Ընկերությունները հացահատիկ չեն մթերում, իսկ գյուղնախարարն անտարբեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գրեթե բոլոր մարզերի բնակիչները, ովքեր հացահատիկի, գարու մշակությամբ են զբաղվում, այս օրերին հայտնվել են դժվարին կացության մեջ: Բանն այն է, որ մինչեւ ցորեն, գարի մթերելը, վերամշակող ընկերությունները գյուղացիներին խոստացել էին կիլոգրամի դիմաց 180 դրամ, իսկ հիմա այն 100 դրամով են մթերում կամ էլ հրաժարվում են մթերել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները, ովքեր հացահատիկի՝ գարու եւ ցորենի մշակությամբ են զբաղվում, տեղեկացրեցին, որ այս օրերին ոչ մի ընկերություն իրենցից ցորեն ու գարի չի մթերում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ր ընկերություններն են այսօր գյուղացուց ցորեն, գարի մթերում եւ որքանո՞վ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԳՆ-ից հայտնեցին հետեւյալը. «Այսօրվա դրությամբ ցորենի մթերումներ են իրականացնում համեմատաբար խոշոր հետեւյալ ընկերությունները՝ «Ալեքս Գրիգ», «Մանչո գրուպ», «Թալ Գրիգ», «Մանանա Գրեյն», «ԱՏ Գրեյն», «Դենիկ եւ Նառա» ՍՊԸ-ները, իսկ մթերման 1 կգ գինը 110 -130 դրամ է: Բացի այդ՝ ցորենի մթերումներ են իրականացնում նաեւ համեմատաբար փոքր այլ ընկերություններ: Այսօրվա դրությամբ գարու մթերումներ են իրականացնում «Մանչո գրուպ», «Դենիկ եւ Նառա», «Արնդանե» ՍՊԸ-ները: Մթերման 1 կգ գինը 90-110 դրամ է»:

Մինչ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ հացահատիկի, գարու մթերումն ընթանում է իր բնականոն հունով, այս ընթացքում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի բնակիչները չեն դադարում դժգոհել մթերման գործընթացից:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Սոս Բարսեղյանն արդեն մի քանի տարի է, ինչ հացահատիկի մշակությամբ է զբաղվում: Նրա պատմելով՝ այս օրերին ով կարողանում է՝ վաճառում է իր ունեցած հացահատիկը, որոշներն էլ ստիպված պահեստավորում են, որ նորմալ գնով կարողանան վաճառել: «Բացի այդ՝ մեր ցորենի արտերը վնասվեցին, բայց գյուղատնտեսության նախարարությունից ոչ ոք չեկավ ու ոչնչով չօգնեց»,- վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

Սա դեռ բավարար չէ, հիմա էլ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ոչ մի ընկերություն բնակիչներից հիմա հացահատիկ չի մթերում: Նրանք պատճառաբանում են, որ մեր ցորենն անորակ է: Ցորենի, գարու մթերում գոյություն չունի, ամեն ինչ անտերության է մատնված: Ես ցորենի արտում եմ հիմա ու հսկայական ծախսեր եմ արել, բայց արի ու տես, որ մի դրամ օգուտ չունեմ: Հակառակը՝ անդադար վնասներ եմ կրում: Ու իմ նման շատերը, բոլորը»:

Զրույցի ընթացքում Բասեղյանը հիշեց, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում 1 կգ ցորենը վաճառել են 140-150 դրամ, իսկ այս տարի 100 դրամով են վաճառում, այն էլ միջնորդ-գնորդներին, ոչ թե ընկերություններին: «Իսկ գարին նախորդ տարի 120 դրամով էինք վաճառում, հիմա 80-100 դրամ: 100 դրամին էլ նույնիսկ համաձայն չեն»,- ներկայացրեց Սոս Բարսեղյանը:

Ենթադրվում է, որ ընկերությունները բնակիչներից ցորեն, գարի չեն մթերում, այլ Ռուսաստանի Դաշնությունից են ներմուծում, քանի որ վերջին տարբերակն ավելի եկամտաբեր է:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց որոշ ընկերությունների հետ (այս ցանկը գյուղնախարարությունն էր տվել) եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ գյուղացուց ցորեն չեն մթերում: «ԱՏ Գրեյն» ընկերության աշխատակիցը, ով ներկայացավ Արմեն, «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց ընկերությունն այս տարի բնակիչներից ցորեն չի մթերել եւ չի մթերելու: «Որակը ցածր է: Դրսից ենք ներմուծում, կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունից: Այդքան եկամտաբեր չէ ներմուծելը, բայց ինչ արած, տեղական ցորենի որակը շատ ցածր է: Նախորդ տարի նույնպես չենք մթերել. նման փորձ արեցինք, բայց երբ ուղարկեցինք լաբորատոր հետազոտության, պարզվեց, որ այն անորակ է»,- պատմեց «ԱՏ Գրեյն»-ի աշխատակիցը:

«Արնդանե» ընկերությունը նույնպես գյուղացուց ցորեն, գարի չի մթերում: «Քանի որ ես փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ ունեմ եւ բնակիչներից մթերում չեմ անում: Ցորեն, գարի ձեռք եմ բերում տեղական շուկայից, հիմնականում «Մանչո գրուպ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ այլն»,- ներկայացրեց ընկերության տնօրեն Կարեն Մելքումյանը:

Իսկ, ահա, «Բաղրամյանի ալրաղաց»-ի աշխատակիցը տեղեկացրեց, որ զտված ցորենի 1 կգ մթերում են 130 դրամով, իսկ չզտվածը՝ (հանրությանը հայտնի բունկերային) 110 դրամ:

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր Կառավարությունը գյուղացուն թողել է իր խնդիրների հետ միայնակ: Ահա փաստը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեզ տրամադրել է մթերող ընկերությունների ցանկ, սակայն ընկերությունները հրաժարվում են ընդհանրապես մթերել, ուր մնաց նախարարության մատնանշած գնով մթերեն:

Իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը բերքատվությունը բարձրացնելու համար դաշտերն օրհնելու կրկեսային ներկայացումներից ու «Առաջին լրատվական»-ին հարցազրույցներ տալուց զատ՝ իրականում ոչնչով չի աջակցում գյուղացուն. Հայաստանի գյուղերում ապրողներն անուշադրության են մատնված, դրա համար է օր օրի դատարկվում են գյուղերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս