ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՊԱԼԱՉ ԿՌԻՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ 1:0

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) այլեւս չի խոսում իր քավորի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, թե Ծառուկյանի հետ այլեւս հարց չունի:
-Վերջին ժամանակներս Դուք կարծես մի կողմ եք «քաշված»: Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Ես միշտ էլ զբաղվել եմ իմ գործերով, ու իմ գործերը քաղաքական դաշտից դուրս են գտնվում, գործարար եմ, իմ բիզնեսով եմ զբաղված:
-Տեղեկություններ կան, որ Դուք Ձեր բիզնեսները ցանկանում եք երկրից դուրս հանել, ի՞նչ մտադրություն ունեք:
-Իմ բիզնեսները միշտ էլ ներսում են եղել, ես բիզնեսներ դրսում չեմ ունեցել, երբեք էլ չեմ ասել, որ հնարավոր է՝ իմ բիզնեսները երկրից դուրս հանեմ: Ես երկրից դուրս գալու չունեմ, ես այստեղ ծավալվելու եւ աշխատելու եմ:
-Արդեն ակտիվ քարոզարշավ է սկսվել, Դուք ի՞նչ եք անում, ո՞ւմ համար եք աշխատելու:
-Քաղաքական հարցեր մի՛ տվեք, ես միշտ էլ պաշտպանել եմ մեր երկրի  նախագահին, ու իմ խնդիրն է պաշտպանել մեր նախագահին: Բայց չեմ ցանկանում քաղաքական հարցերին պատասխանել:
-Բայց Աբովյան քաղաքը շատ ակտիվ աշխատում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում ձայներ ապահովելու համար: Անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է ՀՀԿ առաջնորդի համար աշխատում: Դուք միմյանց չե՞ք խանգարում:
-Երբ որ տնից դուրս ենք գալիս, արդեն աշխատում ենք, կուսակցության աշխատանքներով ես այժմ չեմ զբաղվում:
-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր եւ Գ. Ծառուկյանի փոխհարաբերությունները: Ի վերջո, ինչպե՞ս լուծվեցին «գծային» խնդիրները: Անընդհատ դժգոհում էիք, թե Ծառուկյանի «բարեգործական երթուղիները» խանգարում էին Ձեր երթուղիների բնականոն աշխատանքին:
-Այդ ամբողջ հարցերը համարե՛ք լուծված:
-Բայց մինչեւ այսօր դեռ աշխատում են Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան «բարեգործական երթուղիները», ինչպե՞ս են լուծվել: Դո՞ւք եք համակերպվել իրավիճակի հետ:
-Տեղյակ չեմ՝ էդ երթուղիներն աշխատում են, թե ոչ: Մի քիչ բարդ հարց եք տալիս: Մի բան կարամ ասեմ՝ ուղղակի այդ հարցը կարող եք համարել լուծված: Հենց այդպես էլ կարող եք գրել:
Հ.Գ. Դատելով Արթուր Հարությունյանի խոսքերից՝ «գծային պատերազմում» հաղթող դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը, քանի որ նրա երթուղիներն աշխատում են: Պարզապես Պալաչի հոգեվիճակն է փոխվել ու այլեւս չի դժգոհում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս