Որքանով է համապատասխանում խորհրդարանական կառավարման այդ նորամուծությունը մեր պետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես ՀՀ իշխանությունները հրապարակեցին նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը, ինչով ապացուցվեց, որ նույնիսկ իրենց իսկ հրապարակած «Հայեցակարգը» հիմնաքարային փաստաթուղթ չդարձավ: Ըստ էության, նոր Սահմանադրությամբ իշխանության ներսում հակակշիռների մեխանիզմը ամբողջովին ոչնչացված է, ինչը նահանջ է թե՛ գործող Սահմանադրության, թե՛ համաշխարհային պառլամենտարիզմի դիրքերից: Այս պարագան ցցուն դրսեւորված է 4-րդ գլխում, որը սահմանում է Ազգային ժողովի էությունը՝ սկսած պատգամավորների քանակի արձանագրումից: Հատկապես այս դրույթը բավականաչափ քննադատության արժանացավ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի բարդություններ կարող է առաջացնել այս նորմը, եւ արդյո՞ք Եվրոպայի պառլամենտական կառավարման համակարգ ունեցող ազդեցիկ պետություններում նման տարօրինակ լուծում գոյություն ունի:

Ըստ էության, իշխանությունների հղացած նոր Սահմանադրությունը երկրում արտաքնապես հաստատելու է խորհրդարանական կարգեր: Հարկ է, սակայն, նկատել, որ պետական կառավարման ասպարեզում գործնականում մեծանում է ոչ այնքան խորհրդարանի դերակատարությունը, որքան բացառապես մեկ խմբակցության եւ վերջինիս ներկայացուցիչ ԱԺ խոսնակինը։ Ինչեւէ, ելակետ վերցնելով հենց իշխանությունների պնդումները խորհրդարանական կարգերի անցնելու մասին՝ կենտրոնանանք Եվրոպայի ամենաժողովրդավար եւ բարեկեցիկ կյանքով ապրող երկրների փորձառության վրա: Վերջապես, չէ՞ որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Հայաստանը պատկանում է եվրոպական արժեմահակագին, թեեւ դա նրա համար խոչընդոտ չհանդիսացավ 2013թ. սեպտեմբերի 3-ին, իր իսկ պնդմամբ, «մի գիշերվա ընթացքում» ԵՏՄ-ին անդամակցելու որոշման կայացման համար: Իշխանությունների «եվրոպամետ» ընկալումները լավագույնս կարելի է բնորոշել Վանո Սիրադեղյանի՝ մեկ այլ առիթով անչափ դիպուկ արված մեկնաբանությամբ՝ «Մի բուռ Եվրոպա՝ Ասիայի 4-րդ հարկում»:

Հրապարակված նախագծի 88-րդ հոդվածը սահմանում է Ազգային Ժողովի կարգավիճակը. «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը»: Ըստ էության, այստեղ նորություն չկա, եւ ԱԺ-ի դերի փոփոխություն առաջնային հոդվածով նախատեսված չէ: Խորհրդարանական կառավարման հարցում արտառոցը 89-րդ հոդվածն է: Այն սահմանում է. «Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Նախ անդրադառնալով ազգային փոքրամասնություններին հատկացվող տեղերի հարցին՝ հարկ է արձանագրել, որ նպատակադրված կերպով այդպիսի տեղերի երաշխավորումը մեծ մասամբ բաժին է ընկնում նոր կամ հակա-ժողովրդավարական երկրներին, որոնց շարքում հիշատակելի են Խորվաթիան (հունգարների, իտալացիների, չեխերի, գերմանացիների եւ այլ ազգերի համար), Սինգապուրը (մալայացիների, հնդիկների համար), Սլովենիան (հունգարների եւ իտալացիների համար), Պակիստանը (ոչ-մահմեդականների համար) եւ այլն: Ուշագրավ է, որ Լեհաստանում եւս գործում է նման կանոն՝ վերաբերելով գերմանական համայնքին, որպեսզի այն մշտական ձայն ունենա երկրի խորհրդարանում: Հայաստանում էթնիկական պատկերը, սակայն, ամենեւին էլ բազմազան չէ, ուստի, ասենք, երկպալատ խորհրդարանի պարագայում էր միայն կարելի նման առանձնաշնորհ անել փոքրաքանակ ազգային փոքրամասնություններին: Ի վերջո, ամեն ընտրությունից առաջ ազգային գրեթե բոլոր փոքրամասնությունների «առաջնորդները» հայտարարություն են տարածում իշխանության թեկնածուին սատարելու մասին: Ուստի այսպիսի «բարեփոխմամբ» իշխանությունը ցանկանում է խորհրդարանում էլ ավելի մեծացնել իր «կայուն» մեծամասնությունը: Ի դեպ, Հայաստանում կարծես գոյություն չունեն ազգային փոքրամասնությունների կուսակցություններ եւ նման փոփոխությամբ կա՛մ կստեղծվեն հերթական արհեստական կառույցները, կա՛մ էլ ԱԺ-ում մի քանի տեղ կրկին մեծամասնական ընտրակարգով պիտի լրացվի:

Մեկ այլ նորամուծություն է ԱԺ-ի պատգամավորների քանակը սահմանադրորեն չամրագրելը: Փորձ է արվում կրկնօրինակել Գերմանիայում ծագած եւ մի քանի այլ երկրներում տարածված խառը ընտրական համակարգը, որը հանդես է գալիս իբրեւ մեծամասնականի ու համամասնականի հիբրիդ: Այս պարագայում ընտրողն առանձին քվեարկում է կուսակցական ցուցակի եւ դրանում ընդգրկված անհատ թեկնածուի օգտին համամասնությամբ՝ ըստ ավելի բարձր ձայներ ստացածների ձեւավորելով խորհրդարանը: Գերմանիայում, օրինակ, խորհրդարանի տեղերը սահմանված են նվազագույնը 598, իսկ ներկայումս գործող պատգամավորների թիվը 631 է: Բելգիայի խորհրդարանը երկպալատանի է, որտեղ Ներկայացուցիչների պալատը սահմանադրորեն բաղկացած է 150 պատգամավորից, իսկ Սենատը՝ 60 սենատորներից:

Դանիայում արդեն գործ ունենք միապալատ պառլամենտի հետ՝ բաղկացած 179 անդամներից: Իտալիան էլ ունի երկպալատ խորհրդարան՝ ընդհանուր առմամբ հաստատագրված 945 պատգամավորներով: Ավստրիայում երկպալատ պառլամենտի Ազգային խորհուրդը ունի ֆիքսված 183 անդամ, իսկ Դաշնային խորհրդի կազմը կարող է տատանվել, թեեւ ներկայումս կազմում է 62 հոգի: Վերջապես, աշխարհում առաջին բուրժուական հեղափոխության հայրենիքը համարվող Նիդերլանդներում եւս գոյութուն ունի երկաստիճան խորհրդարան, որտեղ Սենատը բաղկացած է 75, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ 150 պատգամավորներից։

Արդ, կարելի է փաստել, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում կառավարման իրեն համապատասխան համակարգ եւ դրանով պայմանավորված՝ ֆունկցիոնալ մեխանիզմներ: Այդ ամենը պետք է լինի խստագույնս համապատասխան տվյալ պետության քաղաքական եւ մշակութային ավանդույթներին, հակառակ պարագայում «բարեփոխում» կոչվածը կարող է պատուհաս դառնալ ազգի ու պետության համար:

Իսկ թե որքանով է համապատասխանում խորհրդարանական կառավարման այդ նորամուծությունը մեր պետությանը, կխոսենք հաջորդիվ:

Ն. Հովսեփյան




Լրահոս