Ո՞ՒՄ ՕՐՈՔ ԵՆ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե “Հայաստանն իր հետխորհրդային շրջանի պատմության ընթացքում միշտ դժվարություններ է ունեցել ընտրություններ անցկացնելու ժամանակ, ու չեն քննադատվում միայն առաջին նախագահական ընտրությունները, եւ այդ ընտրություններից հետո յուրաքանչյուր հաջորդ ընտրություն, փաստորեն, քննադատության է ենթարկվել միջազգային եւ տեղական դիտորդների կողմից, հիմա Հայաստանին օդի նման անհրաժեշտ են մաքուր, ազատ եւ արդար ընտրություններ, ինչպե՞ս եք դա ապահովելուե, ասել էր. “Միգուցե Ձեր տեսակետից առաջին նախագահական ընտրությունները քննադատության չեն ենթարկվել, բայց ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան 2012 թվականի վերջին ընտրություններըե: Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցեց 1991-ի եւ այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչների հետ:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, ՀԱԿ անդամ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 
-Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն Ս. Սարգսյանը 1991-ի նախագահական ընտրությունները համարում է ավելի քննադատված: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս խոսքերը:
-Նախ նշեմ, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ուստի եւ ընդհանրապես չարժե մեկնաբանել այդ անհեթեթությունները:
-Ամեն դեպքում, փորձե՞լ եք վերլուծել՝ ինչու Ս. Սարգսյանը նման հայտարարություն արեց. ո՞րն էր նրա խոսքի հիմքը: 
-Նա պարզապես ինքնակայացման խնդիր ունի, ուզում է ցույց տալ, թե ինչ-որ գործ է արել: Կամ ուզում է ցույց տալ, թե այնպիսի գործ են անում, որ պատմության մեջ կմնա: Դա է պատճառը, որ 1991թ. նախագահական ընտրությունները համեմատում են 2012թ. ընտրությունների հետ: Բայց իշխանություններին պետք է հիասթափեցնեմ. միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի կողմից ավելի վատ, ավելի կոշտ գնահատական չի տրվել 1991-ին, իսկ 2012թ. ԱԺ ընտրությունները քննադատվեցին: Թող բացեն այդ զեկույցները, ուսումնասիրեն: Ուղղակի իրենք սովորել են մարդկանց հիշողության հետ խաղալ, փաստերը խեղաթյուրել, հատկապես 1990-ականների պատմության վերաբերյալ: Հիմա էլ շարունակում են նույն ոճով աշխատել: Այնպես որ, կրկնում եմ՝ այդ անհեթեթությունները չարժե մեկնաբանել ու վերջ:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ ՄԱՄԼՈ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ՀՀ առաջին նախագահի կողմնակիցները պնդում են, որ 2012թ. ընտրություններն ամենաքննադատվածն են եղել: Եվ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ 1991-ի ընտրությունների քննադատված լինելու մասին, չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, 2012թ. ընտրությունները կոշտ քննադատության են արժանացել ԵԽԽՎ-ի զեկույցներում: 
-Նախագահը նշեց, որ առաջին ընտրություններն էլ են պրոբլեմատիկ եղել, ու նշեց առաջին պառլամենտական ընտրությունները՝ 1995թ. կայացած, որի ժամանակ ես շատ ակտիվ ուսանող էի, ընդդիմադիր հայացքների տեր էի: Եվ, այո՛, համամիտ եմ երկրի նախագահի հետ, որ 1995թ. սկսած՝ մեզ մոտ եղել է որոշակի մտահոգություն, եւ հասարակության մոտ եղել է արդարության դեֆիցիտ: Իսկ ինչ վերաբերում է 2012 թվականին, ապա պրոֆեսիոնալ գնահատականը տալիս են դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, եւ բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերները, մեր ընտրությունները լավագույնը համարեցին: Էլ չասեմ, որ եղան եվրոպացի դիտորդներ, որոնք 2012-ի ընտրությունները համեմատեցին Կենտրոնական Եվրոպայի ընտրությունների հետ: Պարոն Բարոզոն շատ բարձր գնահատեց մեր ժողովրդավարությունը:
-Բայց ԵԽԽՎ-ի հայտարարությունից հետո անգամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը քայլեր էր ձեռնարկում, որպեսզի մեղմացնի նրանց դիրքորոշումը: Ինչո՞ւ եք անտեսում փաստերը:
-Եթե ընտրացուցակների հետ կապված հայտարարությունը նկատի ունեք, ապա ես կարող եմ ասել, որ դա ոչ պրոֆեսիոնալ զեկույց է, որովհետեւ ՀՀ ոստիկանությունը շատ թափանցիկ է աշխատում: Մարդը հրապարակային այդ ցուցակները գրել, իր կայքում դրել է… հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց ասաց, որ չի առաջադրվում, քանի որ տարիքը չի ներում, մենք ի՞նչ անենք… Ու նախագահն էլ այդ հարցազրույցի ժամանակ խոսել է պառլամենտական ընտրությունների մասին: Ես, անկեղծ ասաց, 91 թվականին չափահաս չեմ էլ եղել ու ընտրություններին չեմ էլ մասնակցել, ես կարող եմ կարծիք հայտնել այն ընտրությունների մասին, որին մասնակցել եմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս