Մտավորականը պետք է քայլի ժողովրդի առջևից. Դավիթ Մշեցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մի խումբ մտավորականներ դիմեցին «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ժիրայր Սէֆիլյանին՝ կոչ անելով կանխել Երեւանում զինված միջադեպի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով իր համակիրներին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Այս բաց նամակը հանրության եւ մտավորականության մեկ այլ զանգվածի շրջանում արժանացավ բուռն քննադատությունների: Նշյալ հորդորին հետեւեց գրողների ու արվեստագետների մեկ այլ խմբի հայտարարություն, որտեղ նշվում է, որ եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին հարկավոր է փնտրել քաղաքական համակարգում` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաեւ հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների շրջանում: Բաց նամակում կա պահանջ` կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: «Ժողովուրդ»-ը ազգի համար նման կարեւորագույն պահերին մտավորականի դերի, ստեղծված իրավիճակի մասին զրուցել է երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցու հետ, ով, ի դեպ, ապրիլյան պատերազմի առաջին օրվանից կանգնած էր հայ դիրքապահների կողքին:

-Դավի՛թ, մտավորականի գործառույթը, ըստ Ձեզ, այս իրավիճակում ո՞րը պետք է լինի:

-Ես միշտ ասել եմ, որ մտավորականը ժողովրդի սոցիալական, ազգային, քաղաքական հարցերով զբաղվող մարդն է: Իսկ մենք հետանկախության շրջանում մտավորական չենք ունեցել, թեեւ խոնարհվում եմ արվեստագետներից շատերի ստեղծած արժեքների առջեւ: Ամեն մեկը քաշվել է մի կողմ: Թուրքական առածն ասում է` արդարանալու հնար գտեք, կուզեք` մեջլիսից խալի գողացեք. հիմա նրանցից ամեն մեկը մի պատրվակ գտավ` դառնալով պալատական երգիչ կամ պարզապես լռեց: Հիմա որ ասում ենք` գնանք, մեր ձայնը բարձրացնենք այս կամ այն հարցի շուրջ, հակադարձում են, թե` Ռազմիկ Դավոյանի պես տղեն ձայն չի հանում, ուրեմն մեր ձայնը իրենինից արժեքավո՞ր է: Այսինքն` արվեստագետի տեսակի մեջ կնիկականություն մտցրին. նա դարձավ ծախվող, գործարքի մեջ մտնող: Այնինչ՝ մտավորականը ցանկացած դեպքում պետք է քայլի ժողովրդի առջեւից, այսինքն` պետք է նրան առաջնորդի: Իսկ մեր «մտավորականությունն» ասում է` ժողովուրդը մեր ետեւից չի գալիս: Ախր դուք այնքան եք ժողովրդին հուսախաբ արել, որ բնական է` այդպես պետք է լինի: Բացի այդ` դուք բարի եղեք, նրա առջեւից գնացեք, եթե ժողովուրդը ձեզ չհետեւի, կասեք` հերն էլ անիծած, չեկավ: Բայց դուք նստել եք տներում, իշխանության կերակրատաշտակից սնվում եք, ուզում եք, որ ժողովուրդը ձեր ետեւից գա: Չարենցն ու Սիամանթոն արյուն տվեցին, զոհվեցին, որ իրենց հետեւից գաք, էսպես պահե՞ք ձեզ: Էն էլ նրանք Սերժ Սարգսյանի դեմ չէին ելել, այլ Ստալինի. հաշվի առեք սա:

-Ամեն դեպքում պետք է նկատել, որ Ժ. Սէֆիլյանին դիմած մտավորականների խմբում կան այնպիսիք, որոնք մեծ ներդրում ունեն մեր մշակույթում:

-Ես խոնարհվում եմ Պերճ Զեյթունցյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների, Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ»-ի առջեւ, բայց գիտե՞ք, թե հիմա ինչ տպավորություն ունեմ. պատկերացրեք` Քրիստոսի քարոզից հետո Պողոս առաքյալը տեսնի, թե ոնց է նա մարդ սպանում ու մաշկում: Հիմա ես այդ վիճակում եմ:

-Դուք, կարծես, ակտիվ կերպով մասնակցում եք Խորենացի փողոցում անցկացվող բողոքի ակցիային: Ի՞նչ տպավորություններ եւ ակնկալիքներ ունեք:

-Այո, մասնակցում եմ, բայց անկեղծ կլինեմ` հուլիսի 20-ի գիշերը այնտեղ, մեղմ ասած, շատ վատ մասսա էր հավաքվել, որպիսին ինձ երբեւէ չէր հանդիպել: Ավելի քան համոզված եմ, որ դա իշխանական պրոեկտ էր:

-Նկատի ունեք սադրիչների՞ն:

-Սադրիչները մի կողմ, հավաքվածների մի զգալի հատված կազմում էին քաղաքացիական հագուստներով ոստիկանները, մյուս մասը տականք մասսա էր: Շշերով ու քարերով հարձակում, հայհոյանքների հնչեցում… Ամեն բան անում էին, որ ոստիկանությունը հարձակվեր: Այդ կերպ նրանք տղերքի պատվի հետ էին խաղում (նկատի ունի «Սասնա ծռեր» խմբի անդամներին-հեղ.):

-Դավի՛թ, իրավիճակի հանգուցալուծումը որտե՞ղ եք տեսնում:

-Ես Հայաստանի փրկության միայն մի ելք եմ տեսնում` ժողովրդի ոտքի ելնելը: Ում հետ խոսում ես` ասում է` մի լուրջ բան լիներ, ոտքի կանգնեինք, ինչ-որ բան փոխեինք: Սրանից ավելի լուրջ բան հնարավոր չէր, որ լիներ, բայց փաստացի տեսանք, որ այդ մարդիկ դուրս չեկան փողոց: Եթե 40-50 հազար մարդ իր անհնազանդությունը հայտնի, ամեն բան կընկնի տեղը: Քանի երեխան չի լացում, նրան կաթ չեն տալիս: Ժողովուրդը պետք է սովորի ոչ թե կառավարվել, այլ կառավարել, այդ դեպքում իշխանությունը կհասկանա, որ նա պահանջատեր է: Այլապես արյուն էլ թափվի, հերոսներ էլ մեռնեն, ոչ մի բան չի փոխվի. պատը կմնա պատ, կպակասի մի նոր ճակատ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս