«ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին՝ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության առաջին օրը, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, Նոյեմբերյանում եւ մարզի մյուս քաղաքներում փակցված էին Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառները: Իջեւանում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը ձեւավորվել է քաղաքի շախմատի տանը: Այդտեղ է գտնվում նաեւ ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության գրասենյակը: Ուշագրավ է, որ 1996թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այստեղ գործում էր ՀՀՇ Իջեւանի տարածքային կազմակերպությունը: Ս. Սարգսյանի նախընտրական «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով մեծ պաստառ է կախված Տավուշի մարզպետարանի խաչմերուկի մոտ՝ միջպետական ճանապարհի վրա: Այդ ճանապարհով երթեւեկողները հետայսու ընտրության հնարավորություն ունեն` երթեւեկել դեպի սահմանամերձ, վտանգավոր Նոյեմբերյան, Բերդ… կամ դեպի ապահով Հայաստան: Իջեւանի կենտրոնում՝ քաղաքային շուկայի մոտ՝ նորից միջպետական ճանապարհի վրա, կախված է եւս մի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոս-պաստառ, որի հակառակ կողմում Հրանտ Բագրատյանի «100 քայլ, Հայաստանը միայն Երեւանը չէ» կարգախոսով պաստառն է: Խորհրդանշական է, որ այդ կարգախոս-պաստառի ներքո իջեւանցիները ներքաղաքային երթուղու գազելներ են նստում եւ ուղեւորվում քաղաքի Բլբուլյան թաղամաս: Իսկ թե դրանք ինչքանով են ապահով փոխադրամիջոց, գիտեն բոլորը: Ահա այսպես մեկնարկեց 2013թ. նախագահական ընտրությունների քարոզչությունը Տավուշի մարզում:




Լրահոս