Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ «Մարաթուկ» ՍՊԸ-ն բաց նամակով տեղեկացնում էր Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության գործունեության մասին և վերջիններիս մեղադրում իրենց դեմ արշավ սկսելու մեջ: Պարզաբանում ստանալու նպատակով Armlur.am-ը դիմեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որից ի պատասխան ստացանք հետևյալ պարզաբանումը.
«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մի շարք դիմում-բողոքների, ինչպես նաև մամուլի հրապարակումների հիման վրա հարուցել է վարչական վարույթ՝ «Մարաթուկ» ՍՊ ընկերության հանդեպ: Այս պահին վարույթը ընթացքի մեջ է: Ընկերությունը մեղադրվում է հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Հանձնաժողովը մշտապես գործել և գործում է բացառապես օրենքի սահմանում: ՏՄՊՊՀ բոլոր որոշումներն իրավաչափ են և առավել քան հիմնավոր, ինչի վկայությունն այն է, որ վերջին մի քանի տարիների կտրվածքով դատական կարգով բողոքարկված Հանձնաժողովի բոլոր որոշումները մնացել են անփոփոխ՝ ուժի մեջ: ՏՄՊՊՀ-ի կողմից ընդունվող բոլոր որոշումները հրապարակային են՝ հասանելի ինչպես հանրությանը, այնպես էլ տնտեսվարողներին: «Մարաթուկ» ՍՊ ընկերության վարույթը ևս բացառություն չէ: Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկանա վարույթի ընթացքին և Հանձնաժողովի վերջնական որոշմանը:
Ինչ վերաբերում է ընկերության դեմ Հանձնաժողովին բողոք ներկայացրած քաղաքացիներից մեկին, որն իբրև թե հաշվառված չէ տվյալ հասցեում, ապա, տեղեկացնենք, որ օրենքի տարրական իմացությունը պետք է որ Ձեզ բաց նամակով դիմած անձին հուշեր, որ քաղաքացին դիմումի մեջ սովորաբար նշում է այն հասցեն, որով կարող է ծանուցումներ ստանալ և բնավ պարտադիր չէ, որ վերջինը հաշվառված լինի հենց տվյալ հասցեում: Նման իրավական նորմ գոյություն չունի»: