Հասարակության լայն շրջանակներում չեն դադարում խոսակցությունները, թե ինչու «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը չկարողացավ շահութաբերություն ապահովել եւ աշխատեց վնասով, ինչի արդյունքում էլ իր բաժնեմասերը վաճառեց «Յուքոմ» ՍՊԸ-ին: Թերեւս այս ամենի հետեւանքը վատ կառավարումն էր, իսկ ինչո՞ւ էր վատ կառավարվում, ո՞վ կամ ովքե՞ր էին օպերատոր ընկերության խորհրդատուները:
Տրամաբանական խորհուրդնե՞ր
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ իրականացնող «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ-ն, որ սպասարկում է մի շարք հայտնի ընկերությունների, մասնավորապես «ԱՐԱՅ» կենցաղային տեխնիկայի խանութների ցանցին, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ին, «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությանը, նաեւ ֆրանսիական «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին է խորհուրդներ տվել:
Տեղեկացանք, որ այս ընկերության գլխավոր իրավաբան Արթուր Արմենակյանը, մինչ իրավաբան նշանակվելը, զարմանալի զուգադիպությամբ երկար՝ 2 տարի աշխատել է հարկային տեսչությունում: Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները՝ պարզեցինք, որ Արթուր Արմենակյանը 2006 թվականինց մինչեւ 2008 թվականը, աշխատելով Սպանդարյանի 1 հարկային տեսչության իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ, միեւնույն ժամանակ այլ ընկերությունների իրավաբանական բաժիններում մասնագետ է աշխատել: Մինչեռ հարկային ծառայողի մասին ՀՀ օրենքն արգելում է պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ այլ շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելը:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ը նախ փորձեց Արթուր Արմենակյանից պարզել, որ լինելով «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊ ընկերության գլխավոր իրավաբանը՝ ի՞նչ խորհուրդներ է տվել «Օրանժ Արմենիա» բջջային կապի օպերատորի տնօրինությանը, եւ, առհասարակ, միգուցե իրենց ընկերության վատ խորհրդատվության արդյո՞ւնքն է, որ «Օրանժը» վնասով աշխատեց ու, ի վերջո, վաճառեց իր բաժնեմասերը: Սակայն Արթուր Արմենակյանը չցանկացավ մեկնաբանել «Օրանժ Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակը. «Ես տեղյակ չեմ եւ կխնդրեի՝ Դուք ընկերությունից այդ պարզաբանումը ստանաք»:
Հարցին, թե Դուք ընկերության գլխավոր իրավաբանն եք, մի՞թե տեղյակ չեք, թե ինչո՞ւ ընկերությունը վաճառեց իր բաժնեմասերը, Արմենակյանը վստահեցրեց, թե բացարձակ տեղյակ չէ:
Խախտելով ՀՀ օրենքը
Անդրադառնալով իր կենսագրության եւ ՀՀ օրենսդրության հակասությանը, թե ինչպես է ստացվել, որ 2006-2008 թթ աշխատել է հարկայի ծառայության Սպանդարյանի 1 հարկային տեսչության իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ եւ միաժամանակ այլ ընկերություններում խորհրդատվությամբ է զբաղվել (2007-մինչ օրս «Ակվարուս» ընկերության փոխտնօրեն, 2007-մինչ օրս «Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության» նախագահության խորհրդի անդամ, գործադիր տնօրենի պաշտոնակատար, 2006-2008թթ. ՀՀ Վայոց Ձոր մարզի առեւտրաարդյունաբերական պալատ, բիզնես խորհրդատու), Արմենակյանը պատասխանեց. «Իմ կենսագրականը, որը ներկայացված է, պոլիտեխնիկի կայքինն է, որոնց ես նման տեղեկություն չեմ տվել: Այնտեղ աղավաղված է ներկայացված, եւ դա ինձ համար հայտնություն է»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից ճշտեց, որ, իսկապես, Արմենակյանը միաժամանակ ե՛ւ պետական պաշտոն է զբաղեցրել, ե՛ւ մասնավոր ընկերություններում է աշխատել՝ խախտելով ՀՀ օրենքը:
Ո՞վ է հովանավորը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Վահե Պետրոսյանը բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության աշխատանքների համակարգման վարչության պետ Արտակ Ղուկասյանի հետ, որը նաեւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի սեփականատերն է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վահե Պետրոսյանը հաճախ է այցելում հարկային տեսչություն եւ սրճում Արտակ Ղուկասյանի հետ: Եւ լուրեր են շրջում, որ Վահե Պետրոսյանի հովանավորյալը հենց Արտակ Ղուկասյան է: Ուստի հնարավոր է՝ «Օրանժ Արմենիա» բջջային կապի օպերատորը սնանկացավ հենց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների ձեռամբ եւ սահուն անցավ «Յուքոմ» ընկերությանը, ասել է թե՝ ֆիննախարարությանը:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի շուրջ զրուցել Վահե Պետրոսյանի հետ, սակայն ընկերության օպերատորը հայտնեց, թե տնօրենը տեղում չէ, եւ ինքը այլ հարցով չի կարող մեզ օգնել:
Ինչով է հայտնի հարկայինի աշխատակիցը
Պարզվում է, որ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Վահե Պետրոսյանի հովանավոր Արտակ Ղուկասյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլի էջերում:
Դեռեւս 2014թ. սեպտեմբերին 1700 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի խորհրդական եւ մանկավարժ, հեռակա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու Մկրտիչ Ղուկասյանը: Պարզվում է, որ ձերբակալված մանկավարժը հենց Նոր Նորքի հարկային տեսչության նախկին պետ, նույն Արտակ Ղուկասյանի հայրն է:
Իհարկե, ավելի ուշ Մկրտիչ Ղուկասյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: Եւ արագացված դատաքննության արդյունքում 2015 թ. հունվարի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մ. Մակյանը վճռեց Արտակ Ղուկասյանի հորը տուգանել 750 հազար դրամի չափով: Ի դեպ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին եւ հարկային տեսչության պետի հորը` Մկրտիչ Ղուկասյանին, առաջադրված մեղադրանքները միանգամայն նույնն էին. երկուս էլ մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Բայց Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ Արտակ Ղուկասյանի հայրն ընդամենը տուգանվեց: Ահա, երկակի մոտեցումն ու հայաստանյան արդարադատությունը: Բա ինչպե՞ս կարող էր ֆրանսիական «Օրանժը» դիմանալ այս պայմաններում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԳԺԻ ԹՂԹԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում: Բանն այն, որ վերջինիս անվան հետ բավականին աղմկալի պատմություններ կան, եւ դատելով ստեղծված իրավիճակից` նա մշտապես այս պատմություններից չոր է դուրս եկել:
Եվ այսպես` դեռես 2013 թվականին Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը լրատվամիջոների հետ զրուցում հայտարարել էր, որ 2000 թվականին Գորիսում Սեյրան Խաչատրյանը կրակել եւ ծանր վիրավորել է մի բնակչի` ոմն Գարիկի, սակայն այդ հանցանքի համար չի պատժվել, քանի որ նրան տրվել էր «գժի թուղթ»:
Սա դեռ վերջը չէ, դեռեւս 2007 թվականին հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը թմրամիջոց օգտագործելու համար հայտնվել էր դատարանում: Եվ այսպես պարզվել էր, որ Սեյրան Խաչատրյանը գործով չպարզված անձից ապօրինաբար ձեռք է բերել եւ պահել 10 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որը համարվում է խոշոր չափ: Այնուհետեւ այն 2006-ի հունվար-փետրվար ամիսներին Գորիս քաղաքի մոտակայքում ոմն Վարդանի միջոցով 100 դոլարով վաճառել է Հրաչ Հակոբյանին: Բացի այդ՝ 2005-ի աշնանը Սեյրան Խաչատրյանը ապօրինաբար ձեռք է բերել մարիխուանա տեսակի 1.1 գրամ քաշով թմրամիջոց: 2006-ի մարտի 28-ին էլ ոմն Մահմադից ապօրինաբար ձեռք է բերել եւ պահել 5 գրամ քաշով խոշոր չափ հանդիսացող ափիոն տեսակի թմրամիջոց, որի մի մասը պատրաստել եւ օգտագործել է ներարկման եղանակով:
Եվ, ահա, այս ամենը պարզելուց հետո 2007 թվականին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայքների առաջին ատյանի դատարանի նախագահ Աբրահամյանը 2006-ի օգոստոսի 10-ին կայացրած իր դատավճռով անմեղ էր ճանաչել Սեյրան Խաչատրյանին եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան: Իսկ մարզպետի եղբայրը իր թմրամիջոց օգտագործելու հանգամանքը բացատրել էր հետեւյալ կերպ, թե 1990-1994 թթ., մասնակցելով ղարաբաղյան պատերազմին, երկու անգամ վիրավորվել է եւ ստացել կոնտուզիա: Ունի ուժեղ գլխացավեր, ուստի դրանք մեղմացնելու նպատակով օգտագործել է թմրամիջոցներ:
Եվ այս իրավիճակում մի շատ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մարզպետի եղբայրը կոնտուզիա է ստացել, «գժի թուղթն» էլ ունի, 2015թ մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը վերահսկող դատախազ Հակոբ Ենոքյանը տեղյակ չէ՞ր, երբ հրահանգեց խստացնել նրան առաջադրված մեղադրանքը, արդյո՞ք դատախազությունում չգիտեին, որ մարզպետի եղբայրը դեռեւս 2005 թվականից ունի «գժի թուղթ», եւ դեռ ավելին՝ վերադաս դատախազն էլ կալանավորման հրահանգ է տալիս: Ըստ էության, մարզպետի եղբայրը, շատ հանգիստ օգտագործելով այդ հանգամանքը, կարող է խուսափել ցանկացած ծանրության պատասխանատվությունից, ինչն էլ փորձում են անել նաեւ այս դեպքով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ
Armlur.am-ի տեղեկացմամբ` երեկ հիվանդանոցում մահացել է օրեր առաջ Զեյթունում կատարված ամուսինների սպանության մեջ մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կ. Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ էր արձակել Հովհաննես Մխիթարյանի եւ վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից ամուսինները մահացել էին։ Նախնական քննության արդյունքներով՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ էր արձակել Վրաստանի քաղաքացի Տ.Մանուկյանը, ով հայտնաբերվել էր փաստացի բնակության վայրում՝ Կ. Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, եւ տեղափոխվել բժշկական կենտրոն: Քննությամբ պարզվել էր, որ Տ. Մանուկյանն ինքն էր իրեն պատճառել հրազենային վնասվածք:
ՀԱՍԱՎ ՎՐԱՍՏԱՆ
Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում անցած գիշեր լարված իրավիճակ է եղել՝ ոստիկանները ձերբակալել են լճում ձուկ որսացող գյուղացիներին: Բնակիչներն իրենց խնդիրների մեջ մեղադրում են ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, ում հիմնադրած «Լճեր» ընկերությունը Վրաստանի տարածքում գտնվող լճում ձուկ որսալու արտոնագիր ունի: Գյուղացիները դատի էին տվել «Լճեր» ընկերությանը՝ պահանջելով իրենց տրամադրել Տաբածղուր լճում ձուկ որսալու առաջնային իրավունքը, սակայն պարտվել են: Վ. Այվազյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե գյուղի բնակիչների գործն է` ում կմեղադրեն: Բայց նա ընդունել է, որ գյուղացիների պահանջը՝ իրենք էլ լճում ձկնորսության իրավունք ունենան, արդարացի է. «Ցանկացած գյուղացի կարող է մտնել, ինքը իր համար, համապատասախան կարգով ձուկն էլ բռնել, վարձատրությունն էլ ստանալ: Դա տենց ա, չէ՞, ինչքան գիտեմ օրենքը: Լիճն օգտագործելու իրավունքը միայն այդ ընկերությանը չի տրված»: