ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱ՞Ծ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Երեւանի կենդանաբանական այգում երեք առյուծներ խեղդել էին հարեւան վանդակից մտած երեքամյա  առյուծին: Այգու աշխատակիցների եւ տնօրենի խոսքով՝ ամեն ինչ կատարվել էր շատ արագ, եւ ոչինչ անել հնարավոր չէր եղել: Արդյո՞ք այդպես է. այս հարցը պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է այգու աշխատակիցների եւ առյուծին վարժեցնողի հետ, որը մասնագիտությամբ դերձակ է:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին՝ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, Երեւանի կենդանաբանական այգում կոտրվել է առյուծների ճաղավանդակը, երեք տարեկան առյուծը կարողացել է անցնել հարեւան վանդակ, ինչի արդյունքում այնտեղ գտնվող 3 առյուծները խեղդել են նրան:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանի հետ, որը մեզ պատմեց դեպքի մանրամասները. «Նրանք սովորաբար ընտանիքներով են ապրում, եւ եթե մի ընտանիքից մեկը մոլորվի ու գնա մյուս ընտանիք, ապա իրենք անպայման «մոլորվածի» հարցերը լուծում են: Այդ օրը երիտասարդ, երեք տարեկան առյուծը վանդակի միջնապատի ձողին գլխով հենվել է, որից ձողը պոկվել է, իսկ գլուխն անցել է առյուծների մյուս ընտանիք, եւ նրանք էլ տեղում խեղդել են: Դե պատկերացրե՛ք, գլուխը մտել է վանդակի մեջ, ինքը ո՛չ հետ է կարողացել գնալ, ո՛չ առաջ: Խեղդել են ու այդ վիճակով քաշել իրենց տարածք: Վայրկյան է տեւել, իսկ պատճառն էլ ընդամենը տարածքն է եղել: Ես ականատես չեմ եղել, բայց մեր աշխատակիցներից մեկը, տեսնելով դա, անմիջապես հրազանգել է, եւ հավաքվել ենք, բայց չենք հասցրել փրկել կենդանուն… մեզ  ընդամենը հաջողվեց մյուսներին իրենց բները քշել»:
Նմանատիպ դեպքերի համար, ինչպես վստահեցնում է Յ. Խանզադյանը, այգին ունի առյուծներին հանդարտեցնելու համապատասխան սարքեր: Հարցին, թե ինչու դրանք այդ օրը չեն օգտագործվել, մասնագետը պատասխանեց. «Ունենք էլեկտրաշոկ, եթե առյուծներին մոտ լինենք, ապա դրանով կարող ենք հանգստացնել, կա նաեւ ջրատար մեքենա: Բայց եթե այդ սարքերն անմիջապես վանդակի կողքին էլ դրված լինեին, միեւնույն է, այդ պահին ոչինչ չէր օգնի»: Իսկ ինչո՞ւ գոնե օդ չեք կրակել, որպեսզի առյուծները խաղաղվեին: Այս հարցին ի պատասխան՝ վարժեցնողն ասաց. «Եթե օդ կրակեինք, բեղմնավորված կենդանիները կարող էին վիժել»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք վտանգված է այցելուների կյանքը, նա պատասխանեց. «Չէի ասի, փառք Աստծո… թու, թու, թու, մեզ մոտ նման դեպքեր չեն եղել»:
Գիտամեթոդական բաժնի վարիչ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով, եթե նման դեպքեր լինում են, ապա աշխատողներն անմիջապես միջամտում են, սակայն սա այն եզակի դեպքերից է, երբ համապատասխան աշխատողին չի հաջողվել ոչինչ անել, քանի որ վայրկյանների ընթացքում կենդանին սատկել է: Մեր հարցին, թե արդյոք կենդանիների հետ  համապատասխան մասնագետներ են աշխատում, նա նշեց, որ այգու աշխատակիցները վերջերս մեկնել են Վրաստան փորձի փոխանակման նպատակով. «Իսկ կոնկրետ խոշոր գիշատիչների մասով աշխատակիցը չի մասնակցել նման դասընթացների, միայն անցյալ տարի Ամստերդամի կենդանաբանական այգուց հրավիրված մասնագետներ էին եկել Հայաստան»: Տեղեկացնենք, որ խոշոր գիշատիչների հոգեբան-վարժեցնողը՝ Դավիթը (անունը փոխված է), մասնագիտությամբ դերձակ է: Գրեթե 20 տարի է, ինչ  կենդանաբանական այգում է աշխատում, բոլոր առյուծներին նա է մեծացրել եւ հիմա մեծ ցավ է ապրում սատկած առյուծի համար: «Կենդանիներին շատ եմ սիրում, բացի այդ, տարիների ընթացքում հասկացա, որ այս աշխատանքն իմն է: Չեմ մտածում վախի մասին, այլ փորձում եմ միշտ զգույշ լինել: Պահպանում եմ անվտանգության կանոնները»,-մեզ հետ զրույցում ներկայացրեց Դավիթը՝ ափսոսանքով նկատելով, որ 10 առյուծները դարձան 9:
Իսկ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս օրերին կենդանաբանական այգու մասին տարածված լուրերը «ստահոդ են»: «Առաջին անգամը չէ, որ նմանատիպ, այսպես ասենք` սեւ փիառ է անցկացվում տնօրենի դեմ: Թե ինչու է այդպես, ես կարող եմ միայն խոսել թվերի տեսքով: Այստեղ սեփական բիզնեսների միջոցով գումար աշխատող նախկին աշխատողները, որոնք սովոր էին իրենց ամբողջ կյանքը դրա միջոցով ընտանիք պահել, հիմա կտրված այդ ամեն ինչից` ստիպված քայլեր են անում»,-նշեց տնօրենը:
Նրա խոսքով՝ բոլոր վանդակները, կառույցները 90 տոկոսով ոչ պիտանի են կենդանիների պահպանության եւ անվտանգության համար: «Կենդանիների անկումների պատճառները հետեւյալն են. առաջինը` վանդակների ոչ պիտանելիությունը, երկրորդը` աշխատողների համար անհարմարավետ աշխատանքային պայմանները եւ այն, ինչն անկանխատեսելի է, այսինքն` այն, ինչ եղավ օրեր առաջ»,-նշեց Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ`  առյուծների կոտրված ճաղավանդակը ստեղծվել է 3,5 տարի առաջ. «Ցավոք սրտի, կառույցը չի համապատասխանում ստանդարտներին եւ ապահովված չէ այնպիսի նախագծով, որը  կարող էր թույլատրել երկու առյուծներին այնտեղ միասին ապրել: Շատ խնդիրներ կան: Մեղքը, իհարկե, ընդունվում է, որ կարող էր միգուցե արվել ամեն ինչ, որ դա չլիներ: Սակայն աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում էլ լինում են տարեկան երկու-երեք նմանատիպ դեպքեր, որոնց  ժամանակ մարդիկ են մահանում»:
Այսպիսով՝ 2012-ին Երեւանի կենդանաբանական այգում սատկել է 36 թռչուն, 7 գիշատիչ կենդանի, 6 սմբակավոր, 7 սողուն, 2 ձուկ, ընդամենը` 58 կենդանի: Հավելենք, որ այգին ՀՀ պետբյուջեից ստանում է 200 մլն դրամ, որը բավականացնում է միայն կենդանիների սննդի եւ մի փոքր մասով` նաեւ աշխատավարձերի համար: Այգու մյուս ծախսերը լրացվում են ներքին առեւտրի եւ տոմսերի միջոցով:   
Այգու այցելուներից մեկը՝ Կարեն Գրիգորյանը, մեզ հետ զրույցում վրդովված նկատեց. «4-5 ժամ տեւում է առյուծների կռիվը, իրենք պարտադիր համապատասխան միջոցներ պետք է ունենան, որպեսզի դրանցով հանդարտեցնեն առյուծներին կամ քնեցնեն: Նույնիսկ նրանք կարող էին օդ կրակել: Այսինքն՝ եթե հարձակված լիներ մարդու վրա, ապա աշխատողները կթողնեին, որ ուտեի՞ն այդ մարդուն: Եթե չկա դրա դեմ պայքարելու միջոց, ապա իրենք իրավունք չունեն կենդանիներ պահել, այն էլ՝ խոշոր գիշատիչ: Ամեն դեպքում, ինչպես հասկանում եմ, մեր կենդանաբանական այգու այցելուները վտանգված են»:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանակին Երեւանի կենդանաբանական այգուն նվիրել էր առյուծ եւ վագր: ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ սատկած առյուծը Ծառուկյանի նվիրածը չի եղել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս