«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման և 200 մլն դրամի գույքի բռնագրավման:
Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը նշեց, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրող կողմը 14 տարվա ազատազրկում էր պահանջում Արթուր Անդրեասյանի համար:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Անդրեասյանը, բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու հետևանքով հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով, հափշտակել տարբեր քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ։