Հերթական գողությունը երկաթուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների:
2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել են: Միայն հունվարի 7-ից 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը 5 անգամ գողացել է կապի մալուխը Պռոշյան-Եղվարդ հատվածում:
Ոստիկանության և “ՀԿԵ” ՓԲԸ աշխատակիցները կարողացել են հայտնաբերել հնարավոր հանցագործին՝ բնակության վայր չունեցող երիտասարդին: Երկաթուղու հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվեց նաև գողոնը՝ 17 մետր կապի մալուխը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին ,Հարավկովկասյան երկաթուղուե վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները պարբերաբար գողանում էին կապի մալուխները՝ հանձնելով այն շատ ցածր գնով որպես մետաղյա ջարդոն:
Արդյունքում, երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցեց 536 000 դրամ:
“ՀԿԵ” ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, երկաթուղու և գնացքների անվտանգության համար:




Լրահոս