ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատը նշանակվել է օգոստոսի 12-ին: Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն դեռեւս չեն ավարտել Ավետիսյանների սպանության քրեական գործի թարգմանությունը, բայց դատավարության օրն արդեն իսկ նշանակվել է: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են՝ որքան հնարավոր է շուտ սկսել դատավարությունը: Այս շտապողականությունը թերեւս մեկ հանգամանքով կարող է պայմանավորված լինել՝ դատավարությունը մինչեւ Սուրբ Խաչի տոնը՝ սեպտեմբերի 14-ը, ավարտելու ձգտումով: Փաստ է, որ Հայաստանում հանգուցյալների հիշատակը հարգելու տեսանկյունից Սուրբ Խաչի տոնն ու դրան հաջորդող մեռելոցի օրը առանցքային նշանակություն ունեն: Կասկածից վեր է, որ Ավետիսյանների Սուրբ Խաչի արարողությանը գյումրեցիները եւ Հայաստանի ողջ բնակչությունը առանձնահատուկ նշանակություն է տալու: Ուստի բնական է, որ ՀՀ իշխանությունները պետք է ձգտեն, որ Պերմյակովի դատավարությունը մինչ այդ արդեն ավարտված լինի կամ առնվազն թեւակոխած լինի ավարտական փուլ, եւ այլեւս կասկածի տեղիք չլինի, որ նրա պատիժն առավելագույն է լինելու՝ ցմահ ազատազրկում: Ընդ որում, եթե Պերմյակովը դատարանում եւս ընդունի իր մեղքը եւ միջնորդի դատավարությունն արագացված ընթացակարգով անցկացնել, ապա հնարավոր կլինի մինչեւ Սուրբ Խաչի տոնը մեղադրական դատավճիռը եւս արձակել:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը կրկին մեկնել է «կարճատեւ» արձակուրդ եւ Հայաստան կվերադառնա օգոստոսի 13-ին: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության մասնակցելուց հետո կրկին մեկնել է Շվեյցարիա՝ իր ընդհատված արձակուրդն այնտեղ շարունակելու համար: Նշվում է նաեւ, որ Սարգսյանն ինչ-որ ժամանակահատված հնարավոր է անցկացնի իր սիրելի Մոնակոյում, ուր ավանդաբար այցելում է իր «կարճատեւ» արձակուրդների ժամանակ: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը փաստացի ոչ թե կարճատեւ, այլ լիարժեք արձակուրդ է անցկացնելու: Իսկ այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի նստավայրից խուսափում են ասել, որ նա երեքշաբաթյա արձակուրդ է մեկնում, թերեւս մեկ հանգամանքով է պայմանավորված. որպեսզի Հայաստանի բնակչության զայրույթը չշարժեն: Առանց այդ էլ մեր երկրում խնդիրներն օրեցօր ավելանում են:

 

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սկսել է քննել Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որն Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը՝ Արամ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է: Եւ, ահա, ՀՔԾ-ն քննում է իր ղեկավարի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը: Հայաստանում այն ղեկավարը, որը չի կարողանում իր ենթակային «տիրություն» անել, ենթակաների եւ գործընկերների շրջանում, մեղմ ասած, հեղինակություն չի վայելում: Հետաքրքիր է, թե այս համատեքստում ինչ ելք կունենա քրգործը: Նշենք, որ ՀՔԾ-ն օգոստոսի 4-ին տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ քրեական գործը հարուցվել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

 
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ծխախտոի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ինչպես հայտնի է, կրկին նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առեւտրի շրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա համեմատ, նվազել է մոտ 5 տոկոսով: Բացի այդ՝ մի շարք մթերքների եւ ապրանքների արտադրությունը եւս նվազել է, ինչը վկայում է սպառողի գնողունակության նվազելու մասին: Իսկ այն հանգամանքը, որ սպառողի գնողունակության անկման պայմաններում ծխախոտի արտադրությունը ավելացել է, ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ ներկրվող ծխախոտներն, ինչպես հայտնի է, տեղականից առնվազն 10-ից 20 տոկոս թանկ են: Այսինքն՝ գնողունակության անկման պայմաններում բնական է, որ սպառողը պետք է սկսի գնել տեղական՝ ավելի էժան սիգարետները: Այլ կերպ ասած՝ ծխախոտի արտադրության աճը տվյալ դեպքում այն ցուցանիշն է, որը ուրախանալու ոչ մի առիթ չի տալիս:

 

 

 

«ԲԱՑ ԵՐԿՆՔԻ» ՓԱԿՈՒՄԸ

ՀՀ Կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված ամենակարեւոր բարեփոխումների թվում միջազգային կառույցները նշում էին անցումը «բաց երկնքի» քաղաքականությանը, իսկ անմիջականորեն այդ փոփոխությունն իրագործած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ սա հեղափոխական քայլ է, որը հանգեցնելու է ավիացիոն ոլորտի զարգացմանն ու ավիածառայությունների գների էական նվազեցմանը: Անցած շուրջ 2 տարիների ընթացքում ավիացիոն ոլորտում տեսանելի առաջընթաց չարձանագրվեց, ավելին` Հայաստանի «բաց երկինքն» իր գրավչությունը կորցրեց մի շարք օտարերկրյա ավիաընկերությունների համար, որոնք դադարեցրին դեպի Հայաստան չվերթները: Իսկ այն ընկերություններն էլ, (ինչպես արաբական Etihady), որոնք գայթակղվեցին հայաստանյան նոր` «բաց» շուկայով եւ փորձեցին այստեղ գործունեություն իրականացնել, կարճ ժամանակ անց հուսախաբ եղան եւ հեռացան:
Մրցակցային անհասկանալի պայմաններին չդիմացավ անգամ հայկական միակ` «Էյր Արմենիա» ընկերությունը, որը գործունեությունը սկսելուց ընդամենը 1 տարի անց ստիպված եղավ դադարեցնել ուղեւորափոխադրումները: Եվ եթե այս ամենին գումարում ենք նաեւ այն, որ դեպի Մոսկվա ավիատոմսերի սկզբնական էժանացումից բացի՝ անցած 1,5 տարվա ընթացքում նկատելիորեն թանկացան գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները, պարզ է դառնում, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը շուտով կփակվի:
Ըստ ամենայնի, հենց այդ մտավախությամբ էլ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը (ով, ի դեպ, վերջին շրջանում սկսել է լրջորեն հետաքրքրվել ավիացիայի խնդիրներով` սկսած «Չեխական ավիաուղիների» եւ այլ օտարերկրյա ավիաընկերությունների գործունեությունը Հայաստանում վերականգնելու շուրջ տարվող բանակցություններից, ավարտած օրերս համապատասխան մարմիններին տրված հանձնարարականներով) Կառավարություն էր հրավիրել ավիացիայի ոլորտի դոնոր կազմակերպություններին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀԲ-ի, ԱՄՀ-ի եւ IDeA-ի հետ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հետագա համատեղ քայլերին:
Ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «միջազգային կառույցների ներկայացուցիչները բարձր են գնահատել զբոսաշրջության խթանման, ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը»: Թե կոնկրետ ինչն են նրանք բարձր գնահատել, հասկանալի չէ՝ օրեցօր պակասող չվերթներն ու թանկացող գները, թե ավիածառայությունների մատուցման հետզհետե ընկնող որակը:
Համենայնդեպս, անգամ պաշտոնական հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ վարչապետը բոլոր այդ միջազգային «բարեփոխիչներին» հրավիրել էր ասելու` սա էիք ուզում, արեցինք, դե, հիմա օգնեք՝ տակից դուրս գանք:




Լրահոս