ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցած շաբաթ ԵԽԽՎ-ն դեմ քվեարկեց “Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում” զեկույցին, որտեղ բավական կոշտ գնահատականներ կային Ադրբեջանում հետապնդումների կապակցությամբ: Այդ քվեարկությունից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մեծ աղմուկ բարձրացրին` ԵԽԽՎ-ին մեղադրելով ադրբեջանամետության մեջ: Մինչդեռ այս հարցում իր մեղավորությունն ունի նաեւ հայկական պատվիրակությունը, որը չի կարողացել հակաադրբեջանական լոբբինգ իրականացնել ԵԽԽՎ-ում` պատգամավորներին համոզելով, այնուամենայնիվ, կողմ քվեարկել նախագծին:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ մեր պատվիրակության անպատրաստվածությո՞ւնն էր պատճառը, որ ունեցանք այսպիսի պատկեր, թե՞ ԵԽԽՎ-ն իրականում կողմնակալ որոշում կայացրեց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանի նավթադոլարները շատ ավելի մեծ արժեք ունեն Եվրոպայի խորհրդում: Չեմ կարծում, որ մենք այստեղ պետք է թերագնահատենք մեր պետական պատվիրակությանը: Կարծում եմ՝ մենք պետք է ավելի ամրապնդենք մեր պատվիրակությունը՝ անկախ կուսակցությունների ունեցած խնդիրներից: Պետության մեկ ընդհանուր խնդրի շուրջ պետք է միավորվենք: Ավելի հակված եմ կարծելու, որ այստեղ, ճիշտ է, Ադրբեջանի գործողությունները կարող են լինել ավելի կազմակերպված, բայց դա չի նշանակում, որ հայկական պատվիրակությանը պետք է քննադատենք եւ թուլացնենք մեր դիրքերը:
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր պատվիրակության փորձառությանը չեմ կասկածում: Մեր պատվիրակության անդամները մեծ փորձ ունեն ԵԽԽՎ-ում հայկական շահերը պաշտպանելու համար: Վերջին ժամանակներում մի շատ տխուր եւ զզվելի իրողություն ենք նշմարում՝ այսպես ասած կարիերային դիվանագիտությունն է սկսել գլուխ բարձրացնել եւ մեծ գլուխ է բարձրացրել եվրոպական կուլիսներում, որը բավական տխուր իրողություն է: Զարմանում եմ՝ ժողովրդավարության, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության բնօրրանը համարվող Եվրոպան եւ իր կառույցներն ինչպես են իրենց թույլ տալիս այդպիսի բաներ: Ակնհայտ է, որ այս ամենի հիմքում ընկած է կարիերային դիվանագիտությունը: Իհարկե, այս ամենով չեմ ուզում արդարացնել մեր պատվիրակությանը եւ ամեն գնով պաշտպանել, բայց նաեւ գիտեմ, որ պատվիրակությունը իրենից կախված ամեն ինչ արել է: Ընչաքաղցությունը կարծես թե սկսում է հաղթել բարոյականությանը եւ բանականությանը:
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս