Բոլորն էլ շան տղա դուրս եկան. Դավիթ Մշեցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ գրող Դավիթ Մշեցու խոսքով` եթե նախկինում ընթերցողը գրող էր ման գալիս, ապա հիմա գրողն է ընթերցող փնտրում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է արդի գրականության խնդիրներին, խոսել է նաեւ քաղաքացիական շարժումներում իր ակտիվության մասին:

-Դավի՛թ, մեր օրերի գրող լինելը հե՞շտ է, թե՞ դժվար:

-Շատ դժվար է կոնկրետ այս ժամանակի մեջ լինելը: Անկախ ամեն ինչից` եթե տասնամյակներ առաջ մեկը տեսներ Սահյանին, գոնե հարգանքի նշան ցույց կտար, բայց այսօր եթե Չարենցն էլ գա, կարժանանա ծաղրի, անլուրջ վերաբերմունքի, հատկապես երիտասարդ սերնդի կողմից. համաշխարհային միտումն է այդպիսին: Բայց մեր մտավորականությունն էլ դրանում իր մեղքն ունի: Խորին հարգանք տածելով ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` պետք է ասեմ, որ բոլորն էլ՝ որպես մտավորական, շան տղա դուրս եկան: Նրանց միջից ժողովրդի առաջնորդ դուրս չեկավ: 90-ականներից հետո մեր ժողովուրդը մնաց անտեր, իսկ եթե թերթենք պատմության էջերը, կտեսնենք, որ շատ քաղաքական, սոցիալական շարժումներ մշակութային գործիչներ են առաջնորդել:

Մեկ այլ խնդիր էլ կա. եթե նախկինում Շիրազի «Հուշարձան մայրիկիս»-ն ընթերցելու համար հերթեր էին գոյանում, գրողների գործերը լույս էին տեսնում մեծ տպաքանակով, այսօր գրողը վարկով պետք է 500 օրինակ տպի, ասի` խնդրում եմ, կկարդա՞ք: Եթե նախկինում ընթերցողը գրող էր ման գալիս, հիմա գրողն է ընթերցող փնտրում:

-Սա գրողի՞, ընթերցողի՞, թե՞ նրանց կապի խաթարման խնդիրն է:

-Սա թե՛ գրողի, թե՛ ընթերցողի խնդիրն է: Ինքս համաշխարհային գրականություն եմ դասավանդում, մի շարք գործերի մոլի սիրահար եմ, բայց նկատենք, որ երբ համաշխարհային գրականությունը սկսեց թարգմանել հայերեն, հատկապես արգելված գրականությունը, մեզ մեր գրական արմատից կտրեցին, ու նաեւ կրթության որակն ընկավ: Ասում ես` Թումանյանի այսինչ գործը սիրում եմ, ասում են` դու Թոմաս Դիլան կարդա, մարդը վերցնում, կարդում է, ասում է` չհասկացա, ուրեմն` լավն է: Պատկերացրեք` մենք մեր գրականության պատմության մեջ շարել ենք 17 հարկ, հանկարծ արհեստականորեն բերում 25-րդ հարկն են շարում, կտրում են արմատից: Նաեւ փչացնում են լեզուն, մի գրքի մեջ 100 բառի շրջանակներից դուրս չեն գալիս, օգտագործածն էլ գռեհկաբանություն է, օտար բառեր: Այնինչ՝ ընթերցողը պետք է ասի` սա քո Թոմասը, սա էլ` իմ Թումանյանը, տեսնենք` որն է լավը, կամ երկուսի ցավն էլ տանեմ, բայց դու ինչո՞ւ ես մեկի հաշվին պարտադրում, որ ես Վարուժանին, Սիամանթոյին, Քուչակին ու մյուսներին մոռանամ: Այսօր արդեն մշակույթի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների առջեւ տաղանդի ու հանճարի խնդիրը չէ դրված, այլ տեխնիկայի: Դու պետք է գրես մի նախադասություն, որ բացարձակ իմաստ չունենա, եւ արդեն հանճար ես:

-Ոմանք Ձեր բանաստեղծություններն ընթերցելիս նկատում են Չարենցի ազդեցությունը. այն երբեմն շատ չէ՞:

-Գուցե, բայց ես իմ գործերի մեջ ավելի շատ Մարոն, Լոտրե Ամոն, Ռիլկե, Թրակլ, Լը Սաժ, Դը Լակլո, Հովնաթան, Վարուժան, Բոդլեր, Ռեմբո ու հազարավոր այլոց կտեսնեմ, իսկ Չարենց, այո՛, միանշանակ, քանզի պտուղը ծառից հեռու չի ընկնում… Այսօր Չարենցի մեջ տեսնում են Տերյան, Տերյանի մեջ` Վեռլեն, բայց նրանցից յուրաքանչյուրի բանաստեղծություններում մեծ գաղափարախոսություն կա: Առհասարակ, ընթերցողները գտնում են նմանություն այն գրողի հետ, որին իրենք ծանոթ են:

-Ակտիվ մասնակցություն ունենալով քաղաքացիական շարժումներին՝ ի՞նչ եք կարծում՝ երիտասարդ սերունդը տեր կանգնո՞ւմ է իր իրավունքներին, գուցե նրանց միջի՞ց ծնվեն այն առաջնորդները, որոնց մասին խոսում էիք:

-Որ ասում են մարդու իրավունքներ, ես ջղայնանում եմ: Ամբողջ աշխարհի տունը հենց այդ իրավունքներն են քանդում: Ի՞նչ իրավունք: Մարդ ոչ թե իրավունք, այլ պարտք պետք է ունենա: Նժդեհն ասել է` ես իմ ողջ գիտակցական կյանքում ատել եմ քաղաքացուն, որովհետեւ նա խոսում է իրավունքից, ու պաշտել եմ զինվորին, քանի որ նա խոսում է պարտքից: Մեր ազգն ասում է` ես իրավունք ունեմ չբռնաբարվելու Սաշիկի կողմից, ու գնում, ջիգյարով բռնաբարվում է: Վերջին երեք տասնամյակում միշտ այդպես է եղել: Այնինչ՝ պետք է ասել` ես պարտավոր եմ չբռնաբարվել, չթալանվել: Երիտասարդները բոլորն էլ իմ ընկերներն են, բայց մենք, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարում 7 դրամի խնդիր չպետք է լուծենք. այսօր մեր հոգեւոր հայրենիքն են սպանում, մենք պետք է պայքարի ելնենք, որ սա չկորչի: Զինվորի պես սա պետք է համարենք մեր պարտքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս