ՀԱՐՑԸ ՓԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցը, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ին, համարում ենք փակված: Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ որոշվել է, որ Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը: Իսկ երգի ընտրությունը կկատարվի հեռուստադիտողների sms հաղորդագրությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ: Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում Գոռ Սուջյանը կկատարի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ին կմեկնի այն երգը, որը ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները: Հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից: Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գոռը չթաքցրեց իր ուրախությունը եւ պատմեց, թե ինչպես է ստացել առաջարկը. «Օրեր առաջ զանգահարեցին ինձ ու առաջարկեցին մասնակցել: Երեկ էլ հանդիպեցի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, պաշտոնապես ստացա առաջարկը: Անկեղծ, անակնկալի եկա, այս տարի ընդհանրապես հետաքրքրված չէի «Եվրատեսիլ»-ով: Մենք մեր խմբով զբաղված էինք նոր ալբոմի աշխատանքներով, ԱՄՆ մեկնելու ծրագրերով… Իհարկե, առաջարկը մերժել չէի կարող, մենք դեռ անցած տարի էինք ուզում գնալ, բայց դե հասկանում էինք, որ քաղաքական պահ է: Այս տարի մեծ պատվով ու պատասխանատվությամբ եմ ներկայացնելու մեր երկիրը: Ոչինչ չեմ խոստանում, բայց հավատացնում եմ, որ առավելագույնս կփորձեմ ապահովել երաժշտական որակը»:
Ի դեպ, Հանրայինի խորհրդից առաջարկը եղել է անձամբ Գոռին, բայց, ինչպես նշեց «Դորիանս» խմբի մենակատարը, ինքը ցանկանում է խմբի հետ մասնակցել մրցույթին:




Լրահոս