ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄՈՌԱՑԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ն ՈՒ ՄԱՐՏԻ 1-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունները մշտապես եղել են ներքաղաքական դաշտի կարեւոր թեմաներից մեկը: Այս հանցագործությունների բացահայտման պահանջը մշտապես եղել է ընդդիմադիր ուժերի օրակարգում: Պատճառն ակնհայտ է` երկու հանցագործություններն էլ մեծ հարված էին` ուղղված Հայաստանի Հանրապետությանը, հայոց պետականության հիմքերին: Միայն թե, զարմանալի զուգադիպությամբ, 2013թ. նախագահական ընտրությունների մասնակից ոչ բոլոր թեկնածուներն են իրենց ծրագրերում կարեւորել այս երկու ոճրագործությունների բացահայտման անհրաժեշտությունը:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին իր նախընտրական ծրագրում հիշել է միայն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բացահայտել եւ արդարադատություն իրականացնել 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության եւ հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր գործողությունների եւ դրանց մեղավորների նկատմամբ»,-«Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարություն եւ պայքար կոռուպցիայի դեմ» խորագրի տակ գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնինչ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված զազրելի ոճրագործության բացահայտման մասին իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել թեկնածուներից ոչ մեկը: Նշենք, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ում տեղի է ունեցել նախագահական 2  ընտրություն: Եվ նախագահի առաջատար ընդդիմադիր թեկնածուները` 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, առանձնահատուկ կերպով են կարեւորել հոկտեմբերի 27-ի բացահայտումը: Մինչդեռ հիմա այս թեման կարծես թե մոռացության է մատնվում:
Եթե 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարարի, իսկ 2008թ. մարտի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի լռությունն այս հանցագործությունների հանդեպ կարելի է «հասկանալ», ապա մյուս թեկնածուների դեպքում այս հանգամանքն անհասկանալի է:
Թեկնածուներից, օրինակ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եղել է 2008թ. ձեւավորված համաժողովրդական շարժման առաջնորդներից, ավելին, մարտի 1-ի առավոտյան ձերբակալել էին նաեւ Բագրատյանին, բայց կարճ ժամանակ անց նախկին վարչապետին ազատ էին արձակել: Ուստի երեկ Հրանտ Բագրատյանի խոսնակ Կարինե Հարությունյանին հարցրինք` ինչու թեկնածուի նախընտրական ծրագրում որեւէ խոսք չկա հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի բացահայտումների մասին: «Հրանտ Բագրատյանն իր հանդիպումներում մշտապես անդրադառնում է մարտի 1-ին եւ հոկտեմբերի 27-ին, եւ մենք առաջիկայում նախատեսում ենք հանդիպում մարտի 1-ի զոհերի հարազատների հետ»,-մեկնաբանեց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ պարզաբանեց Հովհաննիսյանի կողմից հոկտեմբերի 27-ին չանդրադառնալու հանգամանքը: «Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես բարձրաձայնել է հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին ու դա արել բազմիցս»,-նշեց Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ նախընտրական ծրագրում այդ մասին առանձնահատուկ կերպով չնշելը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսպես մեկնաբանեց. «Իմ նախընտրական ծրագրահենքի նյութերը բավական խիտ են, ես անգամ կենսագրությունս ստիպված եղա կրճատել: Եթե մարդը ներկայացնում է իր ոլորտների վերաբերյալ սկզբունքները, դրանից արդեն կարելի է կռահել նրա վերաբերմունքը մասնավոր դեպքերի հանդեպ: Ես, օրինակ, իմ ազգային-արժեքային համակարգում անդրադարձ ունեմ, որ մենք հաշվեհարդարով չենք զբաղվելու, բայց օրինականությունը պետք է քննարկվի, վերանայվի նաեւ անցյալում կարեւոր նշանակություն ունեցած հարցերի հանդեպ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս