«ՈՒՆԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՉՈՒՆԵՆՔ ԲԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում (սկիզբը՝ նախորդ համարում) ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ ներկայացրեց հայ թատրոնի խնդիրները:
-Մենք շարունակում ենք Սունդուկյանի բեմում դիտել ներկայացումներ, որոնք եղել են շատ տարիներ առաջ. փաստորեն, նոր շնչով արված գործերը մենք չե՞նք հասկանում:
-Այսօր շատ թատրոններ, ոչ միայն Սունդուկյանը, գործում են սովետական շրջանի խնդիրներով: Ներկայացում կա, որ անվանումը կարդում եմ, ուղղակի ապշում եմ, լրիվ կոմունիստական բան է, դա ո՞ւմ է այսօր հետաքրքիր: Թատրոնում ցենզուրա չկա, բայց նույնիսկ այդ դեպքում մենք չենք բարձրաձայնում մեր չորսբոլորը կատարվող խնդիրները: Հենց դա է պատճառը, որ երիտասարդությունը թատրոն շատ չի հաճախում:
-Բայց կոմերցիոն ներկայացումների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են, ինչո՞վ եք դա բացատրում:
-Դրանք լուրջ պրոդյուսերներ ունեն, որոնք հետազոտություններ են անցկացնում ու պարզում՝ այսօր ինչն է հուզում երիտասարդներին, ինչով կարելի է թատրոն կանչել մարդկանց: Իմանալով, թե ինչ պահանջարկ կա, մարդիկ գործում են: Ես չեմ համարում, որ նրանք լուրջ արվեստով են զբաղվում: Ես չգիտեմ Հայաստանում որեւէ թատրոն, որ պրոդյուսեր ունենա, մշակած ծրագիր ունենա, թե ինչը ինչպես ու ինչի համար պիտի անել: Ինքնահոսի թողած թատրոնները դոփում են իրենց տեղում:
Թատրոններ կան, որոնց գեղարվեստական ղեկավարներն արդեն 70 տարի է՝ այդ նույն թատրոնում են, եթե իրենք ասելու բան ունեին, առաջին 5-7 տարին ասել են ու սպառվել: Չեմ կարծում, որ կա այնպիսի հանճարեղ ռեժիսոր, որ տարին 2 կամ 3 ներկայացում կարող է անել, դա ծիծաղելի է:
Աշխարհում թատրոնները ղեկավարում են մարդիկ, որոնք հստակ ծրագիր ունեն, նպատակ, ուղղվածություն, ճաշակ… Թատրոնի ղեկավարը պետք է մշակած ունենա առաջիկա 3 տարվա ծրագիրը, բայց եթե հիմա դուք զանգեք ցանկացած թատրոնի ղեկավարի ու խնդրեք ներկայացնել մոտակա 2 տարվա ծրագիրը, իրենք ձեզ ծիծաղելի պատասխաններ կտան:
Գրեթե բոլոր թատրոններում 3-4 դերասան, ռեժիսորի հետ մտերմություն անելով, դերեր են ստանում, համեմատե՛ք, կտեսնեք: Այսօր մեզ մոտ գրեթե բոլոր բնագավառներում քաոս է, բայց ես ափսոսում եմ թատրոնի համար, որովհետեւ այն լուրջ խնդիր ունի, ուշադրություն պետք է գրավել: Այսօր այդ համատարած ֆասթ ֆուդը` ֆիլմերը, սերիալները, երգարվեստը, պարարվեստը, միջին խավին արագ ինչ-որ բան մատուցելու խնդիր են լուծում:
-Ձեզ՝ որպես ռեժիսորի, ի՞նչ է պակասում լավ ներկայացում ստեղծելու համար:
-Ինձ պակասում է նախ տարածք, որտեղ հնարավորություն կտան բեմադրելու: Ես 2-3 տարի է՝ դիմում եմ թատրոնին, ինձ չեն ասում՝ կտրամադրեն տարածք, թե ոչ: Թատրոնները չեն ուզում երիտասարդներին առաջ թողնել: Թատրոնները գործում են արդեն վաղուց հնացած ոճով` գրեթե ոչինչ չանելով:
Ցավալին այն է, որ ոչ մի տեղ չենք գնում, դոփում ենք տեղում: Թատրոններն էլ դարձել են սերիալներին սպասարկող դերասանների հավաքատեղի: Դերասաններն այսօր թատրոնին թելադրում են իրենց աշխատագրաֆիկը: Իրենք այսօր նկարահանում ունեն, թատրոնն էլ պետք է իր ծրագիրն այնպես դասավորի, որ իրենց չխանգարի: Կան դերասաններ, որ թքած ունեն թատրոնի վրա ու վազում են սերիալ` փոքր գումարներ վաստակելու:
-Բայց դերասանները լրիվ հակառակն են պնդում՝ նշելով, որ թատրոնն իրենց տունն է, իրենց ակունքը, ու որ սերիալն են հարմարեցնում թատրոնին:
-Ես իմ փորձով եմ ասում: Երբ ուզում եմ՝ ներկայացման փորձ անենք, մինչեւ հավաքում եմ ամբողջ խումբը, դառնում է ուշ գիշեր: Այդ էլ այն դեպքում, երբ նրանք, այդքան սիրելով այդ ներկայացումը, հավատալով ինձ, պատրաստ են եղել աշխատել նկարահանումներից հետո: Մեր փորձերը տեղի են ունեցել գիշերը 23:00-ից հետո, երբ ավարտված են եղել իրենց նկարահանումները: Նրանց էլ մեղադրելու չէ, որովհետեւ փող են աշխատում: Այսօր թատրոնն իրենց առաջարկում է 40-50 հազար դրամ, որը միայն իրենց տեղափոխվելու գումարն է: Թող լինեն փոքր կազմով թատրոններ, բայց լավ վարձատրվող: Լուրջ ռեֆորմ պետք է անել թատրոնում:
Ես ապշում էի, որ թատրոնում, որտեղ մենք փորձ էինք անում, երեկոյան փորձ հասկացողությունն ընդհանրապես չկա: Ուրախությամբ էի նայում, որ «Գոյ» թատրոնի էրեխեքը երեկոյան աշխատում էին, դա շատ ողջունելի էր, իսկ մայր թատրոնը` պետության կողմից ֆինանսավորվող, մեռնում է ցերեկը 15:00-ից հետո: Արվեստում, աշխարհում ամենալուրջ գործերը ստեղծվում են երեկոյան փորձերի ժամանակ:
-Դրսում աշխատելու առաջարկներ չունե՞ք:
-Բախտ ունեմ, բեմադրում եմ Ռումինիայում: Մի քանի ներկայացում արդեն արել եմ, այս տարի էլ ունեմ հրավերներ, պետք է «Օթելլո» բեմադրեմ: Լուրջ գայթակղություն է այլ երկրում աշխատելը, բայց ես ուզում եմ իմ երկրի դրոշը բարձրացնել: Ռումինիայում բեմադրած իմ ներկայացումներով Եվրոպայում ուր ասես չեմ եղել, բայց Ռումինիայի դրոշի ներքո: Հայաստանից հեռանալ չեմ պատրաստվում, ունեմ համախոհներ, որոնք ինձ հետ հավասար աշխատում են: Մենք նոր ներկայացում ենք ստեղծել, բայց չգիտենք՝ որտեղ խաղալ, միգուցե փողոցում խաղանք, երբ եղանակները տաքանան, կամ մեկի բնակարանում: Անկեղծ եմ ասում, ունենք ներկայացում, չունենք բեմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս