ԼԱՊՏԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում (դատավոր՝ Զոյա Զաքինյան) ընթանում էր Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Հայկ Ներսիսյանի եւ Երեւանի բնակիչ, 1989թ. ծնված Վլադիմիր Խաչատրյանի դատավարությունը: Ավագ լեյտենանտ Հայկ Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրված, որ նա, լինելով պաշտպանական զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները եւ իրեն պատկանող լապտերը վերադարձնելու համար փոխադարձ կռվի մեջ մտել այդ մարտական դիրքում որպես դիրքի ավագի օգնական հերթապահության նշանակված լեյտենանտ Վլադիմիր Խաչատրյանի հետ, հայհոյել է նրան, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Իսկ լեյտենանտ Վլադիմիր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրված, որ նա, լինելով ականանետային մարտկոցի դասակի հրամանատար, լապտերը վերադարձնելու կապակցությամբ կռվի բռնվելով Հայկ Նազարյանի հետ, հայհոյել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ երբ Հայկ Ներսիսյանը դուրս է եկել գետնատնակից, Խաչատրյանն իր մոտ գտնվող ծալովի դանակով 2 անգամ հարվածել է Հ. Ներսիսյանի կրծքավանդակի ձախ կողմնային պատի եւ ձախ բազկի շրջանում՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Վ. Խաչատրյանը կալանավորված էր, Հ. Ներսիսյանից ստորագրություն էր վերցվել չհեռանալու վերաբերյալ: Սույն գործով Հայկ Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով (պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով), իսկ Վ. Խաչատրյանին` 359-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ չորրորդ կետերով (պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով): Կայացավ արագացված դատաքննություն: Հունվարի 22-ին դատարանը Հայկ Ներսիսյանին դատապարտեց մեկ ամսվա կալանքի, իսկ Վլադիմիր Խաչատրյանին՝ մեկուկես տարվա ազատազրկման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս