Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանն իր համար երգեր գրելու ժամանակ չունի, փոխարենը` դա անում է գործընկերների համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ երգարվեստում առանձնանալու բարդություններին, պարզաբանել, թե ինչու հայերեն երգեր չի գրում եւ չի թաքցրել, որ իր երակներով հոսում է նաեւ հրեական արյուն:
-Նի՛կ, վերջին շրջանում ինքներդ նոր երգով հանդես չեք գալիս, փոխարենը` աշխատում եք տարբեր երգիչների հետ. համագործակցությունը հե՞շտ է ստացվում:
-Հիմա երգիչ-երգչուհիների համար գրած ստեղծագործություններիս վրա եմ աշխատում, իսկ իմ սեփական երգի վրա աշխատելու ժամանակ պարզապես չկա: Համագործակցում եմ Սոֆի Մխեյանի, Աննա Խաչատրյանի, Ռաիսա Ավանեսյանի եւ այլ արտիստների հետ: Նաեւ որպես հոբբի զբաղվում եմ ռեժիսորությամբ: Հայ երգիչների հետ աշխատանքի դժվարությունը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ նրանցից շատերն իրենց սեփական կարծիքը չունեն, երգարվեստին առնչվող հարցերի շուրջ հարցուփորձ են անում սրան-նրան եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց խորհուրդների հիման վրա եզրակացություններ են անում: Իսկ ինձ հիմնականում դիմում են մարդիկ, որոնք ցանկություն ունեն հայկական ստանդարտից դուրս ինչ-որ բան ստանալ:
-Երգերը, որոնցով Դուք հանդես եք գալիս, հիմնականում անգլերեն են: Չե՞ք վախենում, որ Ձեզ կարող են քննադատել` օտար լեզուն մայրենիից գերադասելու համար: Կասեն` ի վերջո, Դուք հայ եք, Ձեր մայրենի լեզուն էլ հայերենն է…
-Դե այնքան էլ հայ չեմ, բայց ոչինչ… (ծիծաղում է):
-Այսինքն` Ձեր մեջ այլազգիի արյուն էլ է հոսու՞մ:
-Այո, ես կիսահրեա-կիսահայ եմ. հայրս հրեա է… Բայց ով ինչ ուզում է` թող մտածի. եթե ես հայերեն երգելով` ինձ չեմ զգում՝ ինչպես ձուկը ջրում, ես դա չեմ անի: Գիտեմ, որ Հայաստանում ընդունվելու համար հարկավոր է հայերեն երգել, սակայն իմ դեպքում դա սուտ կլինի: Երբ ես հայերեն եմ երգում, ոչ ոք ոչ մի բառ չի հասկանում: Ես չեմ զգում հայերենն այնպես, ինչպես անգլերենը. այս լեզվով ես ավելի հեշտությամբ եմ էմոցիաներս հաղորդում ունկնդրին, ինքս անգլերեն տեքստեր եմ գրում, ուրիշի գրած հայերեն տեքստերով երգել էլ չեմ ուզում:
-Իսկ հայաստանյան շուկայում առանձնանալը ձեռնտու՞ է:
-Դա հեշտ է, բայց ձեռնտու չէ: Տարիների ընթացքում ստեղծված «քառակուսուց» դուրս ինչ էլ անես` առանձնանում ես, բայց դա ձեռնտու չէ, քանի որ մեր ազգը «քառակուսի» բաներ սիրում է եւ, բնականաբար, դրա դիմաց լավ է վճարում:
-Արտերկրում մնալու շատ հնարավորություններ եք ունեցել, երբեմն այստեղից «փախչում եք», բայց երկար չեք դիմանում դրսում, էլի հետ եք գալիս: Ի՞նչն է ստիպում գնալ եւ ի՞նչը` կրկին վերադառնալ:
-Արտերկրից համագործակցությունների` տարբեր ստուդիաներում աշխատելու, ֆիլմերի համար երաժշտություններ գրելու, երկարատեւ մնալու շատ առաջարկներ են եղել, բայց ես չեմ կարողանում դրսում ապրել: Որոշ մարդկանց թվում է, թե ես մեր երկրի հետ կապ չունեմ, բայց իրականում ես ավելի շատ կապ ունեմ, քան այն մարդիկ, որոնք ժողովրդական երգեր են երգում ու փողոցներում «Հայաստան» գոռալով՝ ման են գալիս: Ես դրսում երեք շաբաթից ավել չեմ կարողանում ապրել. հենց դրանից ավել եմ մնում` մոտս խուճապ է սկսվում: Առհասարակ, երբ ես այստեղից գնում եմ, իմ խնդիրը ոչ թե հայրենիքիս հետ է կապված լինում, այլ` այստեղի «մոխրագույն մասսայի»: Պարզապես մարդկային գործոն կա, որը չի թողնում` երկար ժամանակ Հայաստանում մնալ: Մեկ-մեկ ուզում ես մաքուր օդ շնչել, ուրիշ մասսա տեսնել, բայց հետո՝ էլի վերադառնալ:
-Մեկ ամիս առաջ Ձեր մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը եթեր չգնաց այն պատճառով, որ Դուք դրա շրջանակում սենդվիչներ էիք պատրաստել Բաղրամյանում գտնվող ցուցարարների համար: Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին:
-Երեւի հեռարձակողները մտածեցին, որ ծրագիրը քաղաքականացվել է ու այն եթեր չտվեցին, բայց նման բան չկար. ծրագրի սկզբում էլ այդ մասին զգուշացվել էր… Սակայն իրականում դա ինձ ավելի շատ ուրախացրեց, քանի որ տեսանյութը համացանցով ավելի լայն տարածում գտավ, եւ ով երբեւէ չէր լսել իմ մասին` լսեց…
«ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ԲԱԶԱՐՈՒՄ ՁՄԵՐՈՒԿ Է ԾԱԽՈՒՄ…»
Օրերս Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան պուրակում բացվեց «Սրբացյալ ընտանիքներ» խորագրով քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տասը քանդակագործներ` Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից, երեք շաբաթների ընթացքում նոր մոտեցմամբ համադրել են տեղական տուֆ քարն ու մետաղը: Արդյունքում, նոր ստեղծված քանդակագործական աշխատանքներով կձեւավորվի հերթական պուրակը:
Քանդակագործ-մետաղագործ Հովհաննես Մնոյանը, ով եւս իր աշխատանքն է ներկայացրել սիմպոզիումին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ փորձի նման փոխանակման կարիք իրենք շատ ունեն. «Իրարից շատ բան սովորեցինք, թեման էլ սրտներիս մոտ էր: Ես ներկայացրել եմ հայ կնոջ կերպարը` ձուլելով այն սեւ մետաղից, Ցեղասպանության անմեղ զոհերից մեկին եմ անմահացրել»,-ասաց նա:
Քանդակագործն աշխատանքների տեղաբաշխման վերաբերյալ հայտնեց իր ցանկությունը. «Ճիշտ կլիներ, եթե արձանները քաղաքի տարբեր մասերում տեղադրեին: Նախորդ սիմպոզիումի աշխատանքները խմբով էին տեղադրել, կուզենայի՝ այս անգամ այդպես չլիներ»:
Հ.Մնոյանին գրավել է բելգիացի գործընկերոջ քանդակը. «Պատկերել էր կիսված Հայաստանի խորհրդանիշը` քարի միջոցով, այն կիսել էր երկու մասի` արեւելյան եւ արեւմտյան: Գաղափարական առումով լավ գործ էր»,-նկատեց նա:
Քանդակագործի խոսքով` իր մասնագիտության տեր անձիք նման միջոցառումներում դրսեւորվելու հնարավորություն ստանում են, սակայն մեծ մասամբ նրանք իրենց գործով զբաղվելու հնարավորություն չունեն. «Մարդիկ չեն կարողանում ստեղծագործել, քանի որ դրա համար միջոցներ են պետք: Այսօր ով ընտանիք ունի, քանդակագործությամբ զբաղվելու ժամանակ չունի… Քանդակագործը բազարում ձմերուկ է ծախում… Ինքս էլ մշտական կերպով չեմ զբաղվում իմ գործով, քանի որ դրանով չեմ կարողանում ընտանիք պահել»,-անկեղծացավ Հ.Մնոյանը:
Նա նաեւ խոստովանեց, որ կուզենար` իր քաղաքում տեղադրված որոշ քանդակներ անմխիթար վիճակում չտեսնել. «Այս խնդիրն էլի ֆինանսի հետ է կապված: Օրինակ` քանդակի համար անհրաժեշտ նյութն այնքան թանկ է, որ էժանագին քարից են քանդակը ստեղծում, որն էլ շատ շուտ քայքայվում-գնում է»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
94 ՄԻԱՎՈՐ Է ՀԱՎԱՔԵԼ
«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանն առաջին մրցութային օրը հնարավոր 99-ից հավաքել է 94 միավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մերիի ծնողները` Արթուր եւ Սերինե Քոչարյանները, ժյուրիի անդամներն ինը հոգի են եղել, Մերին չորս 11 միավոր է ստացել, մնացածները ելույթը գնահատել են 10: Ժյուրիի բոլոր ինն անդամները 11-եր են դրել միայն Ղազախստանի ներկայացուցչին:
Նշենք, որ մրցութային առաջին օրը Մերին նոր ստեղծագործություն է կատարել, որը նրա համար հեղինակել էին Գրիգոր Կյոկչյանը եւ Մարտին Միրզոյանը:
ԱՃՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ
Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունը Մեքսիկայից կտեղափոխեն Կոլումբիայի Կարտախենա քաղաք, որտեղ հեղինակն սկսել է իր կարիերան: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Բոլիվարի նահանգի իշխանությունները գրողի ընտանիքի հետ համաձայնության են եկել նոր թաղման վայրի շուրջ: Մարկեսի աճյունը կուղարկվի քաղաքի պատմական կենտրոնի վանքերից մեկը:
Հիշեցնենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը վախճանվել Է 2014 թվականի ապրիլի 17¬ին Մեխիկոյում` 87 տարեկան հասակում:
ԿՏԱՎԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՀԱՅՐԵՆԻՔ
Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ աղջկա գլուխը» կտավը, որն առգրավվել էր Կորսիկայում, մոտ ժամանակում կվերադարձվի հայրենիք՝ Իսպանիա: Այս մասին գրում է РИА Новости-ն։ Ինքնաթիռը, որում գտնվում է կտավը, թռել է կորսիկյան Բաստիա քաղաքից։ Նշանակման կետը, ուր պետք է տեղափոխվի նկարը, չի հաղորդվում։
Օգոստոսի սկզբին ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Կորսիկայում մաքսային զննության ժամանակ նավում հայտնաբերվել է Պիկասոյի կտավը։ Աշխատանքը, որն արվել է 1913-ին, գնահատվում է 25 մլն եվրո։ Կտավը պատկանում է իսպանացի բանկիր Ջեյմի Բոտենին։