ԼԱՅՔԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքական գործիչ դառնալու հիմնական նպատակներից մեկը, ցավոք, հարստանալն է. պաշտոն, պաշտոնական դիրքի չարաշահումներ, ատկատներ, որտեղից էլ՝ մեծ փողեր, իսկ փողերով արդեն ձեռք են բերվում բիզնեսներ, գնվում է գույք: Վերջին շրջանում միայն բիզնեսներով եւ գույքով սկսել են չբավարարվել եւ անցել են նաեւ ֆեյսբուքյան like-երի առքին:
Շատերը մի կերպ գոյատեւում են, իսկ ազգիս էլիտան փողով լայքեր է առնում՝ ֆեյսբուքյան իրենց էջերը որպես ֆեյսբուքյան գովազդ դնելով սոցցանցում: Թե ինչ են անելու այդ լայքերը, ուր են հետները տանելու, հայտնի չէ: Իհարկե, դրանով մի փոքր լսարան կապահովեն՝ իրենց անհեռանկար ասելիքը տեղ հասցնելու համար, բայց, կարծում ենք, եթե ասելիքն իրոք լուրջ է եւ պահանջված, մարդիկ առանց ֆեյսբուքյան գովազդի էլ կարող էին այդ լայքերը տալ եւ մի քանի անգամ ավելի շատ: Բացի այդ, ավելի շատ մարդիկ առանց լայքեր տալու էլ կընդունեն այդ ասելիքը. կհավատան ու կմիավորվեն: Իսկ այսօր, ցավոք, ունենք միայն փողով լայքեր, այն էլ՝ փոքրաթիվ:
ՀՀ նախագահի 8 թեկնածուներից 4-ը նույնպես լծված են ֆեյսբուքյան գովազդով լայք հավաքելու գործընթացին: Առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ում ֆեյսբուքյան էջն ունի արդեն 6073 լայք, գրառումների առումով էջն այդքան էլ ակտիվ չէ՝ օրական 5-6 գրառում: Երկրորդ տեղում էպոսագետն է՝ 4576 լայքով, ակտիվությունն այս էջում ավելի ցածր է, բայց դե դա էպոսագետին դժվար մտահոգի, կարեւորը լայք գնելու համար փող կա, վերեւում էլ՝ Աստված: Հրանտ Բագրատյանը 1621 լայք ունի եւ մի փոքր ավելի ակտիվ էջով զբաղեցնում է երրորդ տեղը: Չորրորդ տեղում Պարույր Հայրիկյանն է, որի էջերից մեկն ունի 1223, մյուսը՝ 346 լայք:
Նախագահի մյուս 4 թեկնածուները լայք գնելով չեն զբաղվում հայտնի պատճառներով. Անդրիաս Ղուկասյանը հացադուլի է նստած, Արամ Հարությունյանին ու Արման Մելիքյանին, միեւնույն է, նույնիսկ 100 000 լայքը ոչնչով չի օգնի, իսկ Սերժ Սարգսյանը լայքերի հետեւից չի ընկնում, քանի որ իր ձեռքում են իշխանական լծակներն ու կեղծիքների ինստիտուտը, ինչը նա վաղուց արդեն մեծ հաջողությամբ կիրառում է: Իշխող կուսակցության թեկնածուն ավելի առաջադիմական է՝ լայքերի փոխարեն միանգամից մարդկանց է գնում: Ցանկացած ընտրող, լինելով իր համար էժան աշխատուժ, իրեն եկամուտ է բերում, ինչի արդյունքում ինքը եւ իր թիմակիցները, իրեն շրջապատող ֆեոդալները դառնում են ավելի ապահով՝ ապահով Հայաստանում:
Ու մինչ Սերժ Սարգսյանն «ապահով Հայաստան» է կառուցում, մրցակիցները, պայքարի իրատեսական մեթոդները թողած, կա՛մ պատսպարվում են ստվերում, կա՛մ էլ լայքեր հավաքելով են զբաղված՝ հավանաբար այդպես կառուցելով մեր երազած ապագան: Երեւի դրա համար էլ այդ ապագան քանի գնում, այնքան հեռանում է մեզնից:

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս