«ՉԳԻՏԵՄ` ԻՆՉՊԵՍ ՌԻՍԿԻ ԴԻՄԵՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ժիզել» բալետային ներկայացման պրեմիերան: Ժիզելի դերում պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանն էր, ով ստիպված էր եղել ընդամենը մեկ գիշերվա ընթացքում վերհիշել տարիներ առաջ իր մարմնավորած Ժիզելին: Բանն այն է, որ գլխավոր հերոսուհու մենապարով պետք է հանդես գար Սոնա Առուստամյանը, ով վնասել էր ոտքը: Ուստի թատրոնի ղեկավարությունը առաջարկել էր Ժակլինին հանպատրաստից հանդես գալ ներկայացմանը: «Ժողովուրդ»-ը պարուհու հետ զրուցել է այդ բարդ փորձության, հայրենիք վերադառնալու եւ այլ թեմաների շուրջ:

-Ժակլի՛ն, ընդամենը մեկ գիշերում Ժիզելի կերպարի մեջ Ձեզ վերագտնելը դժվար եւ պարտավորեցնող չէ՞ր: Արդեն բեմում ինչի՞ մասին էիք մտածում:
-Շատ դժվար էր առանց նախապես փորձեր անելու միանգամից մտնել բեմ, առանց նախնական ֆիզիկական պատրաստվածության հանդես գալ գլխավոր հերոսուհու մենապարով, բայց ես համաձայնեցի: Դա պատասխանատու քայլ էր թե՛ բալետմայստերի ու պարընկերներիս, թե՛ հանդիսատեսի եւ նախ եւ առաջ ինքս իմ առջեւ: Բայց արդեն պարելիս մտածում էի այդ ամենի «տակից դուրս գալու» մասին միայն: Անգամ չէի պատկերացնում` կկարողանամ մկաններիս «հիշողությունը» վերականգնել, շնչառական առումով դժվարությունները հաղթահարել, չգիտեմ` ինչպես ռիսկի դիմեցի: Համենայն դեպս, տասը տարի պարել եմ Ժիզել, եւ մասնագետներն ինձ ասում են, որ ստացվում է մեկ ներկայացման ընթացքում կերպարանափոխվել` երեխայից վերածվելով հարսնացուի:
-«ժիզել»-ի պրեմիերայից հետո հանդիսատեսը կրկին խոսում էր Ձեզ ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Ձեզ համար այն ի՞նչ նշանակություն ունի:
-Այդ մասին մշակույթի նախարարությունն ու մնացած մարդիկ պետք է մտածեն: Ասեմ, որ ժողովրդական արտիստի կոչում ես արդեն ունեմ, քանի որ ժողովուրդն ինձ սիրում է: Գիտեք` թղթիկը չպետք է որոշի արտսիտ լինել-չլինելը, թեպետ ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում թղթիկն էլ է մեծ դեր խաղում:
– Ամիսներ առաջ Լիբանանում էիք, այնտեղ աշխատելու, փորձի փոխանակման ընթացքում ավելի շատ բան տալի՞ս էիք, թե՞ ստանում: Էլի կգնա՞ք արտերկիր, թեկուզ որոշ ժամանակով:
-Բեյրութի համազգային արվեստի դպրոցում տարբեր մասնագետների հետ աշխատելու, տարբեր ձեռագրերի ու մոտեցումների ծանոթանալու հնարավորություն ունեցա, բայց, եթե անկեղծ, ավելի շատ բան փոխանցել եմ, քան ստացել: Ես հասկացա, որ այնտեղ զգում էին մեր կարիքը, մեր տվածի ծարավն ունեին: Դեռ չգիտեմ` կրկին կմեկնեմ Լիբանան, թե ոչ. սեպտեմբերին պարզ կլինի: Առհասարակ, արտերկրում մշտական բնակություն հաստատելու մասին երբեւէ չեմ մտածում, իսկ ժամանակավոր այցերի նպատակը գումար վաստակելն ու գիտելիքների փոխանակումն է:
-Տարիներ առաջ Դուք բեմադրեցիք «Երազ» բալետ-ֆանտազիան: Այնինչ՝ Հայաստանում կին-բեմադրիչին շատ լուրջ չեն վերաբերվում: Այդ առումով դժվար չէ՞ Ձեզ համար: Նոր ներկայացումներ բեմադրելու մասին մտածո՞ւմ եք:
-Այն, ինչ անում է կինը, Հայաստանում այլ աչքով են նայում, չեն պատկերացնում, որ նա կարող է բեմադրություններ անել, մտքեր ունենալ… Պատկերացրեք` որքան գնահատելի է, երբ կնոջը արժեւորում են որպես բալետմայստեր: Իմ «Երազ» ներկայացումը մտավ Օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկ. դա ինձ համար մեծ ձեռքբերում է թե՛ որպես պարուհի, թե՛ որպես բեմադրիչ: Թատրոնի ծրագրերում կա կրկին հանդիսատեսի դատին ներկայացնել «Դիմակահանդես»-ը, այնտեղ ես մարմնավորել եմ իմ առաջին գլխավոր դերը, որը շատ կցանկանայի մեկ անգամ էլ պարել: Ինչ վերաբերում է նոր ներկայացում բեմադրելուն, ասեմ, որ փնտրտուքների մեջ եմ, ուզում եմ այնպիսի մի բան անել, որը Հայաստանում չեն արել: Օրինակ` «Երազ»-ի դեպքում ավազային անիմացիան բալետային ներկայացման հետ համատեղելու փորձը մեր երկրում առաջինն էր:
-Իսկ այդ նոր գաղափարները կյանքի կոչելու համար մոզ մոտ ի՞նչն է պակասում:
-Հիմա աշխարհում շատ ներկայացումներ շոուի հիման վրա են արվում: Դրանցում մտցվում են հետաքրքրություններ` էկրան, ստվերի ու լույսի խաղ, որպեսզի ներկայացումները միատոն չլինեն: Հիմա համացանցում տեղեկատվության հոսքն այնքան մեծ է, որ մարդիկ այլեւս ստատիկ ներկայացումներ չեն դիտում: Ուստի բեմադրիչները մտածում են նաեւ շոուի մասին: Պարզապես մեզ մոտ բարդ է գտնել մեկին, ով ի կատար կածի շոուի մասով քո ունեցած գաղափարները, իսկ արտերկրում դա ավելի հեշտ է: Ամեն դեպքում, նոր գաղափարներ կան, եւ մենք աշխատում ենք դրանք ի կատար ածելու ուղղությամբ:

 

 

 

 

«ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԼԱՐՆԵՏԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ»

«Բամբիռ»-ն արդեն տեւական ժամանակ է` անակնկալ է պատրաստում իր լսարանի համար: Հայկական ֆոլկ-ռոք խումբը ձայնագրում է իր նոր ալբոմը, որի շրջանակներում համագործակցում է «Բամբիռ»-ի առաջին սերնդի ներկայացուցիչ Ջագի` Գագիկ Բարսեղյանի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց խմբի կիթառահար, վոկալիստ Նարեկ Բարսեղյանը:

«Հայալեզու ալբոմի առաջին մասը կոչվում է «Արմաբետոն». այն ներկայացնում է այժմյան աշխարհիկ կյանքը եւ համեմված է հումորով, իսկ երկրորդը կոչվում է «Մետամորֆոզներ»: Այս նախագիծը սկսել էինք դեռ 2012 թվականից եւ շուտով կավարտենք: Դանդաղ էինք առաջ գնում, որպեսզի հասնեինք ցանկալի արդյունքին»,-ներկայացրեց Նարեկը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսի վերջին խումբը համերգով հանդես կգա Սեւանում` «Կիլիկիա» նավի մոտ: Մեր այն հարցին, թե արդյոք հայաստանյան պայմանները բավարարում են խմբի կայուն գործունեությունն ապահովելու համար, Նարեկը պատասխանեց. «Մեր խումբը այդ ստաբիլ գործունեությունը ծավալելու կարիքն ունի, պետք է նկատենք, որ արտերկրում ավելի մեծ թվով համերգներ են կազմակերպվում, ուստի այնտեղ ավելի հարմար է աշխատելը, ինչը չէի ասի մեր երկրի մասին. մեր իրականությունն այլ է: Հայաստանյան շուկան փոքր է: Եթե Երեւանից դուրս համերգ ենք կազմակերպում, ողջ գումարը ծախսում ենք տեխնիկական անձնակազմին վարձատրելու վրա: Այս պարագայում ելքը հովանավոր գտնելն է, սակայն հովանավորներն էլ կլարնետային երաժշտություն են սիրում. իրենց դա է հոգեհարազատ»:
Մեր այն հարցին, թե արդյոք «Բամբիռ»-ի մատուցած երաժշտությունը Հայաստանում մասսայական դառնալու հնարավորություն ունի, Նարեկը պատասխանեց, որ դա պայմանավորված է վերոնշյալ գործոններով եւ հասարակական գիտակցության զարգացմամբ:
«Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե «Բամբիռ»-ը հազվադեպ է հանդես գալիս տեսահոլովակներով, խմբի կիթառահարն արձագանքեց, թե իրենք տեսահոլովակներ շատ չեն սիրում. «Մենք նախընտրում ենք հանդիսատեսի հետ կենդանի կապն ամուր պահել, հաճախ հայտնվում ենք Հայաստանի ամենատարբեր սարերում, ձորերում, քաղաքներում, փորձում ենք շփվել ժողովրդի հետ, այն, ինչ չենք ասում երգով, երբեմն տեղ ենք հասցնում խոսքի միջոցով»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԼԵՊՍԻ ՀԱՄԵՐԳԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսի` երկար սպասված հայաստանյան մենահամերգը տեղի կունենա նոյեմբերին: «Արմենպրես»¬ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացրել է, որ համերգը կանցկացվի նոյեմբերի 13¬ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Լեպսը երկրորդ անգամ է Հայաստանում լինելու, բայց այս անգամ մեր հրավերով է գալու: Մի քանի ամիս բանակցություններ ենք վարել, որպեսզի իր գրաֆիկում հարմար օր գտնի համերգի համար»,¬նշել է Անի Սաղոյանը: Նա հավելել է, որ համերգի տոմսերի արժեքը կլինի 5-120 հազար դրամի սահմաններում. դրանք վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից։

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Ամուսնալուծության շեմին կանգնած աստղերի թվին են դասվել հայտնի դերասանուհի Հոլի Բերին եւ դերասան Օլիվյե Մարտինեսը, որոնք մի քանի շաբաթ առաջ էին նշել իրենց ամուսնության 2-ամյա հոբելյանը։ Նրանց մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ բաժանման պատճառը ամուսնու տաքարյուն բնավորությունն է. «Հոլին եւ Օլիվյեն հասկացել են, որ իրենց միջեւ ամեն ինչ վերջացած է։ Նրանց հարաբերություններում բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել, բայց այժմ ամեն ինչ վճռված է»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

 

ՍԿԱՆԴԱԼ` ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինայի հուղարկավորության արարողության ժամանակ մեծ սկանդալ է բարձրացել Լեոլա Բրաունի` Քրիստինայի հարազատ հորաքրոջ եւ Փեթ Հյուսթոնի` Քրիստինայի մորաքրոջ միջեւ։ Բոբի Քրիստինայի հարազատներին դուր չի եկել, որ Փեթը զբաղվել է հուղարկավորության արարողության կազմակերպմամբ: Իսկ Քրիստինայի հուղարկավորությունից հետո էլ Փեթ Հյուսթոնը երեկույթ է կազմակերպել իր տանը։ TMZ-ը հայտնել է, որ Հյուսթոնի դստեր հարազատներն աղջկա հրաժեշտի արարողության ժամանակ արված լուսանկարը 100 հազար դոլարով վաճառել են լրատվական գործակալություններից մեկին։
Նշենք, որ Հյուսթոններն ու Բրաուններն ամեն ինչում իրար են մեղադրում։ Բրաունները որպես ապացույց մատնանշում են այն փաստը, որ Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության ժամանակ էլ է նման դեպք պատահել։




Լրահոս