ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ՑՈՒԼ ՉԿԱ, ՈՐ ՄՈՐԹԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, որին եղեգնաձորցիները ճանաչում են որպես Հերսիկի Դավիթ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը եւս կդիմավորի ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ինչպես դա անում են բոլոր համայնքների ղեկավարները: Բայց քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ իրենք ոչ մեկին չեն սատարելու, ուստի քաղաքապետն էլ որեւէ մեկին չի սատարելու:
-Այսօր Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակելու է Ձեր համայնքում, Դուք չե՞ք դիմավորելու նրան:
-Որպես համայնքապետ՝ պետք է ես դիմավորեմ, իսկ մնացածի մասին արդեն ԲՀԿ նախագահն ասել է, որ մենք ոչ մեկին չենք սատարում, ճի՞շտ է: Իսկ հիմա մենք ընդամենը աշխատում ենք, որպեսզի արդար ընտրություններ լինեն, ուրիշ ոչ մի բան:
-Ի՞նչ եք անելու, որպեսզի «արդար ընտրություններ» լինեն:
-Աշխատում ենք, որպեսզի ընտրություններն արդար անցնեն, Դուք ո՞նց եք պատկերացնում արդար ընտրությունները, շատ պարզ բան է, ես ի՞նչ ասեմ: Իսկ մնացած հարցերով ես ոչ մի բան չեմ անելու:
-Չնայած ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն արդեն հայտարարել են, որ իրենք սատարելու են Սերժ Սարգսյանին: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր դիրքորոշումը, Ս. Սարգսյանին՝ որպես նախագահի, չե՞ք վստահում:
-Ս. Բալասանյանը հայտարարեց, բայց Դավիթ Հարությունյանը չի հայտարարում: Ինչի՞, իմ որոշումի՞ց է կախված Ս. Սարգսյանի ընտրությունը, ինչի՞, եթե ես չուզենամ, չի՞ լինելու: Շատ լավ նախագահ է: Եթե Սիսիանն ու Գյումրին նման որոշում են կայացրել, նշանակում է՝ բոլորը պետք է այդպե՞ս անեն: Ես բան չեմ կարող ասել, ես իմ ասելիքն արդեն ասել եմ, ուրիշ բան չունեմ ավելացնելու:
-Իսկ չե՞ք խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, գուցե նա՞ էլ է համաձայն, որ Դուք սատարեք Ս. Սարգսյանին :
-Ո՛չ, չեմ խոսել, որ համաձայներ, կիմանայի: Բայց ես էլ ինչ լսել եմ, ինչ ասել են, դա եմ անում: Ես գիտեմ, որ նա որոշել է, որ ԲՀԿ-ն ոչ մեկին չի սատարելու եւ վերջ:
-Բայց բոլոր համայնքապետերի վրա պարտավորություն է դրված, որ ՀՀԿ առաջնորդին դիմավորեն, քարոզարշավ անեն:
-Բոլոր համայնքի ղեկավարները պետք է շտաբի պետեր դառնան: Ու քանի որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, իսկ մեր կուսակցությունը չի սատարում ոչ մեկին, ես ո՛չ շտաբում ընդգրկված եմ եւ ո՛չ էլ պատասխանատու եմ: Իսկ մնացած հարցերը վերաբերվում է Հանրապետական կուսակցության անդամներին: Ես էլ ԲՀԿ-ի կողմից ունեմ հրահանգ, որ ոչ մի բանի չեմ խառնվում:
-Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ից նաեւ Ս. Սարգսյանին չդիմավորելու հրահանգ ստանաք:
-Որպես համայնքապետ՝ ես պարտավոր եմ յուրաքանչյուրին դիմավորել ու ճանապարհել, դա վերաբերվում է նախագահի բոլոր թեկնածուներին: Այլ բան լինել չի կարող:
-Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը Սերժ Սարգսյանի ոտքերի «տակ» ցուլ է մորթելու, Դուք ի՞նչ եք անելու:
-Ցո՞ւլ է մորթելու, մեզ մոտ ցուլ չկա, ցավդ տանեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս