Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը ընդունել է ապօրինի զնեք-զինամթերք կրելու մասով առաջադրված մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս առաջ իր թիկնազորի հետ միասին Երևանի Մաշտոցի պողոտայից ոստիկանություն տարված հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչպես Armlur.am-ին փոխանցեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, Ա. Ղազարյանը հայտարարել է, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Այսպիսով, պաշտպանական կողմը միջնորդեց արագացված դատական կարգ կիրառել, ինչը դատարանը բավարարեց: Երեմ Սարգսյանը պարզաբանեց, որ արագացված կարգով դատական  քննության անցկացման դեպքում դատարանն իրավունք չունի սահմանված պատժաչափի երկու երրորդից ավելին սահմանել: Միևնույն ժամանակ մեղադրվող անձը հրաժարվում է գործով անցնող փաստերը վիճարկել կամ բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Բողոքարկում կարող է լինել միայն պատժի մասով:

Նկատենք, որ կալանավորվելու առաջին օրերին Արթուր Ղազարյանը հրաժարվում էր ցուցմունք տալ կամ որևէ դիրքորոում հայտնել, իսկ այսօր նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Արդյոք նա իրեն մեղավոր է ճանաչել, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է: Այդուհանդերձ, սրա մասով որևէ հայտարարություն դատարանում չի արվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Արթուր Ղազարյանը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից տարվել էր ոստիկանություն` ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: Խուզարկությամբ հայտնաբերվել էին «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ:

Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա):




Լրահոս