Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, սակայն ՀՀ իշխանություններն առանձնապես չեն շտապում այդ փաստաթղթի քարոզչությունն իրականացնել: Լրատվական դաշտն ամբողջությամբ ողողված է նոր Սահմանադրության նախագծի քննադատություններով, ըստ այդմ, նաեւ իշխանություններին հասցեագրված զանազան մեղադրանքներով: Իշխանությունների ներկայացուցիչները նույնիսկ լրագրողների հարցերին ի պաշտպան առանձնապես չեն ջանում գովել նոր Սահմանադրության նախագիծը: Այնպիսի տպավորություն է, որ նրանց համար միեւնույն է՝ կհաջողվի այդ փաստաթուղթը «սղացնել» եւ դրան իրավական ուժ տալ, թե գործընթացը կտապալվի:
Այն, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Սերժ Սարգսյանը նախաձեռնել է՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար, վաղուց հաստատված փաստ է, եւ նույնիսկ իշխանությունները չեն հերքում այդ պնդումը:Նոր Սահմանադրության նախագիծը «անցկացնելու» դեպքում Սերժ Սարգսյանը փաստացի ստանում է մի իրավիճակ, որի ամենամեծ արդյունքը լինում է այն, որ նա «խաղից դուրս է բերում» բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ընթացքում անողոք պայքար կծավալեն Սահմանադրական փոփոխությունների դեմ: Մասնավորապես, այս ճանապարհով Սերժ Սարգսյանը լիարժեք կկազմալուծի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա կուսակցությանը` հերթական անգամ նրանց մատնելով պարտության:
Սերժ Սարգսյանը կիրառության մեջ դնելով նոր Սահմանադրությունը՝ «կչեզոքացնի» նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս չնայած Սերժ Սարգսյանի ընկերն է, սակայն մյուս կողմից էլ իշխանության տնօրինման հարցում նրանք մեկմեկու հիմնական մրցակիցներ են: Նոր Սահմանադրության նախագծի կիրառության դեպքում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հավակնի վերադառնալ իշխանության, պետք է սեփական կուսակցությունը ստեղծի:
Այս տարվա փետրվարի հայտնի իրադարձություններից հետո, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանն ամբողջությամբ «վնասազերծեց» ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը փաստացի մնացել է առանց կուսակցական աջակցության: Նոր Սահմանադրությունը կիրառության մեջ դնելով՝ Սերժ Սարգսյանը կարող է Հայաստանը ղեկավարել առանց որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու` լինելով ՀՀԿ նախագահ, եթե, իհարկե, իշխանություններին հաջողվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց ցանկալի արդյունքներն արձանագրել:
Թվում է, թե նոր Սահմանադրության նախագծի տապալվելու դեպքում Սերժ Սարգսյանի պլանները պետք է ձախողվեն: Սակայն ընդամենն առաջին հայացքից է այդպես: Իրականում սահմանադրական հանրաքվեն տապալելու դեպքում Սերժ Սարգսյանը իշխանությունը չի կորցնում: Առնվազն միամտություն է կարծել, թե հանրաքվեի տապալման հիմքով Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել: Հանրաքվեի տապալմամբ իշխանափոխությունը ենթադրում է հեղափոխություն: Իսկ թե որքանով է հնարավոր, որ Հայաստանում այսօր կամ վաղը հեղափոխություն տեղի ունենա, կարծում ենք՝ բոլորին է հասկանալի: Հանրաքվեի տապալման արդյունքում նոր Սահմանադրության նախագծին դեմ ակտիվ պայքար ծավալած քաղաքական ուժերն ամեն դեպքում կչեզոքանան, քանի որ, երբ պարզվի, որ Սերժ Սարգսյանը, միեւնույն է, առնվազն մեկուկես տարի կշարունակի մնալ իշխանության, եւ դրանից նրան զրկելու համար անհրաժեշտ կլինի թույլ չտալ, որ նա 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ձեւավորի: Այլ կերպ ասած՝ ստացվելու է, որ հանրաքվեի տապալման համար ծավալված բուռն պայքարն «անիմաստ» է եղել:
Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Ռոբերտ Քոչարյանի հաշվարկներով, եթե կիսանախագահական համակարգը պահպանվի, ապա Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու իրեն խնդրել, որպեսզի դառնա իր իրավահաջորդը: Սակայն Սարգսյանի մերձավորները համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանն իզուր է հույսեր տածում, քանի որ ՀՀԿ-ն եւ նրա նախագահը չեն պատրաստվում իշխանությունը կիսել: Հանրաքվեն տապալելու դեպքում եւս Սերժ Սարգսյանի համար նշանակետը լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելը: Եթե նրան հաջողվի այդ խնդիրը լուծել, ապա 2018-ին նա ինչ-որ աննշան մեկին կդարձնի նախագահ, իսկ ինքը, ունենալով խորհրդարանական մեծամասնությունը, կստանձնի վարչապետի պաշտոնը եւ կլինի իշխանության իրական կրողը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի այն խոստումը, որ ինքը չի պատրաստվում ստանձնել վարչապետի պաշտոնը, վերաբերում է Հայաստանի խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագային: Այսինքն՝ հանրաքվեի տապալվելու դեպքում Սերժ Սարգսյանի «խոստումը» օրակարգից դուրս է գալիս:
Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակում իշխանությունները ոչինչ չեն կորցնում, քանի որ նրանց կարեւորագույն խնդիրն իրականում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են: Եթե որեւէ մեկը ցանկանում է Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին հեռացնել իշխանությունից, ապա պարտավոր է խոստովանել այս փաստը եւ այսօրվանից սկսած պատրաստվել 2017 թվականի ընտրություններին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