«ԲՈԼՈՐՆ ԷԼ ՇԱՆ ՏՂԱ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ գրող Դավիթ Մշեցու խոսքով` եթե նախկինում ընթերցողը գրող էր ման գալիս, ապա հիմա գրողն է ընթերցող փնտրում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է արդի գրականության խնդիրներին, խոսել է նաեւ քաղաքացիական շարժումներում իր ակտիվության մասին:

-Դավի՛թ, մեր օրերի գրող լինելը հե՞շտ է, թե՞ դժվար:
-Շատ դժվար է կոնկրետ այս ժամանակի մեջ լինելը: Անկախ ամեն ինչից` եթե տասնամյակներ առաջ մեկը տեսներ Սահյանին, գոնե հարգանքի նշան ցույց կտար, բայց այսօր եթե Չարենցն էլ գա, կարժանանա ծաղրի, անլուրջ վերաբերմունքի, հատկապես երիտասարդ սերնդի կողմից. համաշխարհային միտումն է այդպիսին: Բայց մեր մտավորականությունն էլ դրանում իր մեղքն ունի: Խորին հարգանք տածելով ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` պետք է ասեմ, որ բոլորն էլ՝ որպես մտավորական, շան տղա դուրս եկան: Նրանց միջից ժողովրդի առաջնորդ դուրս չեկավ: 90-ականներից հետո մեր ժողովուրդը մնաց անտեր, իսկ եթե թերթենք պատմության էջերը, կտեսնենք, որ շատ քաղաքական, սոցիալական շարժումներ մշակութային գործիչներ են առաջնորդել:
Մեկ այլ խնդիր էլ կա. եթե նախկինում Շիրազի «Հուշարձան մայրիկիս»-ն ընթերցելու համար հերթեր էին գոյանում, գրողների գործերը լույս էին տեսնում մեծ տպաքանակով, այսօր գրողը վարկով պետք է 500 օրինակ տպի, ասի` խնդրում եմ, կկարդա՞ք: Եթե նախկինում ընթերցողը գրող էր ման գալիս, հիմա գրողն է ընթերցող փնտրում:
-Սա գրողի՞, ընթերցողի՞, թե՞ նրանց կապի խաթարման խնդիրն է:
-Սա թե՛ գրողի, թե՛ ընթերցողի խնդիրն է: Ինքս համաշխարհային գրականություն եմ դասավանդում, մի շարք գործերի մոլի սիրահար եմ, բայց նկատենք, որ երբ համաշխարհային գրականությունը սկսեց թարգմանել հայերեն, հատկապես արգելված գրականությունը, մեզ մեր գրական արմատից կտրեցին, ու նաեւ կրթության որակն ընկավ: Ասում ես` Թումանյանի այսինչ գործը սիրում եմ, ասում են` դու Թոմաս Դիլան կարդա, մարդը վերցնում, կարդում է, ասում է` չհասկացա, ուրեմն` լավն է: Պատկերացրեք` մենք մեր գրականության պատմության մեջ շարել ենք 17 հարկ, հանկարծ արհեստականորեն բերում 25-րդ հարկն են շարում, կտրում են արմատից: Նաեւ փչացնում են լեզուն, մի գրքի մեջ 100 բառի