ԳՅՈՒՂԱՑԻՆ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հունվարի 25-ին նախընտրական հանդիպում ունեցավ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում: Առաջին հանդիպումը տարածաշրջանի ամենամեծ գյուղում էր՝ Աչաջրում: Մոտ 4500 բնակիչ ունեցող գյուղում հանդիպմանը մասնակցում էին մի քանի տասնյակ մարդիկ: Նրանք էլ սկզբում մի տեսակ հեռու էին քաշված, մինչեւ որ Բագրատյանը հորդորեց. «Մի՛ վախեցեք, մոտեցե՛ք, պատասխան եմ տալիս»: Բայց վախենալու առիթ իսկապես կար. համենայնդեպս, բնակիչներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ մասին խոստովանեցին: Ու հենց Բագրատյանի հետ հանդիպման պահին գյուղի կենտրոնով անցնող ավտոմեքենայից բարձրաձայն ինչ-որ բառ գոռացին, հետո մեկ այլ մեքենա ճռռացնելով սուրաց գյուղի կենտրոնով, կարծես մրցավազքի էր մասնակցում:
Թեկնածուն նշեց, որ թեեւ հեռուստատեսությամբ ասում են, թե մրցակցություն չկա, բայց մրցակցություն կա: Սերժ Սարգսյանը վերընտրվելու գործում խնդիրներ է ունենալու: Նրա խոսքով՝ 15 տարի առաջ ներկաներից շատերն իրեն հայհոյել են իրենց սեփականաշնորհված հողի համար, սակայն եթե մարդիկ այս ընթացքում ինչ-որ օգուտ են ունեցել, ապա հողից են ստացել:
Բագրատյանը ներկայացնելով իր ծրագիրը՝ ասաց, որ իրենք 3 տեսակի պրոգրեսիվ հարկ են մտցնելու` եկամտահարկ եւ շահութահարկ, որոնք այժմ պրոգրեսիվ հարկատեսակներ չեն, եւ շրջանառության հարկ, որ գյուղացիները միայն հողի հարկ վճարեն, ինչն էլ ստաժ է համարվելու: Նախագահի թեկնածուի վկայությամբ` խոշոր բիզնեսի համար ավելի մեծ հարկ է սահմանվելու՝ այդ կերպ պակասեցնելով հարուստների եւ աղքատների  ունեցվածքի տարբերությունը: Երբ թեկնածուն նախագահ դառնա, գյուղերում կստեղծվեն փոխօգնության կոոպերացիաներ: Աչաջրում կբացվի 2 ձեռնարկություն, մեկը կզբաղվի խաղողի, թզի եւ այլ պտուղների վերամշակմամբ, որպեսզի գյուղացին միայն հումք չվաճառի: Այդ կոոպերացիայում կաշխատեն միայն գյուղացիները: Երկրորդ կոոպերացիան կլինի «Ագրոսերվիս», որտեղ կհավաքվի գյուղտեխնիկա: Յուրաքանչյուր գյուղացի մասնաբաժին կունենա վերամշակող ձեռնարկությունում, «Ագրոսերվիս»-ում եւ ոռոգման ներտնտեսային ցանցում: «Ձեզ աստիճանաբար փոքր ձեռնարկատեր ենք դարձնելու»,-ասաց նախագահի թեկնածուն:
Նույն օրը Բագրատյանն ընտրողների հետ հանդիպում ունեցավ նաեւ Իջեւանում՝ քաղաքային շուկայի հարեւանությամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս