ՉՊԵՏՔ Է ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԳՈՐԾԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախագահական նստավայրի դիմաց հավաքվել էին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքի ցույց էին անցկացնում: Ցույցի պատճառն այն էր, որ Մեղրաձորում ցանկանում են ձուլարան բացել:
Գյուղացիներից մեկը Լուրեր.com-ի հետ զրույցում ասել է, որ այդ ձուլարանի կառուցումը կարող է վտանգ սպառնալ տեղի բնակիչների առողջությանը. երեխաները կարող են ծնվել լուրջ արատներով, քանի որ ձուլարանի բացումից հետո ցիանիդ կոչվով քիմիական նյութը կտարածվի ջրում եւ կթունավորի բնակիչներին:
Ըստ համայնքի բնակիչների՝ ձուլարանը ցանկանում է շահագործել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի խնամի Վարդան Մարգարյանը:
Բողոքողներն իրենց ձեռքին ունեին «Ո՛չ ցիանիդին», «Հանուն մեր երեխաների», «Փրկի՛ր Մեղրաձորը» գրություններով պաստառներ: Նրանցից մեկն էլ նշել է, որ գյուղապետը կողմ է շահագործմանը. «Ես թքած ունեմ, թե որքան աշխատատեղ կբացվի, թող միլիոն հատ լինի, բայց ինչի՞ս է պետք, եթե երեխաներս արատով են լինելու: Գյուղապետը կողմ է, քանի որ այնտեղ աշխատանք ունի: Ես պահանջում եմ չշահագործել ձուլարանը, եւ մինչեւ վերջ մենք պահանջելու ենք դա»:
Բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ «Համայնք եւ իրավունք» հկ-ի նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը, որն իր ելույթում նշեց. «Այսօր մենք ունենք հստակ պահանջ՝ պետք է գործընթացը դադարեցնել, քննարկման նյութ կդառնա միայն բաց մշակման հանքը: Այլ քննարկումների մենք պատրաստ չենք: Մենք գիտենք մի բան՝ չի լինելու այդ գործարանը: Մենք փնտրում ենք այն համարձակ տղաներին, որոնք կասեն՝ կը-լի-նի: Մենք այդ մարդկանց ենք փնտրում, մենք այլ խնդիր չունենք: Մեր խնդիրը մեզ համար հստակ է, պարզ է:
Քննարկման նյութ կարող է լինել միայն բաց մշակման հանքը, որը, կհասկանանք, ինչու եւ ինչ եղանակով եւ ում դաբրոներով է այդ բաց հանքը շահագործվում այսօր, որը մեզ համար լրացուցիչ մեկ այլ աղետ է, իհարկե, չարիքի նվազագույնն է: Սակայն մենք ոչ մի բանի պատրաստ չենք:
Ցիանիդը պահում են միայն զոքանչների համար: Խիղճներդ կտրվի, ցիանիդը բերեն լցնեն գետերի մեջ, որոնցով գյուղացիներն իրենց հողերն են ոռոգում»:
Իրավապաշտպանի խոսքով՝ գյուղացիների կողմից ուղարկված դիմումն ընդունվել է ընդունելությունների եւ դիմումների բաժնի ղեկավար Աիդա Սարգսյանի կողմից:




Լրահոս