շրջանակներից դուրս չեն գալիս, օգտագործածն էլ գռեհկաբանություն է, օտար բառեր: Այնինչ՝ ընթերցողը պետք է ասի` սա քո Թոմասը, սա էլ` իմ Թումանյանը, տեսնենք` որն է լավը, կամ երկուսի ցավն էլ տանեմ, բայց դու ինչո՞ւ ես մեկի հաշվին պարտադրում, որ ես Վարուժանին, Սիամանթոյին, Քուչակին ու մյուսներին մոռանամ: Այսօր արդեն մշակույթի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների առջեւ տաղանդի ու հանճարի խնդիրը չէ դրված, այլ տեխնիկայի: Դու պետք է գրես մի նախադասություն, որ բացարձակ իմաստ չունենա, եւ արդեն հանճար ես:
-Ոմանք Ձեր բանաստեղծություններն ընթերցելիս նկատում են Չարենցի ազդեցությունը. այն երբեմն շատ չէ՞:
-Գուցե, բայց ես իմ գործերի մեջ ավելի շատ Մարոն, Լոտրե Ամոն, Ռիլկե, Թրակլ, Լը Սաժ, Դը Լակլո, Հովնաթան, Վարուժան, Բոդլեր, Ռեմբո ու հազարավոր այլոց կտեսնեմ, իսկ Չարենց, այո՛, միանշանակ, քանզի պտուղը ծառից հեռու չի ընկնում… Այսօր Չարենցի մեջ տեսնում են Տերյան, Տերյանի մեջ` Վեռլեն, բայց նրանցից յուրաքանչյուրի բանաստեղծություններում մեծ գաղափարախոսություն կա: Առհասարակ, ընթերցողները գտնում են նմանություն այն գրողի հետ, որին իրենք ծանոթ են:
-Ակտիվ մասնակցություն ունենալով քաղաքացիական շարժումներին՝ ի՞նչ եք կարծում՝ երիտասարդ սերունդը տեր կանգնո՞ւմ է իր իրավունքներին, գուցե նրանց միջի՞ց ծնվեն այն առաջնորդները, որոնց մասին խոսում էիք:
-Որ ասում են մարդու իրավունքներ, ես ջղայնանում եմ: Ամբողջ աշխարհի տունը հենց այդ իրավունքներն են քանդում: Ի՞նչ իրավունք: Մարդ ոչ թե իրավունք, այլ պարտք պետք է ունենա: Նժդեհն ասել է` ես իմ ողջ գիտակցական կյանքում ատել եմ քաղաքացուն, որովհետեւ նա խոսում է իրավունքից, ու պաշտել եմ զինվորին, քանի որ նա խոսում է պարտքից: Մեր ազգն ասում է` ես իրավունք ունեմ չբռնաբարվելու Սաշիկի կողմից, ու գնում, ջիգյարով բռնաբարվում է: Վերջին երեք տասնամյակում միշտ այդպես է եղել: Այնինչ՝ պետք է ասել` ես պարտավոր եմ չբռնաբարվել, չթալանվել: Երիտասարդները բոլորն էլ իմ ընկերներն են, բայց մենք, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարում 7 դրամի խնդիր չպետք է լուծենք. այսօր մեր հոգեւոր հայրենիքն են սպանում, մենք պետք է պայքարի ելնենք, որ սա չկորչի: Զինվորի պես սա պետք է համարենք մեր պարտքը:

 

 

 

 
ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԼԵՏԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ «ԿՈՐՉՈՒՄ ԵՆ»

Հայ հանդիսատեսի հիշողություններում դեռ թարմ են տարիներ առաջ բեմադրված մանկական բալետային ներկայացումները` «Մոխրոտիկը», «Ճպուռն ու մրջյունը», «Շելկունչիկը», «Ձյունե թագուհին» եւ այլն: Այսօր արդեն դրանք չեն բեմադրվում, եւ արդեն տեւական ժամանակ է` հանդիսատեսը զուրկ է համաշխարհային գանձարանի պահոցին պատկանող ներկայացումները դիտելուց:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Սերգեյ Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց մանկական ներկայացումները վերականգնելու անհրաժեշտությունը: «Բացի նրանից, որ երեխաները հնարավորություն կստանան մանկապարտեզներից, դպրոցներից գալ, առնչվել այդ արվեստին, դաստիարակվել դրանով, նաեւ պարողներս բալետային այդ ներկայացումներում հանդես գալով` կկրթվենք. մենք դրա կարիքը, միանշանակ, ունենք: Մանկական ներկայացումների բացակայությունը ցավալի փաստ է բեմական արվեստի զարգացման գործում»,-նկատեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք մանկական բալետային ներկայացումների պահանջարկ կա Հայաստանում, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա, պարզապես համապատասխան ֆինանսավորում չկա. «Ամբողջ խնդիրն այն է, որ նախարարությունը սխալ ներկայացումների, փորձարարական թատրոնի պահանջներին համապատասխան ցածր մակարդակի բեմադրողներին է ֆինանսավորում, այնինչ, եթե գումարներ ուղղվեին դասական արվեստի թեկուզ տվյալ ճյուղի զարգացմանը, մենք կունենայինք մրցունակ բալետ ողջ աշխարհում»,-ասաց նա` հավելելով, որ բալետային կազմն էլ պատրաստ է նման ներկայացումների եւ ունի համապատասխան պոտենցիալ:
Պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանն էլ մեզ հետ զրույցում վկայեց, որ նախկինում տարվա մեջ 2-3 մանկական բալետային ներկայացում էր վերաբեմադրվում, կամ նոր բեմադրություններ էին լինում, անգամ արտասահմանից բեմադրիչներ հրավիրելու հնարավորություն էր լինում. «Շատ կուզենայի, որ մեր նախկին մանկական ներկայացումները վերաբեմադրվեին, որ դրանք չկորչեին: Երեւի հանդիսատեսը քիչ է այցելում նման ներկայացումներին, այնուամենայնիվ, գլխավոր խնդիրը, կարծում եմ, ֆինանսավորման պակասի հետ է կապված. դեկորները, զգեստները պատրաստելը մեծ գումարներ արժեն, իսկ նախկինում բեմադրություններ անելն այսքան թանկ չէր»,-եզրափակեց նա` հույս ունենալով, որ առաջիկայում հնարավորություն կունենա պարելու մանկական բալետային ներկայացման պրեմիերային:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 
ԴԵՊԱՐԴԻԵՆ` ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄՈՒՄ
Հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին «Անատոլիական պատմություն» (Anatolian Story) վերնագրով ֆիլմ նկարահանել, որում կխաղան ֆրանսիական կինոյի հայտնի դեմքեր Ժերար Դեպարդիեն եւ Սամի Նասերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը՝ ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Արենն է (Կարեն Մարգարյան), իսկ երաժշտությունը գրելու է Միշել Լեգրանը: Ըստ կայքի՝ ֆրանսահայ հայտնի երգահանը պահանջել է, որ ֆիլմի գլխագրերում Լեգրան ազգանվան կողքին ավելացնեն նաեւ հայկական Տեր¬Միքայելյանը: Ֆիլմում գլխավոր հերոսի՝ Մուստաֆայի կերպարը կմարմնավորի Ժերեր Դարմոն, նրա որդուն կմարմնավորի Սամի Նասերին, որը հայ հանդիսատեսին առավելապես հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարից: Իսկ հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ֆիլմում կմարմնավորի փաստաբանի: Նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի նոյեմբերից, դրանք կանցկացվեն Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

 

ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՇՈՐԹՈՒՄ
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, հայտարարել է, որ խաբեբաներն իր անվամբ ներկայանալով` գումար են հավաքում մարդկանցից։ «Дни»-ի փոխանցմամբ՝ «ВКонтакте» սոցիալական կայքում հայտնվել է Նատալյա Ֆրիսկե անունով կեղծ էջ, որով գումար են հավաքում Ժաննայի քրոջ բուժման համար։ ««ВКонтакте»-ում Նատալյա Ֆրիսկե անունով մեկը ոմանց գրել է, որ ինձ փող է անհրաժեշտ։ Խաբեբաները վերցրել են իմ լուսանկարները, կենսագրությունը եւ փորձել գումար շորթել»,- StarHit-ին ասել է Նատալյան` հավելելով, որ իրենք ոչնչի համար գումար չեն հավաքում։

 

ԹԱԳՈՒՀԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին HBO հեռուստաընկերության կողմից առաջարկ էր ստացել մասնակցելու «Գահերի խաղը» հայտնի սերիալի նկարահանումներին: Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռան համար ընտրվել էր էպիզոդիկ դեր, սերիալի ղեկավարությունն անգամ պատրաստ էր նկարահանումների ժամանակացույցը հարմարեցնել արքայազնի առաջադրած պայմանների հետ: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, վերջին խոսքը թագուհունն է եղել, ով չի ցանկացել թոռանը տեսնել առեղծվածային պատմության հերոսներից մեկի դերում, թեեւ Հարին պատրաստ էր ընդունել առաջարկը:




Լրահոս