ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 17 860 դրամ հաշմանդամության թոշակ: Մի քանի տարի առաջ ընտանիքիս կտրեցին նպաստից, եւ հիմա պետության կողմից օգնություն կամ նպաստ չեմ ստանում: Խնդրում եմ պարզել, թե ինչու է պետությունն ինձ կտրել նպաստից, եւ արդյոք հնարավոր չէ վերականգնել այն:

Մինաս Հակոբյան (51 տարեկան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մինաս Վարշամ Հակոբյանի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (նախկինում «Փարոս» համակարգ) վերջին 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքները չեն կարող օգտվել այդ համակարգով տրվող որեւէ օգնությունից (ընտանեկան նպաստ, միանվագ դրամական, մարդասիրական օգնություններ եւ այլն):
Հակոբյանի ընտանիքն այդ համակարգում վերջին անգամ հաշվառվել է 2006 թվականի մարտ ամսին:
Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժինը նրա ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակելու հարցը կքննարկի միայն իր կողմից փաստագրվելու համար անհրաժեշտ հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական
աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորովին էլ զարմանալի չէ, որ նման իշխանություն ունեցող երկրում ոչ միայն անապահով կամ սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում ապրող քաղաքացիները, այլեւ մինչեւ անգամ առաջին կարգի հաշմանդամները տարրական  «թղթաբանության» հետ կապված բազմաթիվ պատճառաբանություններով չեն կարողանում օգտվել պետությունից իրենց հասնող ճղճիմ օգնությունից: Մնում է խորհուրդ տալ մեր ընթերցողին` հենց այսօր վերցնի անհրաժեշտ փաստաթղթերն ու շտապի իրենց տարածքային բաժին, գուցե այս անգամ նրանք մի փոքր «բարի» գտնվեն:




Լրահոս