ԱՆԱՐԴՅՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, գործող իշխանություններն արդեն հինգ տարի շարունակ խոսում են մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտության մասին եւ նույնքան ժամանակ էլ` ամեն ինչ անում այն վերջնականապես վերացնելու ուղղությամբ: Անցած հինգ տարիներին ընդունված բազմաթիվ օրենքներ թեեւ արտաքուստ միտված են եղել ՓՄՁ զարգացմանը, սակայն իրականում հատկապես փոքր ձեռնարկատիրության համար անլուծելի խոչընդոտներ են ստեղծել: Ճիշտ է, ՀՀ արտաքին պարտքը շեշտակիորեն մեծացրած վարկային միջոցների մի մասը, կառավարության հավաստմամբ,  տրամադրվել է ՓՄՁ  հետճգնաժամային վիճակից դուրս գալու  ծրագրերի իրականացմանը, այդուհանդերձ, որեւէ տեսանելի արդյունք այդպես էլ չի գրանցվել:  Իսկ հատկացված միջոցները բավականին շոշափելի են եղել: Ըստ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի՝ կառավարության խողովակներով վերջին տարիներին փոքր եւ միջին բիզնեսը ստացել է 97.8 միլիարդ դրամի աջակցություն: Այդ թվում` ռուսական եւ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներից: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ միջոցների գերակշիռ մասը  տրամադրվել է յուրայինների բիզնեսի զարգացմանը:  Ընդ որում, մեծավ մասամբ կառավարությունից աջակցություն ստացած փոքր եւ միջին ձեռնարկությունների տերերը նաեւ մեծ ու խոշոր բազմաթիվ ձեռնարկությունների տեր են: Իսկ եթե կառավարության աջակցությունն իրապես   անաչառ է եղել` հասանելի հավասարապես բոլոր ՓՄՁ-ների համար, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու որեւէ արդյունք չկա: Եվ ինչու Էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը, ՓՄՁ աջակցությանը տրամադրված  ֆինանսական միջոցներից բացի, չի ներկայացնում, թե այդ աջակցության շնորհիվ քանի ձեռնարկություն է  պահպանվել կամ ընդլայնվել, դրա արդյունքում քանի նոր աշխատատեղ է բացվել, եւ որքան հարկեր են մուծվել պետբյուջե: Ինքնին հասկանալի է, որ հատկապես նախընտրական այս փուլում կառավարությունն առիթը բաց չէր թողնի տարփողելու համար նման տվյալները, ու եթե այդ մասին ոչինչ չի ասվում` նշանակում է ասելու բան չկա: Տ.Դավթյանը երեկ ընդամենը խոստացել է, որ  2013թ. կառավարությունը կշարունակի աջակցել փոքր եւ միջին բիզնեսին. այդ նպատակով  պետական բյուջեից 150 միլիոն դրամ կհատկացվի ՓՄՁ զարգացման  ազգային  կենտրոնի պահպանմանը, 778 միլիոն դրամ կուտակվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության հիմնադրամում, 6 միլիարդ էլ ունիվերսալ վարկային կազմակերպության հիմնադրամում է: Նշենք, որ երեք տարի առաջ նմանատիպ աջակցության ծրագիր իրականացվեց նաեւ փոքր գյուղացիական տնտեսությունների համար, երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունը դեմքով շրջվում է դեպի գյուղը: Արդյունքում այսօր գյուղացիների զգալի մասը կքել է բանկերից վերցրած գյուղացիական վարկերի տակ` չունենալով դրանք մարելու  միջոցներ: Բայց դա չի խանգարի կառավարությանը՝  ասելու, որ իրենց կողմից զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսության զարգացման համար:




Լրահոս