Այնքան էլ հայ չեմ. կիսահրեա եմ. Նիկ Եգիբյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանն իր համար երգեր գրելու ժամանակ չունի, փոխարենը` դա անում է գործընկերների համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ երգարվեստում առանձնանալու բարդություններին, պարզաբանել, թե ինչու հայերեն երգեր չի գրում եւ չի թաքցրել, որ իր երակներով հոսում է նաեւ հրեական արյուն:

394099_471528812892209_1543789800_n

-Նի՛կ, վերջին շրջանում ինքներդ նոր երգով հանդես չեք գալիս, փոխարենը` աշխատում եք տարբեր երգիչների հետ. համագործակցությունը հե՞շտ է ստացվում:

-Հիմա երգիչ-երգչուհիների համար գրած ստեղծագործություններիս վրա եմ աշխատում, իսկ իմ սեփական երգի վրա աշխատելու ժամանակ պարզապես չկա: Համագործակցում եմ Սոֆի Մխեյանի, Աննա Խաչատրյանի, Ռաիսա Ավանեսյանի եւ այլ արտիստների հետ: Նաեւ որպես հոբբի զբաղվում եմ ռեժիսորությամբ: Հայ երգիչների հետ աշխատանքի դժվարությունը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ նրանցից շատերն իրենց սեփական կարծիքը չունեն, երգարվեստին առնչվող հարցերի շուրջ հարցուփորձ են անում սրան-նրան եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց խորհուրդների հիման վրա եզրակացություններ են անում: Իսկ ինձ հիմնականում դիմում են մարդիկ, որոնք ցանկություն ունեն հայկական ստանդարտից դուրս ինչ-որ բան ստանալ:

-Երգերը, որոնցով Դուք հանդես եք գալիս, հիմնականում անգլերեն են: Չե՞ք վախենում, որ Ձեզ կարող են քննադատել` օտար լեզուն մայրենիից գերադասելու համար: Կասեն` ի վերջո, Դուք հայ եք, Ձեր մայրենի լեզուն էլ հայերենն է…

-Դե այնքան էլ հայ չեմ, բայց ոչինչ… (ծիծաղում է):

-Այսինքն` Ձեր մեջ այլազգիի արյուն էլ է հոսու՞մ:

-Այո, ես կիսահրեա-կիսահայ եմ. հայրս հրեա է… Բայց ով ինչ ուզում է` թող մտածի. եթե ես հայերեն երգելով` ինձ չեմ զգում՝ ինչպես ձուկը ջրում, ես դա չեմ անի: Գիտեմ, որ Հայաստանում ընդունվելու համար հարկավոր է հայերեն երգել, սակայն իմ դեպքում դա սուտ կլինի: Երբ ես հայերեն եմ երգում, ոչ ոք ոչ մի բառ չի հասկանում: Ես չեմ զգում հայերենն այնպես, ինչպես անգլերենը. այս լեզվով ես ավելի հեշտությամբ եմ էմոցիաներս հաղորդում ունկնդրին, ինքս անգլերեն տեքստեր եմ գրում, ուրիշի գրած հայերեն տեքստերով երգել էլ չեմ ուզում:

16879

-Իսկ հայաստանյան շուկայում առանձնանալը ձեռնտու՞ է:

-Դա հեշտ է, բայց ձեռնտու չէ: Տարիների ընթացքում ստեղծված «քառակուսուց» դուրս ինչ էլ անես` առանձնանում ես, բայց դա ձեռնտու չէ, քանի որ մեր ազգը «քառակուսի» բաներ սիրում է եւ, բնականաբար, դրա դիմաց լավ է վճարում:

-Արտերկրում մնալու շատ հնարավորություններ եք ունեցել, երբեմն այստեղից «փախչում եք», բայց երկար չեք դիմանում դրսում, էլի հետ եք գալիս: Ի՞նչն է ստիպում գնալ եւ ի՞նչը` կրկին վերադառնալ:

-Արտերկրից համագործակցությունների` տարբեր ստուդիաներում աշխատելու, ֆիլմերի համար երաժշտություններ գրելու, երկարատեւ մնալու շատ առաջարկներ են եղել, բայց ես չեմ կարողանում դրսում ապրել: Որոշ մարդկանց թվում է, թե ես մեր երկրի հետ կապ չունեմ, բայց իրականում ես ավելի շատ կապ ունեմ, քան այն մարդիկ, որոնք ժողովրդական երգեր են երգում ու փողոցներում «Հայաստան» գոռալով ման են գալիս: Ես դրսում երեք շաբաթից ավել չեմ կարողանում ապրել. հենց դրանից ավել եմ մնում` մոտս խուճապ է սկսվում: Առհասարակ, երբ ես այստեղից գնում եմ, իմ խնդիրը ոչ թե հայրենիքիս հետ է կապված լինում, այլ` այստեղի «մոխրագույն մասսայի»: Պարզապես մարդկային գործոն կա, որը չի թողնում` երկար ժամանակ Հայաստանում մնալ: Մեկ-մեկ ուզում ես մաքուր օդ շնչել, ուրիշ մասսա տեսնել, բայց հետո էլի վերադառնալ:

-Մեկ ամիս առաջ Ձեր մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը եթեր չգնաց այն պատճառով, որ Դուք դրա շրջանակում սենդվիչներ էիք պատրաստել Բաղրամյանում գտնվող ցուցարարների համար: Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:

-Երեւի հեռարձակողները մտածեցին, որ ծրագիրը քաղաքականացվել է ու այն եթեր չտվեցին, բայց նման բան չկար. ծրագրի սկզբում էլ այդ մասին զգուշացվել էր…Սակայն իրականում դա ինձ ավելի շատ ուրախացրեց, քանի որ տեսանյութը համացանցով ավելի լայն տարածում գտավ, եւ ով երբեւէ չէր լսել իմ մասին` լսեց…

Աննա Բաբաջանյան




Լրահոս