ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ CPS-Ն Է ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արագացրե՛ք, եթե չտաք ինձ ձեր փողերը, երկուսիդ էլ կվառեմ բենզինով, շո՛ւտ արեք հանեք, կվառեմ»: Այսպիսի սպառնալիքներով է 2012թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, անհայտ անձը հարձակվել Ռուբինյանց 58/1 հասցեում գործող CPS բենզալցակայանի երիտասարդ աշխատողների վրա: Սակայն վերջիններս դիմադրել են, ինչի արդյունքում ժամը 04:30-ի սահմաններում այրվածքներով տեղափոխվել են ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Նշենք, որ դեռեւս 2010թ. հուլիսի 8-ին Քանաքեռ-Զեյթունում նույն ընկերությանը պատկանող եւս մեկ բենզալցակայան էր ենթարկվել հարձակման: Դիմակավորված 2 անձինք ՎԱԶ-2121 «Նիվա» մակնիշի առանց պետհամարանիշի սպիտակ ավտոմեքենայով մտել էին CPS բենզալցակայան, մետաղյա լինգով հարվածել բենզալցակայանի աշխատակիցներից Կարապետի գլխին եւ դանակի սպառնալիքով նրա գրպանից հափշտակելով 40 000 դրամ` դիմել փախուստի:
Վերջին դեպքի մանրամասները պարզելու համար «Ժողովուրդ»-ն այցելեց Ռուբինյանց 58/1 հասցեում գործող CPS բենզալցակայան: Տեղեկացանք, որ այն գործում է շուրջօրյա, եւ այդ գիշեր հերթապահել են Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 25-ամյա Գուրգեն Կարապետյանն ու Մինաս Ավետիսյան փողոցի բնակիչ 28-ամյա Արամայիս Դավոյանը:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց բենզալցակայանի մենեջեր Վահագն Մարտիրոսյանը, այդ օրը՝ դեպքից կես ժամ հետո, ինքը շտապել է բենզալցակայան: «Սովորաբար շուտ-շուտ եմ գալիս, փողերն եմ հավաքում, որ շատ գումար չմնա իրենց մոտ: Չէինք մտածում, որ սենց բան կարող էր լինել ու դեպքից հետո որոշեցինք տեսախցիկներ տեղադրել»,-ասաց մենեջերը: Վերջինիս խոսքով՝ տուժածներից Արամայիսի առողջական վիճակը լավ է, սակայն  դեպքից հետո նա հրաժարվել է աշխատել գիշերները եւ դեռ աշխատանքի չի գալիս, իսկ երկու երեխաների հայր Գուրգենն արդեն վերադարձել է աշխատանքի:
Զրուցեցինք նաեւ Գուրգեն Կարապետյանի հետ, որը նյարդայնացած պատմեց դեպքի որոշ մանրամասներ. «Ես քնած էի, հանցագործի ու Արամայիսի կռվի ձայներից արթնացա: Էդ  գողը դուռը բացել մտել էր ներս, բենզինը լցրել էր Արամայիսի վրա ու ասում էր՝ եթե փող չտաք, կվառեմ ձեզ: Արամայիսը հրեց գողին սենյակից եւ դուռը փակեց  վրան: Տեսնելով,  որ չի կարողանում դռնից ներս մտնել, հանցագործը կոտրեց պատուհանի փեղկը: Այդ ժամանակ կրակ տվեց դռան վրա, ու մենք մի կերպ կարողացանք դուռը բացել. Արամայիսն իրեն գցեց ձների մեջ, իսկ ես էլ վազեցի հետեւից, բայց չկարողացա բռնել»:
Գուրգենը պատմեց, որ մի քանի օր վախեցած է եղել եւ հրաժարվել է աշխատել գիշերները, սակայն ժամանակի հետ  վախն անցել է: Նա մեզ հետ զրույցում նկարագրեց հանցագործի արտաքինը: «Չկարողացա դեմքն ուշադիր նայել, բայց շատ լուրջ դեմք ուներ եւ շատ մուգ էր հագնված»,-ասաց Գուրգենը` նշելով, որ դեպքից հետո դարձել է ավելի ուշադիր եւ գիշերները մի քանի անգամ ստուգում է բենզալցակայանի տարածքը: Նշենք, որ Գուրգենը այդ գիշեր տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա, ի տարբերություն իր գործընկերոջ, լուրջ այրվածքներ չի ստացել եւ անմիջապես դուրս է գրվել, իսկ Արամայիսը, նրա ասելով, դեռ հիվանդանոցում է:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արամայիս Դավոյանին նույնպես հիվանդանոցից դուրս են գրել:
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դիմակավորված անձինք հարձակում են գործել տարադրամի փոխանակման կետի վրա: Ըստ ականատեսների` հարձակվողներն առանց համարանիշի Վազ 2121 «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի մեքենայով են եղել: Նկատենք, որ 2010թ. հուլիսի 8-ին CPS բենզալցակայանի վրա հարձակվողները նույն գույնի եւ նույն մոդելի մեքենայով են եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս