջ մի քանի անգամ հացադուլ է անում: Թե որտեղ է Հայրիկյանն անում հացադուլը, ում եւ ինչ պահանջներ է ներկայացնում, անհայտ է: Հազիվ թե նա իր այդ քայլը թաքուն պահեր լրատվամիջոցներից, այն էլ՝ եթե դա անում է տարվա մեջ մի քանի անգամ:
Ի դեպ, եւս մեկ ուշագրավ հանգամանք. Հայրիկյանը դեռ չի շտապում նաեւ հրապարակել իր նախընտրական ծրագիրը. դա կանի մեկ շաբաթ ուշացումով: Պարզվում է՝ Պարույր Հայրիկյանից հերթական անգամ գողացել են իր հերթական գաղափարը: «Երեւի նկատել եք, չէ՞, ինչպես թեկնածուներից մեկը քարոզարշավի հիմնադրույթ է դարձրել երեք շաբաթ առաջ իմ կողմից ասուլիսներից մեկում հստակ ասված հետեւյալ միտքը. մենք պայքարում ենք ոչ թե դեմ, այլ հանուն, ես ոչ մի հակառակորդ չունեմ, նրանք բոլորը իմ եղբայրներն են։ Տեսե՛ք, ես ասացի մամուլի ասուլիսում, անցավ։ Իսկ այսօր մեկը դա դարձրել է իր հիմնական կարգախոսն ու հիմնական մոտեցումը»,-ասել է նա՝ անուղղակի կերպով Սերժ Սարգսյանին մեղադրելով գրագողության մեջ:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Անդրիրաս Ղուկասյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ նախագահի մյուս թեկնածուները եւս իր նման հացադուլ են անում: «Շատ լավ,-ասաց նա՝ հավելելով,-որեւէ նախանձ, վատ զգացմունքներ չունեմ: Մարդը եթե որոշել է հացադուլ անել, դա իր որոշումն է, եւ պետք է միայն ողջունել»:
Քանի որ երեկվա դրությամբ հացադուլավոր թեկնածուների բանակին չէր միացել իր հացադուլ-ծոմապահությամբ ժամանակին աչքի ընկած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, երեկ այդ կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ հնարավոր է, այնուամենայնիվ, իրենց առաջնորդը եւս դիմի այդ քայլին: Պարզվեց՝ ամենայն հավանականությամբ ոչ: «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց գիտեմ, որ երբ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր հացադուլի մտադրության մասին, Ր.Հովհաննիսյանը կոչ էր արել նրան չդիմել այդ քայլին: Այսքանով, թերեւս, կարելի է պարզ համարել Հովհաննիսյանի վերաբերմունքը հացադուլին»,-մեկնաբանեց Սաֆարյանը:
Խոստովանենք՝ նախագահի ընտրությունների անվան տակ անցկացվող միջոցառումն ավելի լավ վարկաբեկելու եւ դրանք պարզապես կրկեսային ներկայացման վերածելու ավելի հարմար միջոց հազիվ թե գտնվեր: Ահա թե ինչի է վերածվում քաղաքական կյանքը, երբ երկրի թիվ 1 քաղաքական իրադարձությանը չեն մասնակցում քաղաքական դաշտի հիմնական դերակատար ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս