ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ` ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀԿ-ում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի օգտին ոչ մի դրամ ընտրակաշառք չբաժանել, քանի որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է, այնուամենայնիվ, երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում մի որոշում է կայացրել, որն իր բնույթով հիշեցնում է ընտրակաշառք, այն էլ ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Նախընտրական քարոզարշավի թոհուբոհում Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է հաստատել  Հայաստանի հողօգտագործողներին 2013թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:  Դրա շրջանակներում նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ եւ մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա: Ըստ կառավարության որոշման՝ դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շեշտել է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է:
Բոլորին էլ հասկանալի է, թե ինչու է կառավարությունը նման որոշում կայացնում հենց նախընտրական շրջանում: Ավելին, բոլորին է հասկանալի, թե կառավարության այս որոշումն ինչպես կօգտագործվի ընտրողներին գոնե տեղամաս տանելու համար: Դատելով նախորդ փորձից, իշխանիկները նման նախաձեռնություններն օգտագործում են որպես մահակ` գյուղացիներին իրենց ծառայեցնելու համար:
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, իշխանությունները նման որոշումներ են կայացնում նախընտրական շրջանում. նման նախաձեռնություններով նրանք ակտիվորեն հանդես եկան 2012թ. մայիսին կայացած ընտրությունների ժամանակ, նույնն անում են նաեւ հիմա: Ամեն անգամ կառավարության որոշումից հետո ՀՀԿ-ականները միաբերան պնդում են, թե սա ամենեւին էլ ընտրակաշառք չէ, այլ բնականոն գործունեության հետեւանք: Այլապես, նրանց մեկնաբանմամբ, այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում իշխանությունները նախընտրական շրջանում չպետք է որեւէ քայլ անեն:

… չուխա չունի,
հանդ է գնում ոտաբաց

Մինչ այդ, իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է ընտրություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Այն, որ Տ.Սարգսյանի գլխավորած կառավարությունը ժամանակավոր է, հայտնի է ամենքին: Այդ մասին հայտարարել էր նաեւ Սերժ Սարգսյանը` դեռ նախորդ տարվա հունիսի 18-ին: «Սահմանադրության պահանջով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք պետք է կրկին անդրադառնանք կառավարություն ձեւավորելու հարցին: Ճիշտ այդ ժամանակ է, որ վիճակագրական ծառայությունը կամփոփի նախորդ տարվա, այսինքն՝ 2012թ. տնտեսական իրավիճակը, եւ մենք կունենանք կառավարության գործունեության արդյունքները նաեւ նրա գործունեության 5 տարիների համար: Այդ ժամանակ էլ հնարավորություն կունենանք կրկին գնահատելու իրականացվող ծրագրերը եւ կատարված աշխատանքի որակը: Կարծում եմ` իմ դրած խնդիրները պարզ են բոլորի համար»,-ասել էր նա: Եվ ահա նախագահական ընտրություններից հետո էլ սպասվում է նոր կառավարություն: Հիմա որքան էլ ԱՎԾ-ն 7՝ տոկոսանոց տնտեսական աճ նկարի, ակնհայտ է` սոցիալ-տնտեսական վիճակը հեռու է բարվոք լինելուց: Ասել է թե՝ Ս.Սարգսյանը հեշտությամբ կարող է փոփոխություններ անել կառավարությունում: Պատահական չէ, որ ՀՀԿ-ականներն իրենց հարցազրույցներում բարձրաձայնում են նախագահական ընտրություններից հետո կադրային փոփոխությունների հավանականությունը: Բացի այդ, նախօրեին իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները միաբերան տարածել էին Քաջարանում Սերժ Սարգսյանի հանդիպմանը տարեցներից մեկի հարցը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին: «Ինչի՞ ես պահում Տիգրան Սարգսյանին, նա մեր թշնամին է: 2008-ին, երբ Դուք նորից էստեղ էիք, խոստացաք, որ թոշակները կրկնակի են դառնալու, բայց դա չարվեց: Վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, լավ չի աշխատում, ոչ մի բան չի անում մեր համար: Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք Ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա՝ ոչ մի անգամ»,-հարցրել էր ծերունին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս