ՓԵՍԱ՞Ն Է ՄՈՒԾԵԼ ԱՆԴՐԻԱՍԻ ԳՐԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում ասաց, թե իր ընտանիքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանար վճարել նախագահական ընտրությունների համար պահանջվող 8 միլիոն դրամ գրավը:
-Պարո՛ն Ղուկասյան, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ո՞վ է Ձեզ նման խորհուրդ տվել: 
-Մաշտոցի պուրակի գործողություններից հետո ապամոնտաժողների շրջանակում մեծ դիսկուսիա էր առաջացել, թե ինչ ռազմավարություն պետք է ունենալ դրանից հետո: Որովհետեւ ձեւավորվել էր մարդկանց պոտենցիալ մի խումբ, որն անհրաժեշտ էր համարում ունենալ նախագահի քաղաքացիական թեկնածու: Եվ այստեղ ինչ-որ ջրբաժան եղավ, ոմանք համարեցին, թե պետք է մնալ քաղաքացիական խնդիրների շրջանակում, պաշտպանել հանրային շահերը այս կամ այն իրադրության մեջ: Կար նաեւ մի խումբ, որը համարում էր, թե անհրաժեշտ է նաեւ քաղաքական խնդիրը վերցնել օրակարգ, իսկ քաղաքական համակարգում դա համարվում էր շինծու ընտրությունները, որի համար էլ պետք էր հայտ ներկայացնել: Այս ամենի հետեւանքով առաջացավ գաղափար` քաղաքացիական շրջանակում անցկացնել հարցում, թե ով կարող է քաղաքացիական թեկնածուն դառնալ: Ցավոք սրտի, այդ գաղափարը լայն աջակցություն չստացավ, չկարողացանք դա իրականացնել, Ստեփան Դանիելյանն էր այս ամենի նախաձեռնողը: Այնուհետեւ ինքն ինձ հորդորեց, որ ես առաջադրվեմ, եւ ես արեցի համապատասխան վերլուծություններ, գնահատեցի ռեսուրսները, փորձեցի հասկանալ առաջադրանքը: Եկա այն եզրակացության, որ կարող եմ այդ առաջադրանքը կատարել, ու արդեն սկսվեցին բոլոր գործողությունները:
-Իսկ Ձեզ որտեղի՞ց այդքան ֆինանսական միջոցներ, որ կարողացաք վճարել 8 միլիոն դրամ ընտրագրավը:
-Մեր ընտանիքը խոշոր ռադիոցանցի սեփականատեր է, դա հայտնի տվյալ է, ու բոլորն են տեղյակ դրա մասին: “Ռադիո հայ”, “Հայ FM”  ռադիոկայանները մեզ են պատկանում: “Ռադիո հայ” ընկերությունը մոտ երկու տասնյակ ռադիոկայաններ ունի ամբողջ Հայաստանի տարածքում  եւ Ղարաբաղում: Բնականաբար, եկամուտը հայտնի է ու բավական է նման գումար ունենալու համար: Դրա վերաբերյալ ես տվել եմ հայտարարագիր, որն արդեն հրապարակված է:
-Բոլորը քաջատեղյակ են, որ մեր երկրում ռադիոհեռուստատեսային ողջ դաշտը պետական հսկողության տակ է գտնվում, եւ,  ինչպես արդեն բոլորին հայտնի է, այսօր Հայաստանում մեդիամագնատ է համարվում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում գործել այդ դաշտում:
-Ռադիոն հիմնադրվել է 1994 թվականին, իսկ Միքայել Մինասյանը շատ հեռու էր քաղաքական գործունեությունից եւ մեդիա դաշտում որեւէ գործից: ,Ռադիո հայե ծրագիրը միշտ էլ ստեղծել է համահայկական դաշտ:
Տեղեկություններ կան, որ Մ. Մինասյանի հսկողությունը Ձեր ռադիոկայանների վրա եւս առկա է, իսկ Ձեր եւ նրա միջեւ կապերը բավական սերտ են:
-Նման բան չկա իրականում, երբեք նույնիսկ ծանոթ չեմ եղել նրա հետ, չեմ էլ հանդիպել:
-Այնուամենայնիվ, խոսակցություններ են պտտվում, որ հենց Մ. Մինասյանն է մուծել Ձեր ընտրագրավը:
-Դա այդպես չէ, եւ Դուք իրականության հետ կապ չունեցող տեղեկություն եք ասում: Բնականաբար, ես այդ գումարը վճարել եմ ինքնուրույն, դա մեր ընտանիքի փողն է: Ես մոտ օրերս կհրապարակեմ ,Ռադիո հայե-ի բանկային հաշվեհամարային գործարքները, որտեղ երեւում է, թե ոնց եմ հաշվիցս գումար հանում` գրավին համաչափ:
-Այս ցուրտ եղանակին Դուք հացադուլ եք հայտարարել, ու այս օրերի ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվել Ձեր թանկարժեք կոշիկները, որտեղի՞ց եք գնել դրանք:
-Կինս է ձեռք բերել, չգիտեմ՝ որտեղից, իմ ամբողջ հագուստն ինքն է պատրաստել: Սովորական կոշիկներ են, որոնք այս իրավիճակում անհրաժեշտ են, ինչ-որ գերթանկ իրեր չեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս