ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: Մարզային լրագրողներին Բագրատյաը նախ ներկայացրեց իր ծրագրային դրույթները, ապա պատասխանեց նրանց հարցերին: Սկզբում Բագրատյանը նկատեց, որ այժմ մեր երկրում սոցիալական ահռելի օտարացում է տիրում: Նա նշեց, թե ԱԺ-ում բյուջեին վերաբերող բազմաթիվ հարցեր է բարձրացրել, բայց ոչ մի պատասխան չի ստացել. «Այստեղ միլիարդների կարողություն ունեցող մարդը հարկվում է այնպես, ինչպես եւ աղքատ քաղաքացին: Մենք պնդում ենք, որ շատ արագ պետք է ազատվել ավելացված արժեքի հարկից, անցնել դիֆերենցված հարկին, որը չի խրախուսում բեւեռացումը: Պետք է լուծենք տարբեր ռեգիոններում ճիշտ վարձատրության խնդիրը: Եթե ես գրանցված եմ Գյումրիում, բայց ապրում եմ Երեւանում, ինձնից գանձված եկամտահարկի 50 տոկոսը պետք է փոխանցվի Գյումրու բյուջե»: Բագրատյանը վստահ է, որ իր առաջարկած հարկային բարեփոխումների իրականացումը կհանգեցնի նրան, որ այլեւս շահավետ չի դառնա «օլիգարխիկ կառույցներ» արտահայտությունը: Նրա կարծիքով՝ պետք է կտրել կապը իշխանության եւ օլիգարխների միջեւ. «Հանրապետության ղեկավարությունից, համար մեկ դեմքից սկսած՝ խոշոր բիզնեսներ ունեցող մարդիկ են: Դա հատկապես ցայտուն դրսեւորվում է ՀՀ երկրորդ նախագահի մոտ, մենք գիտենք, որ նա պարզապես միլիարդատեր է: Աղքատ մարդ չէ նաեւ հանրապետության երրորդ նախագահը»: Բագրատյանի մեկնաբանմամբ՝ այս մարդիկ ունեն իրենց տնտեսական շահերը, ինչն իր համար անընդունելի է: Ըստ նրա՝ եթե մարդն անցնում է քաղաքական գործունեության, դառնում նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ եւ այլն, պետք է ունեցվածքը հանձնի պետական կառավարման, ինչը վերջ կտա իշխանության եւ օլիգարխիայի միաձուլմանը. «Այս երեւույթը մի քաղցկեղ է, որ հատուկ է մեր երկրին, եւ դա անպայման պետք է բուժվի»:
Անդրադառնալով իր վարչապետ եղած տարիներին՝ Բագրատյանը հավաստիացրեց, որ այդ ընթացքում Գյումրիում ոչինչ չի կազմաքանդվել, ինչպես թվում է ոմանց: Նա հիշեցրեց, որ  այդ  տարիներին Համաշխարհային բանկից բերած վարկերի շնորհիվ կարողացել է հնարավորություն ստեղծել արտադրական ձեռնարկությունների վերագործարկման համար, մինչդեռ իրենից առաջ Հայաստանում երեք վարչապետեր են փոխվել, որոնց օրոք ոչ մի ձեռնարկություն, գործարան չի կառուցվել:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ ներկայում իր ունեցած կապերին՝ նա նշեց, որ դեռեւս օգոստոսից Կոնգրեսում սառեցրել է իր գործունեությունը: Նախագահի թեկնածուին հավաստիություն չի ներշնչում իշխանության թեկնածուի առաջադրումը, քանի որ նախորդ ընտրություններին տված նրա խոստումներից բացարձակապես ոչինչ չի կատարվել, բացառությամբ կենսաթոշակների, որոնք բարձրացվել են ընդամենը 14 տոկոսով, այն էլ խոստացված 100 տոկոսի փոխարեն. «Սերժ Սարգսյանը ապրիլին ՀՀԿ համագումարում ելույթ ունեցավ ու թվեր ներկայացրեց: Ես նամակ գրեցի, որում ասացի, թե նրա բերած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Այդպես էլ չպատասխանեց այդ նամակին: Այս անգամ նա դարձյալ ծրագիր է ներկայացրել, որում ոչ մի թիվ, ոչ մի կոնկրետ խոստում չկա»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս