Երկու օրից կմեկնարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նախատեսվող աուդիտը, որն էլ կտա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորվածության պատասխանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Բազե» ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Երկուսից երեք ամսվա ընթացքում աուդիտը կավարտվի և, կախված դրա արդյունքներից, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Կառավարությունը փորձելու է նաև քայլեր ձեռնարկել, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բեռ չլինի քաղաքացիների վրա, եթե, իհարկե, աուդիտի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվում անցկացվող խորհրդատվությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավորվածությունը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը` հիշեցնելով, որ արդեն իսկ ընտրվել է այն ընկերությունը, որը ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է իրականացնելու:
Վարչապետը նշել է նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամ թանկացումը մինչ աուդիտի ավարտը կառավարությունը վերցրել է իր վրա, որը պետք է փոխհատուցի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքից ստացված միջոցներից: