ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին նշեցինք հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձը: Ներկայացնում ենք հայկական բանակում ծառայած հայտնիներին, որոնք հիշում են  իրենց բանակային տարիներն ու  մաղթանքներ հղում բոլոր զինվորներին:

ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Զինվորական համազգեստ հագնելիս արդեն իսկ հպարտության զգացում ես ունենում: Ծառայության ընթացքում էլ ձեռք ես բերում ընկերներ, ում հետ կիսում ես ուրախ եւ տխուր օրերդ: Հետագայում էլ այդ հիշողությունները մնում են քեզ հետ:
Երբեք չեմ հրաժարվել զինվորների համար երգել: Բանակում ծառայող բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն, բարի վերադարձ: Մենք մեզ ապահով եւ պաշտպանված ենք զգում ձեր շնորհիվ:

ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Ծառայել եմ 1999-2001թթ. Երեւանում` հատուկ նշանակության զորամասում: Այնտեղ բավական կազմակերպված էր ամեն ինչ, պայմաններն էլ վատը չէին: Հետաքրքիր դեպքեր շատ են եղել, բայց այս պահին չեմ հիշի: Գառնու ձորում մասնակցել եմ շատ զորավարժությունների` զենքով եւ հետախուզական բոլոր պարագաներով: Սերժանտ եմ եղել: Բանակից ընկեր մնացել են 2-3 հոգի:
Ես հարգում եմ բոլոր այն տղերքին, որոնք ծառայում են այսօր, ոչ թե ունեցվածք են վաճառում, որ խուսափեն ծառայությունից: Խոսքս կասեմ ծնողներին` եթե տղա է, պետք է ծառայի, վառոդի հոտը զգա:  

ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆ
-Ծառայել եմ 1999-2001թթ., սկզբում Լուսակերտի զորամասում, հետո Մեղրիում:
Ծառայության այդ 2 տարիները տղային դարձնում են ավելի դիմացկուն: Դու սովորում ես  ապրել առանց հարազատի, ընկերոջ, մամայի ու պապայի: Սկսում ես համակերպվել դժվարությունների հետ: Լավ կլինի, որ չծառայեն, կամ էլ, ինչպես արտասահմանում է, վճարովի լինի ծառայությունը: Երբ մեկնեցի ծառայության, այդ ժամանակ պարում էի Պարի պետական ստուդիայում ու կարծես 2 տարի անիմաստ գնաց իմ կյանքից, իսկ ես պրոֆեսիոնալ պարի ճանապարհին էի: Հետո, երբ վերադարձա, մեջս ամեն ինչ կոտրվել էր, էլ չշարունակեցի:
Հետաքրքիր ու վտանգավոր դեպքեր շատ են եղել, մահից էլ եմ պրծել: Բանակից մի քանի ընկեր մնացել են, սակայն երկար ժամանակ է` չենք հանդիպել:
Մեր զինվորներին կմաղթեմ առողջություն, փորձանքների մեջ չընկնեն, ամեն քայլ անելուց կամ խոսք ասելուց առաջ մտածեն: Թող Աստված իրենց գլխավերեւում լինի: Ծառայությունը պարտք է, պետք է կատարեն, դրանից փախուստ չկա, բայց թող մեր տղերքն առողջ վերադառնան տուն:
Շնորհավոր մեր բանակի ծնունդը, ուզում եմ, որ գնալով ամրանա, հզորանա, որովհետեւ մեր բանակն է պահում մեր պետությունը ու պիտի պահի: Հզոր բանակ եւ անկոտրում կամք:

ՋՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Ծառայել եմ 1998-2000թթ., Ապարանի զինկոմիսարիատից զորակոչվել եմ Արարատի մարզ: Երկու տարի տնից հեռու մնալով` սովորում ես տղամարդկություն, ինքնահաստատվում ես, մեծանում է սերը հայրենիքի հանդեպ:
Բանակային կյանքում խոչընդոտներ շատ չեն եղել, բայց երբ նոր ես գնում, լարվածություն լինում է: Չնայած ես այն կարծիքին եմ, որ ամեն ինչ կախված է մարդու տեսակից: Դու պետք է քեզ տրամադրես, որ մոտակա տարիների ընթացքում դա քո տունն է, գիտակցես, որ ծառայելը  քո պարտականությունն է: Բանակային ընկերներ նույնպես ունեմ:
Ես ծառայել եմ նաեւ Հոկտեմբերյանի ուչեբկայում, հետո նորից տեղափոխվել եմ Արարատ` որպես կրտսեր սերժանտ: Ավագ սերժանտի կոչմամբ զորացրվել եմ: Կարգապահ զինվոր եմ եղել, նույնիսկ ուստավի մրցույթ է անցկացվել մեզ մոտ, ես եմ հաղթել, եղել եմ նաեւ տանկի հրամանատար: Դիրքերում, որտեղ ծառայել եմ, բանաստեղծություններ էի գրել, մինչեւ հիմա էլ պատին կպցրած է:
Իմ ծառայության տարիներին սպարապետ Վազգեն Սարգսյանի մահվան դեպքը եղավ, ու ես գրեցի «Սպարապետ» երգը, որը մինչեւ օրս 58.831 զորամասի օրհներգն է: Այդ զորամասը Վազգեն Սարգսյանի տան հարեւանությամբ էր:
Ամենակարեւորը, ինչը կարելի է մաղթել մեր զինվորներին, խաղաղ ու անհոգ ծառայություն, որ գնան հասնեն իրենց հարազատներին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս