Ես երբեք որեւէ մեկի հետ սոցիալական ցանցում ո՛չ կապ եմ փնտրել, ո՛չ կապի եմ դուրս եկել. Էդուարդ Շարմազանովը` ինտիմ սկանդալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ ՀՀԿ-ում այս օրերին ակտիվ քննարկվում է որոշ պատգամավորների «մասնակցությամբ» ի հայտ եկած ինտիմ տեսանյութերի հարցը:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հ. Սահակայնին «արգելել» են ֆեյսբուքում ակտիվ լինել, եւ վերջինս ստիպված է եղել «ջնջել» իր էջը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս իր ֆեյսբուքյան անձնական էջը «ջնջել» է, այժմ գործում է միայն նրա պաշտոնական էջը:

ՀՀԿ-ական պատգամավորներին վերաբերող «ինտիմ տեսանյութերի» այս պատմության հետ կապված երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:

-Պարո՛ն Շարմազանով, տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է ՀՀԿ-ականների հետ կապված ինտիմ տեսանյութերի սկանդալային պատմությունը, որի շրջանակներում նշվում է նաեւ Ձեր անունը: Ի վերջո, ի՞նչ տեսանյութի մասին է խոսքը, ու ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի հետ, որը մեղադրվում է այդ տեսանյութերը տարածելու եւ դրանց միջոցով գումար շորթելու մեջ:

-Նախ առաջինը՝ ես արձակուրդում եմ եղել, բնականաբար, արձակուրդից վերադառնալուց հետո եմ տեղեկացել, ծանոթացել որոշակի հրապարակումների, որոնցում առնչություն կա նաեւ իմ անվան հետ: Հիմա ես հստակ, պարզ հանրամատչելի հայերենով բոլորի համար հայտարարում եմ. առաջինը՝ ես անձամբ երբեք որեւէ սոցիալական կայքում, որևէ սոցիալական ցանցում, դա լինի ֆեյսբուք, օդնոկլասսնիկ, թվիթեր, սկայպ, վոթսապ, վայբեր, առանց խտրականության, որեւէ սոցիալական ցանցում ո՛չ իրական, ո՛չ էլ կեղծ էջ չեմ ունեցել ու, ըստ այդմ էլ, որեւէ մեկի հետ որեւէ կապ չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ ես անձնապես որեւէ մեկի հետ ո՛չ վիրտուալ, ո՛չ էլ տեսակապ ու ո՛չ էլ նամակագրական կապ չեմ ունեցել: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ կապված Տիգրան Առաքելյանի հետ, ապա ես որեւէ առնչություն նրա հետ չեմ ունեցել, նրան ո՛չ կյանքում տեսել եմ ու ո՛չ էլ տեղյակ եմ: Տիգրան Առաքելյան կամ, չգիտեմ, Պողոս Պողոսյան, որեւէ մեկն ինձ շանտաժ չի արել, ու ես էլ այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ:

-Եթե Դուք որեւէ կերպ չեք առնչվել Տիգրան Առաքելյանի հետ ու ինչպես պնդում եք՝ որեւէ սոցիալական ցանցի միջոցով որեւէ մեկի հետ կապ չեք հաստատել, ապա ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է շահարկվում Ձեր անունը, ինչո՞ւ որեւէ կերպ պաշտոնապես չի հերքվում Ձեր մասնակցությունն այդ գործում:

-Նշեմ, որ խնդիրը իրավապահ տիրույթում է, ու կոռեկտ չէ, քանի դեռ խնդիրը իրավապահ հսկողության տակ է, քննության փուլում է, որեւէ հայտարարությամբ հանդես գալ ու ենթադրություններ անելը սխալ է: Իմ պարտականությունների մեջ չի մտնում անդրադառնալ իրավապահ համակարգի խնդիրներին ու խոսել ինչ-որ գործի մասին: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է իմ անունը շրջանառվում, ապա ասեմ, որ առաջին անգամ չէ, որ իմ անունը տարբեր հարցերի հետ կապված շրջանառվել է՝ 10 տարվա ընթացքում տարբեր բաներ են հայտարարում: Եթե հիշում եք՝ ասում էին՝ Ալավերդիի ընտրությունների ժամանակ 1 տոկոս ձայն եմ հավաքել, եթե հիշում եք, ասում էին՝ իմ քավոր Վազգեն Խաչիկյանին ուրացել եմ, եթե հիշում եք, ասում էին, որ բիզնեսներ ու միլիոններ ունեմ, ման եկան, ոչ մի բան չգտան, որեւէ հրապարակված տեղեկություն այդ ամենի մասին իրական չի եղել: Իրական չէ նաեւ այս տեղեկությունը: Կրկնում եմ՝ խնդիրն իրավական տիրույթում է, ու իրավական համակարգը թող պարզի: Ես անձամբ որեւէ սոցիալական ցանցում չկամ, չեմ էլ եղել, ես անձնապես որեւէ մեկի հետ կապի մեջ չեմ եղել ու որեւէ մեկի չեմ էլ ճանաչում: Հետեւաբար, Ձեր կողմից հնչեցրած անձն էլ ինձ շանտաժի չի ենթարկել, մնացածը թե ինչպես է եղել, ոնց է եղել, չեմ կարող ասել:

-Բացի Ձեր անունից՝ նշվում է նաեւ երկու ՀՀԿ-ական պատգամավորի անուն՝ Հովհաննես Սահակյան եւ Արտակ Դավթյան, արդյո՞ք այս ժամանակահատվածում զրուցել եք նրանց հետ, արդյո՞ք նրանք եւս պնդում են, որ իրենց մասնակցությամբ որեւէ ինտիմ տեսանյութ չի «հայտնվել» Տիգրան Առաքելյանի «ձեռքում»:

-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի, խնդրում եմ՝ ուշադիր ֆիկսեք իմ ասածը՝ ես անձնապես երբեք որեւէ սոցիալական կայքում ո՛չ եղել եմ, ո՛չ կամ, որպեսզի փակեմ կամ բացեմ: Անձամբ ես՝ Էդուարդ Շարմազանովս, որեւէ մեկի հետ ո՛չ կապ եմ փնտրել, ո՛չ կապի եմ դուրս եկել ու ո՛չ էլ որեւէ մեկի հետ կապ եմ ունեցել: Մնացածը, եթե ինչ-որ բան կա, թող իրավապահ մարմինները իրենք իրականացնեն, դատավարության ժամանակ իրենք էլ որոշեն, թե ում նկատմամբ է շանտաժ արվել, ինչ նյութերով է շանտաժ արվել, ես կյանքումս Տիգրան Առաքելյանին չեմ տեսել, կամ ինչ-որ մեկը ինձ Տիգրան Առաքելյանի անունից ինչ-որ մի բան չի ասել:

-Ձեր գործընկեր Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջը «ջնջել» է…

-Խնդրում եմ՝ Հովհաննես Սահակյանին վերաբերող հարցերն իրեն ուղղեք, կոռեկտ չէ, որ ես ինչ-որ մի բան խոսեմ նրա անունից, ես արդեն ասացի՝ խնդիրը իրավական տիրույթում է, իսկ իրավական համակարգը հայտարարություն չի ներկայացրել, ես ինչ իրավունք ունեմ ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ: Ես կարծում եմ՝ շատ հստակ պատասխանեցի այն հարցերին, որոնք ինձ են վերաբերում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս