ՕԳԱՆԵԶՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ որոշվել է 2013թ. Գյումրին ճանաչել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքներից մեկը: 2013-ին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաեւ Ադրբեջանի Գաբալա եւ Բելառուսի Մագիլյով քաղաքները: Նման մեծ միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար արդեն իսկ Գյումրիում սկսվել են նախապատրաստական աշխատանքներ: Մոտ 50-ից ավելի տարբեր միջոցառումների շարքը կսկսվի մայիսի վերջից ու կշարունակվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Այս առիթով Հայաստանում է դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան եւ հաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎԸ: “Ժողովուրդը” զրուցել է արմատներով հայ արտիստի հետ:
-Բարի գալուստ, պարոն Օգանեզով, ինչպե՞ս եք:
-Քիչ առաջ եմ ժամանել, ջերմ ընդունելության արժանացրին, ինչպես որ հարկն է:  Այս անգամ իմ ժամանման գլխավոր առաքելությունը այս նախագիծն է, կփորձենք անել ամեն ինչ, որ հնարավորինս օգնենք: Մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, ինձ համար շատ կարեւոր է այս նախագիծը: 
-Ի՞նչ գիտեք հայկական իրականության մասին:
-Ես օպտիմիստ եմ, միշտ, ամեն իրավիճակում հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի պետք է զինվել համբերությամբ, լավատեսությամբ ու հուսալ միայն դրական բաներ: 
-Հետաքրքրվո՞ւմ եք հայերով, չէ՞ որ Դուք էլ կիսով չափ հայ եք:
-Ես ինձ լիարժեք հայ եմ համարում, իմ ազգի խնդիրներն ու կյանքն ինձ հետաքրքրում են: Հայ ընկերներ, ծանոթներ ունեմ, նրանց հետ շփվում եմ, “Ֆեյսբուք”-ով նորություններ կարդում: Իրադարձություններից լավատեղյակ եմ: Ինքս մասնակցում եմ այստեղ ընթացող համարյա թե բոլոր հասարակական նախաձեռնություններին, միջոցառումներին, համերգներին… 
-Երբեւէ ցանկություն չի՞ առաջացել թեկուզ մի քանի ամիս ապրել Հայաստանում, տեսնել՝ ինչպես են այստեղ ապրում մարդիկ:
-Չեմ կարող այս պահին ինձ թույլ տալ հանգստանալ, խումբ ունեմ, աշխատում եմ հեռուստատեսությունում: Հաճախ նույնիսկ 3-4 օր չեմ ունենում հանգստի համար: Ես գործող երաժիշտ եմ, աշխատանքս շատ է, շատ նկարահանումներ եմ ունենում: Այլ հարց է, եթե Հայաստանում ինչ-որ երաժշտական նախագիծ լինի, ինձ հրավիրեն, անպայման կգամ, կմասնակցեմ: Բայց ես շատ լավ հասկանում եմ, որ շատ հարցեր կապված են տնտեսական  խնդիրների հետ: Ինքս կարող եմ ապահովել միայն ստեղծագործական մասը:
-Ի՞նչը կարող է Ձեզ համար մուսա լինել:
-Ամեն դեպքում, ինչ-որ շարժ պետք է լինի, որ նոր բան ծնվի: Արարելու համար պետք է լինես կա՛մ հանճար, կա՛մ խելագար, կա՛մ էլ, ինչպես ես եմ ինձ համարում, արվեստի զինվոր: Կարող եմ հորինել ամեն ինչ՝ հիմնից մինչեւ օպերա: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս