Տղե՛րք, իմացե՛ք, հայրենիքը սկսվում է ձեր իսկ տանից. նամակ՝ զինվորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այսօր մեր բանակի օրն է: Ես բազմաթիվ ուսանողներ ունեմ, որ ծառայության մեջ են ու սահման են պահում։ Տղերք, ձեզանից որևէ մեկին այս պահին առանձնացնել չեմ ցանկանում։ Չէ, չէ, դուք տարբեր եք, շատ տարբեր։ Բայց այսօր դուք՝ բոլորդ, զինվոր եք։ Ախր դուք մեզ մոտ սովորելու եք գալիս 14-15 տարեկան երեխաներ։ Հիմա ամեն մեկդ մեր Երկրի պահապանն եք։ Ու եթե ես այսօր դեռ շարունակում եմ փորձել կրթել ձեր փոքր քույրերին ու եղբայրներին, եթե իմ սեփական երեք աղջիկները իրենց պաշտպանված են զգում, դրա համար մենք բոլորս ձեզ ենք պարտական։ Յուրաքանչյուրիդ յուրովի եմ ճանապարհել բանակ։ Բայց բոլորիդ խորհուրդս մեկն է եղել՝ “բանակը տղամարդու տեղ ա ու Ձեզ տղամարդավարի կպահեք”։  Չգիտեմ ծառայության ընթացքում հիշել եք խորհուրդս, թե‘ ոչ, բայց, երբ ձեզանից շատերը ծառայության մի քանի ամիսներից հետո գալիս են կարճատև արձակուրդ ու ժամանակ են գտնում զինվորական համազգեստով տեսության գալու, հպարտությանս սահման չի լինում։ Խորհրդային տարիներին մի չքնաղ երգ կար՝ “Ինչից է սկսվում Հայրենիքը”։ Տղերք, իմացեք, Հայրենիքը սկսվում է ձեր իսկ տանից, ձեր ծնողներից, հարազատներից ու ընկերներից, նաև անծանոթ հայրենակիցներից։ Մի առիթով ասել եմ՝ շատ երկրների դեպքում սահմանը անգամ գիծ չի։ Մեր հարևանի պարագայում՝ մեր Սահմանը ցավոք խրամատ է։ Ու հենց այդ խրամատից էլ սկսվում է Հայրենիքը, Տղերք։ Ու ով ինչ էլ ասի, ինչքան էլ նեղսրտելու առիթ ունենաք, հիշեք՝ այս Երկիրը ձերն է ու վաղը այս Երկրում ապրելու ու նրանով հպարտանալու համար Դուք այսօր եք ժամանակ, ուժ ու ջանք ներդնում։ Երբ “պոստերից” իջնում եք հանգստանալու, վստահ եղեք մի բանում՝ մի օր մեր Երկրում էլ է ամեն ինչ լավ լինելու ու էդ լավի ամենամեծ “մեղավորը” ամենալավ իմաստով, առաջին հերթին դուք եք՝ ձեր ընկերների հետ։
Դե իսկ նամակիս վերջում կրկին պիտի խնդրեմ՝ զգույշ եղեք ու “գլուխներդ ցից չանեք”։ Մենք այստեղ ձեզ անհամբեր ու կարոտով ենք սպասումե։
Պարույր Սանթրոսյանից՝ իր զինվոր ուսանողներին




Լրահոս