Նարինե Պետրոսյանը` «էկրանի անտակտ, թրաշով դեմքերի» և ադրբեջանուհու իր նոր կերպարի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը, ով ճանաչում ձեռք բերեց նաեւ սերիալների միջոցով, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանդես է գալու նոր ֆիլմում, որտեղ կերտելու է ադրբեջանուհու կերպար: Դերասանուհին անդրադարձավ նաեւ հայկական թատրոնի եւ կինոյի ներկայիս բացերին եւ դրանց պատճառներին:

-Նարինե՛, «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ մարմնավորում եք խենթ ու խելառ, ուրիշներին ապրել ստիպող կերպարի: Որպես լավագույն երիտասարդ կին դերասան` այդ դերի համար անգամ արժանացաք «Արտավազդ» մրցանակի: Նման խելառ կերպարները մեր հասարակությանը չե՞ն պակասում:

-Կարծում եմ` պետք էլ չէ, որ բոլորն այդպիսին լինեն, մի քանիսի առկայությունն արդեն իսկ գույներ է հաղորդում մեր կյանքին: Այս ներկայացման մեջ ես գլխավոր դերում չեմ, սակայն իմ կերտած կերպարի միջոցով հանդիսատեսը հասկանում է գլխավոր հերոսին, ընկալում կյանքի հանդեպ նրա ունեցած սերը: Ծաղրածուն էլ կյանքն ընկալում է իմ տեսակի մարդու նման` ազատ, առանց կարծրատիպերի, կարելի է ասել` ծաղրածուն ինքն իրեն տեսնում է իմ կերպարի մեջ:

1

-Այսօր թատերագետները հաճախ քննադատություն են հնչեցնում առ այն, որ մեր թատրոնները ձեռքները չեն պահում համաշխարհային թատերական կյանքի զարկերակին, համաձա՞յն եք:

-Այո՛, համաշխարհային թատերարվեստը դարձել է սինթետիկ արվեստ, դիտում ես ներկայացում, որը ներառում է թատերարվեստի, երգարվեստի, պարարվեստի տարրեր, տեսնում ես ակրոբատիկ հնարքներ, համակարգչային գրաֆիկա. ողջ աշխարհում թատրոնը բոլորովին այլ մակարդակի վրա է: Իսկ մեր երկիրը շատ փոքր է, կուզենայի թեկուզ փորձի փոխանակման, մեր սահմաններից դուրս այլ մտածողությանը ծանոթանալու համար երկրից դուրս գայինք: Մեզ մոտ ֆինանսավորողներ չկան, մարդիկ դեռ չեն եկել այն գիտակցության, որ թատրոնն էլ պետք է լավ ֆինանսավորվի: Կարելի է էլի Չեխով, Դոստոեւսկի բեմադրել, բայց նոր, շքեղ շնչով, որ մատուցումն աչք շոյող լինի, չէ՞ որ մենք` 21-րդ դարի մարդիկ, արդեն «կլիպային մտածողություն» ունենք. երկար ձգվող անհրապույր տեսարանները մարդկանց հոգնեցնում են:

-Մի առիթով նշել եք, որ սերիալների ու ֆիլմերի արտադրությունը Հայաստանում փակուղում է: Ի՞նչ նկատի ունեք:

-Մարդիկ սերիալներում եւ ֆիլմերում պետք է տեսնեն լավ կյանք, սիրուն պատկերներ, բայց դրանք չկան: Մեկ-երկու սերիալ հաջողվեց այն պատճառով, որ դրանց վրա ծախսվեցին բավականաչափ գումարներ, լավ դերասաններ վարձեցին, լավ տեսարաններ ստացան: Իսկ այսօր այնպիսի տպավորություն է, որ ով մի քիչ շնորհք ունի, թեկուզ եթե գործի հետ կապ չունի, կարող է հայտնվել ասպարեզում, դե, նորմալ դերասանին երկու կոպեկ չես կարող տալ, թիմն էլ, որ հավաքվում է, օրինակ, սերիալներում, մեծ մասամբ պրոֆեսիոնալներից չէ բաղկացած: Նայում ես, թե ովքեր են նկարահանվում սերիալներում` անտակտ, թրաշով, թվում է, թե կողքի փողոցից եկել են, մի տեքստ են կարդացել ու խաղում են: Թող մարդիկ նկարահանվեն սերիալներում, գումար վաստակեն, ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում, որ իմ երեխաները նստեն, դիտեն այն մարդկանց, որոնք աղավաղում են կինոյի կամ սերիալի մասին իմ պատկերացումները, չեմ ուզում, որ նրանք դիտեն այդ աղբը:

2

-Դեռ վաղ տարիքում նկարահանվել եք Արմեն Ջիգարխանյանի հետ` «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմում: Գիտենք, որ դա համարում եք կարեւոր էջ Ձեր կարիերայի սկզբում: Հետագայում առիթներ ունեցա՞ք աշխատելու մեծ դերասանների հետ, այսօր նման խորհրդանիշների տեսնու՞մ եք:

-Բացի Ջիգարխանյանից` ես նույն խաղահրապարակում հայտնվեցի Նատալյա Անդրեյչենկոյի հետ, ով մանկությանս տարիներին եղել է դերասանուհու իմ իդեալը: Նման հեղինակություններն այսօր շատ են պակասել, այնուամենայնիվ, կան դերասաններ, որոնց հետ խաղալն ինձ համար պատիվ է, օրինակ` Հրաչյա Հարությունյանը, Արթուր Ութմազյանը, որոնք երբեւէ «չմանրացրեցին» իրենց արվեստը:

-Գեղարվեստական ֆիլմերում խաղալու նոր հրավերներ կա՞ն, Ձեզ նոր կերպարներում կտեսնե՞նք:

-Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանում է իր հերթական ֆիլմը: Ես այնտեղ հետաքրքիր կերպար եմ մարմնավորում, խաղում եմ ադրբեջանուհու դեր, հիմա ադրբեջաներեն եմ ուսումնասիրում: Ֆիլմում խաղում են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սոս Ջանիբեկյանը: Կարծում եմ` այն հաջողություն կունենա: Նկարահանումներն օգոստոսին կավարտվեն: Սպասենք պրեմիերային:

Աննա Բաբաջանյան




Լրահոս