«Օրանժ Արմենիա» բջջային կապի օպերատորը սնանկացավ ՀՀ ֆինանսների նախարարությա՞ն աշխատակիցների ձեռքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակության լայն շրջանակներում չեն դադարում խոսակցությունները, թե ինչու «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը չկարողացավ շահութաբերություն ապահովել եւ աշխատեց վնասով, ինչի արդյունքում էլ իր բաժնեմասերը վաճառեց «Յուքոմ» ՍՊԸ-ին: Թերեւս այս ամենի հետեւանքը վատ կառավարումն էր, իսկ ինչո՞ւ էր վատ կառավարվում, ո՞վ կամ ովքե՞ր էին օպերատոր ընկերության խորհրդատուները:

Տրամաբանական խորհուրդնե՞ր

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ իրականացնող «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ-ն, որ սպասարկում է մի շարք հայտնի ընկերությունների, մասնավորապես «ԱՐԱՅ» կենցաղային տեխնիկայի խանութների ցանցին, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ին, «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությանը, նաեւ ֆրանսիական «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին է խորհուրդներ տվել:

Տեղեկացանք, որ այս ընկերության գլխավոր իրավաբան Արթուր Արմենակյանը, մինչ իրավաբան նշանակվելը, զարմանալի զուգադիպությամբ երկար՝ 2 տարի աշխատել է հարկային տեսչությունում: Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները՝ պարզեցինք, որ Արթուր Արմենակյանը 2006 թվականինց մինչեւ 2008 թվականը, աշխատելով Սպանդարյանի 1 հարկային տեսչության իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ, միեւնույն ժամանակ այլ ընկերությունների իրավաբանական բաժիններում մասնագետ է աշխատել: Մինչեռ հարկային ծառայողի մասին ՀՀ օրենքն արգելում է պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ այլ շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելը:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ը նախ փորձեց Արթուր Արմենակյանից պարզել, որ լինելով «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊ ընկերության գլխավոր իրավաբանը՝ ի՞նչ խորհուրդներ է տվել «Օրանժ Արմենիա» բջջային կապի օպերատորի տնօրինությանը, եւ, առհասարակ, միգուցե իրենց ընկերության վատ խորհրդատվության արդյո՞ւնքն է, որ «Օրանժը» վնասով աշխատեց ու, ի վերջո, վաճառեց իր բաժնեմասերը: Սակայն Արթուր Արմենակյանը չցանկացավ մեկնաբանել «Օրանժ Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակը. «Ես տեղյակ չեմ եւ կխնդրեի՝ Դուք ընկերությունից այդ պարզաբանումը ստանաք»:
Հարցին, թե Դուք ընկերության գլխավոր իրավաբանն եք, մի՞թե տեղյակ չեք, թե ինչո՞ւ ընկերությունը վաճառեց իր բաժնեմասերը, Արմենակյանը վստահեցրեց, թե բացարձակ տեղյակ չէ:

Խախտելով ՀՀ օրենքը

Անդրադառնաով իր կենսագրության եւ ՀՀ օրենսդրության հակասությանը, թե ինչպես է ստացվել, որ 2006-2008 թթ աշխատել է հարկայի ծառայության Սպանդարյանի 1 հարկային տեսչության իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ եւ միաժամանակ այլ ընկերություններում խորհրդատվությամբ է զբաղվել (2007-մինչ օրս «Ակվարուս» ընկերության փոխտնօրեն, 2007-մինչ օրս «Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության» նախագահության խորհրդի անդամ, գործադիր տնօրենի պաշտոնակատար, 2006-2008թթ. ՀՀ Վայոց Ձոր մարզի առեւտրաարդյունաբերական պալատ, բիզնես խորհրդատու), Արմենակյանը պատասխանեց. «Իմ կենսագրականը, որը ներկայացված է, պոլիտեխնիկի կայքինն է, որոնց ես նման տեղեկություն չեմ տվել: Այնտեղ աղավաղված է ներկայացված, եւ դա ինձ համար հայտնություն է»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից ճշտեց, որ, իսկապես, Արմենակյանը միաժամանակ ե՛ւ պետական պաշտոն է զբաղեցրել, ե՛ւ մասնավոր ընկերություններում է աշխատել՝ խախտելով ՀՀ օրենքը:

Ո՞վ է հովանավորը 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Վահե Պետրոսյանը բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության աշխատանքների համակարգման վարչության պետ Արտակ Ղուկասյանի հետ, որը նաեւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի սեփականատերն է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վահե Պետրոսյանը հաճախ է այցելում հարկային տեսչություն եւ սրճում Արտակ Ղուկասյանի հետ: Եւ լուրեր են շրջում, որ Վահե Պետրոսյանի հովանավորյալը հենց Արտակ Ղուկասյան է: Ուստի հնարավոր է՝ «Օրանժ Արմենիա» բջջային կապի օպերատորը սնանկացավ հենց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների ձեռամբ եւ սահուն անցավ «Յուքոմ» ընկերությանը, ասել է թե՝ ֆիննախարարությանը:

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի շուրջ զրուցել Վահե Պետրոսյանի հետ, սակայն ընկերության օպերատորը հայտնեց, թե տնօրենը տեղում չէ, եւ ինքը այլ հարցով չի կարող մեզ օգնել:

Ինչով է հայտնի հարկայինի աշխատակիցը

Պարզվում է, որ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Վահե Պետրոսյանի հովանավոր Արտակ Ղուկասյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլի էջերում:
Դեռեւս 2014թ. սեպտեմբերին 1700 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի խորհրդական եւ մանկավարժ, հեռակա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու Մկրտիչ Ղուկասյանը: Պարզվում է, որ ձերբակալված մանկավարժը հենց Նոր Նորքի հարկային տեսչության նախկին պետ, նույն Արտակ Ղուկասյանի հայրն է:

Իհարկե, ավելի ուշ Մկրտիչ Ղուկասյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: Եւ արագացված դատաքննության արդյունքում 2015 թ. հունվարի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մ. Մակյանը վճռեց Արտակ Ղուկասյանի հորը տուգանել 750 հազար դրամի չափով:

Ի դեպ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին եւ հարկային տեսչության պետի հորը` Մկրտիչ Ղուկասյանին, առաջադրված մեղադրանքները միանգամայն նույնն էին. երկուս էլ մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Բայց Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ Արտակ Ղուկասյանի հայրն ընդամենը տուգանվեց: Ահա, երկակի մոտեցումն ու հայաստանյան արդարադատությունը: Բա ինչպե՞ս կարող էր ֆրանսիական «Օրանժը» դիմանալ այս պայմաններում:

Քնար Մանուկյան




Լրահոս