ՄԱԼԱԹԻԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ «ԲՈՒՌՉՈ ՍԱՄՈՅԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները «Անահիտ» տոնավաճառի տարածքում ծեծկռտուքի, ինչպես նաեւ գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել նույն համայնքի բնակիչ 35-ամյա Արման Երիցյանին, ապա տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Սակայն Արմանի ծնողները, ինչպես նաեւ տոնավաճառի աշխատակիցները, պնդում են, որ վերջինիս «գլխին սարքել են»:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ա. Երիցյանի 63-ամյա հայրը` Լեւոն Երիցյանը, պատմեց դեպքի մանրամասները: Ըստ նրա` Արմանը խմիչքի հետ սեր ունի եւ հաճախ է գնում տոնավաճառի տարածքում գտնվող կրպակներում խմելու. «Նոյեմբերի 28-ին տղայիս ասացի, որ գնա տոնավաճառ եւ իր ընկերներից բերի մեր տան խողովակի գործիքները: Գնաց եւ շատ ուշացավ, ես էլ անհանգստացա, գնացի իր հետեւից ու տեսա, որ շուկայի թիվ 29 կրպակում տղաս երկու հոգու՝ Սամվելի եւ Արսենի հետ խմում է: Ավելի ուշ տեսա, թե ինչպես կրպակի աշխատակցուհին երեքին էլ դուրս հանեց կրպակից, եւ ես իմ տղային այդ նույն պահին տուն տարա»: Լեւոնի ներկայացմամբ` հաջորդ օրը Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննիչ Մուկուչը զանգահարում է Երիցյանների բնակարան եւ պահանջում, որ Արմանը ներկայանա ոստիկանություն, քանի որ ինչ-որ ծեծկռտուք է եղել շուկայում, եւ Սամվել անունով մի տղամարդ ոստիկաններին պատմել է, թե իրեն շուկայում ծեծի է ենթարկել Արմանը եւ  դանակը պահելով կոկորդին` փող է պահանջել:
Արմանը ներկայանում է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին եւ պատմում, որ ինքը ոչ ոքի ծեծի չի ենթարկել եւ շուկայի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ որեւէ կապ չունի: «Իմ տղան հիվանդ երեխա է եւ հիվանդության պատճառով ազատվել է բանակից, իսկ էդ Սամվելը, որին իբր իմ տղան է ծեծել, շատ վատ անձնավորություն է` հարբեցող, քցող, մարդկանց գլխին սարքող, գործ տվող եւ շուկայում հայտնի է «Բուռչիկ Սամո» անվամբ»,-իր տղայի «զոհին» այսպես ներկայացրեց Լ. Երիցյանը: Նա նաեւ պատմեց, որ կեղծ ցուցմունքների հիման վրա Արմանին կալանավորում են եւ տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ որդին, չհամակերպվելով անարդարության հետ, հացադուլ է հայտարարում. «Ճիշտ է, իմ տղան խմիչքի հետ սեր ունի, բայց հավատացե՛ք, որ նա մարդ չի ծեծել ու փող չի պահանջել»:
Լ. Երիցյանը բողոքեց նաեւ, որ տոնավաճառի կրպակներում խայտառակ իրավիճակ է: Գրեթե ամբողջ օրը օղի են վաճառում, եւ այստեղ բոլորը հարբեցողությամբ են զբաղված, ինչի արդյունքում էլ անմեղ տղաներ են տուժում: «Երեխաս հիվանդություն ունի, եւ նրան կալանավայրում համոզել են, որ դադարեցնի հացադուլը: Խնդրում ենք, օգնե՛ք մեզ վերականգնել արդարությունը»,-հուզված ասաց Լ. Երիցյանը:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց «Անահիտ» տոնավաճառ: Կրպակների աշխատակիցների խոսքով` նոյեմբերի 28-ին իրենք Սամվել Մեջլումյանին շատ հարբած ու դեմքը վնասված տեսել են տոնավաճառի տարածքում: «Նա բանջարեղեն է ծախում, եւ մենք՝ առեւտրականներս, շատ լավ գիտենք նրան: Սամվելը շատ այլանդակ կերպար է եւ մարդ է ման գալիս, որ գլխին սարքի: Այդ օրը այնքան խմած էր, որ ընկել է, թե չէ նրան ոչ ոք չի ծեծել»,-նշեց շուկայի աշխատակից 20-ամյա Արթուրը: Տոնավաճառի աշխատակիցները նաեւ պատմեցին, որ Սամվելն իրենց ասել է, թե իբր ոստիկանությունում իրեն 3 օր պահել են եւ ստիպել, որ նա իրեն ծեծի ենթարկելու մեջ մեղադրի Արմանին, ինքն էլ վախից գնացել է այդ քայլին:
Այցելեցինք նաեւ թիվ 29 կրպակ, որտեղ այդ գիշեր հարբեցողությամբ են զբաղվել  Արմանը, Սամվելը եւ Արսենը: Կրպակի աշխատակցուհի Նարինեն նշեց, որ այդ օրը Սամվելը վնասված եկել է կրպակ եւ ասել, թե ընկել է եւ դրանից է դեմքը վնասվել: «Նրանք շատ խմած  էին ու էլի խմիչք ուզեցին, ես էլ ասացի` դո՛ւրս եկեք, ձեզ խմիչք չեմ տա: Էլ ոչինչ չգիտեմ, բայց ձեզ հաստատ բան եմ ասում, որ Արմանը ինձ մոտ կրպակում նստած էր, երբ ավելի ուշ կրպակ մտավ Սամվելը` արդեն վնասված, ու ասաց, թե ընկել է»,-պնդեց Նարինեն:
Փորձեցինք զրուցել նաեւ Սամվել Մեջլումյանի հետ, սակայն չկարողացանք հանդիպել նրան, իսկ տոնավաճառի աշխատակիցները նշեցին, որ կապ չունեն նրա հետ եւ չգիտեն,  թե որտեղ կլինի: Իսկ Սամվելի հետ հեռախոսով կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. նա չպատասխանեց մեր զանգերին:
Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ «Անահիտ» տոնավաճառի տնօրենի հետ, սակայն աշխատակիցներից մեկը նշեց, թե նա այժմ քաղաքում չէ: Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ տնօրենը չի ցանկանում մեկնաբանություն տալ` պատճառաբանելով. «Իրանք գիտեն, իրենց վեճն է, ես չեմ խառնվում, թող գնան ու հարթեն»:
Զրուցեցինք նաեւ այս գործով քննիչ Սուրեն Նավոյանի հետ: Վերջինս նշեց, թե Ա. Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ նույն հոդվածի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): «Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ Ա. Երիցյանը գտնվում է հոգեբուժական փորձաքննությունների կենտրոնում, եւ ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն է նշանակված»,-ասաց նա:  

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս