«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրականում դերասան ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ թատերական կրթություն չունի, 1 տարի հաճախել է «Հայֆիլմ» կինոդերասանական ստուդիա ու վերջ: Սակայն, ինչպես ինքը նշեց, իր ունեցած փորձն այնքան է, որ իրեն համարում է պրոֆեսիոնալ դերասան:
-Հումորային ժանրի դերասան եք, Դո՞ւք եք ընտրել այդ ժանրը, թե՞ այդպես ստացվել է:
-Ճակատագիրն է ընտրել: Ես փոքրուց երազում էի դառնալ բեմի մարդ, շատ միամիտ ստացվեց հումորային դերեր խաղալս: Հետո հասկացա, որ այս ժանրն ինձ հոգեհարազատ է, բայց այնպես չէ, որ դրամատիկ դերեր չեմ կարողանում խաղալ, դրանք էլ են ինձ մոտ լավ ստացվում: Ես մասնագիտությամբ ինձ դերասան եմ համարում, չնայած այսօր նույնիսկ տաքսու վարորդը կարող է մի կադրում նկարվել ու իրեն դերասան համարել: Նկարահանվում եմ «Կարգին սերիալ»-ում, «32 ատամ»-ում, խաղում եմ Կամերային թատրոնում:
-Ասում են` հայ հանդիսատեսին բարդ է ծիծաղեցնելը:
-Ես գոհ եմ հայ հանդիսատեսից, նրանք ինձ են սիրում, ես` իրենց: Այսքան ժամանակ քննադատություն չեմ ստացել: Ի դեպ, ինձ էլ է բարդ ծիծաղեցնել: Ես երբեք չեմ ծիծաղում իմ ոչ մի արածի վրա, բայց մարդկանց ժպիտ պարգեւել կարողանում եմ:
-Իրական կյանքում թեկուզ մի քիչ նմա՞ն եք Ձեր կերպարներին:
-Բոլորովին, ես ո՛չ Զուլալն եմ, ո՛չ էլ Աբադոկ Սմբոն: Իրականում ավելի լուրջ եմ, հանգիստ:
-Սերիալներում նկարահանվելու առաջարկ չե՞ք ստացել:
-Շատ առաջարկներ են եղել, ես չեմ նկարահանվի. ոչ թե այն պատճառով, որ ինձ բարձր եմ գնահատում, այլ ուղղակի չեմ նկարահանվի: Առանց այդ էլ զբաղվածությունս հեռուստաեթերում քիչ չէ, մի հատ էլ սերիալ…
-Դուք ինքներդ դերասանի դիպլոմ չունեք, Ձեր կողքին կան էլի մարդիկ, որոնք մասնագիտական կրթություն չունեն ու նկարահանվում են, ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:
-Շատ վատ, այսօր չգիտես ինչ քասթինգ սքուլներ ու ստուդիաներ են բացվել, որ, ներողություն արտահայտությանս համար, եսիմ ովքեր են նկարահանվում ու իրենց էլ համարում դերասան-դերասանուհի: Դա նույնն է, ինչ վեր կենամ ասեմ` ես վիրաբույժ եմ: Հայաստանի կեսը սերիալներում նկարվում է ու դառնում դերասան: Ես էլ ինձ դերասան համարեմ, կոշկակա՞րն էլ: Հասկանում եմ, որ լավ դերասանին բարձր պետք է վարձատրեն, իսկ պատահական մեկին 5000 դրամ էլ տան, կնկարվի: Ես ունեմ հստակ սահմանված շատ մեծ գին, ու ինձ պատրաստ են տալ այդ հոնորարը, բայց ես չեմ գնա ու միայն գումարի համար չեմ նկարվի: Շատ վատ եմ վերաբերում, երբ նույն  նկարահանման հրապարակում խաղում է ե՛ւ ժողովրդական արտիստը, ե՛ւ ինչ-որ գեղեցկադեմ աղջիկ, որը դերասանության հետ բացարձակապես կապ չունի:
-Սերիալներում չեք նկարահանվում, իսկ ֆիլմեր էլ տարվա մեջ մի քանի հատ են նկարում, առանձնապես եռուզեռ չկա:
-Ո՞վ ասաց: Այս տարվա համար արդեն ունեմ երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ` մեկը՝ Հայաստանից, մյուսը` Ռուսաստանից:
-Կորպորատիվ երեկոներ վարո՞ւմ եք:
-Նմանատիպ բաներ չեմ անում, միայն այն դեպքում, երբ հանդես գանք ես ու Անդոն կամ «32 ատամ»-ի տղաների հետ մի 5 րոպեով:
-Լսել եմ՝ թամադայությունը շահավետ գործ է:
-Գուցե, բայց դեռ իմ ժամանակը չի եկել: Կարծում եմ՝ թամադան պետք է մի քիչ տարիքով լինի, որ իր ասածին հավատան: Մի 10 տարուց թամադայության ժամանակս կգա:
-Ակտի՞վ եք որպես քաղաքացի:
-Չէ՛, ես ոչ մի բանի չեմ մասնակցում, ինչի՞ մասնակցեմ, եթե իմ կարծիքը հաշվի չեն առնում ոչ մի տեղ: Ինչո՞ւ իզուր էներգիա ու ժամանակ կորցնեմ: Ավելի լավ է այդ ժամանակ մի սիրուն աղջկա հետ սուրճ խմեմ, քան գնամ ինչ-որ ընտրությունների:
-Չե՞ք հավատում Ձեր քվեի ուժին:
-Հայաստանում ես ոչ մեկի քվեի ուժին չեմ հավատում:
-Գալիք նախագահական ընտրություններին չե՞ք քվեարկելու:
-Արդեն կլինի երկրորդ նախագահական ընտրությունները, որ չեմ մասնակցել ու գալիքին էլ չեմ մասնակցելու: Իսկ լավ ապագա ունենալու համար ինքս իմ վրա եմ աշխատում, իմ ձեռքերով եմ ստեղծում ապագաս:
-Մի՞թե արտագաղթելու ցանկություն ունեք:
-Այո՛, բայց ոչ թե արտագաղթելու, այլ գնալ աշխատելու, առաջարկ էլ ունեմ, այս տարի երեւի կգնամ, չեմ ասում ընդմիշտ, բայց գնալու եմ ուրիշ տեղ ապրեմ:
-Եթե չեմ սխալվում, ծնունդով Երեւանից չեք:
-Հոկտեմբերյանից եմ, ծնողներս մինչ այսօր էլ այնտեղ են բնակվում: Ես այնտեղի գրանցումից դեռ դուրս չեմ եկել, իմ հողն ու ջուրը շատ եմ սիրում, իմ մանկությունն այնտեղ է անցել: Ամեն շաբաթ-կիրակի էլ գնում եմ գյուղ: Սիրում եմ գյուղի կյանքն ու ինձ համարում գյուղացի տղա: Հիմա բնակվում եմ քաղաքում, չնայած կարող է մեռնեմ ԱՄՆ-ում:
-Ընտանիք կազմելու ժամանակն է, այդ մասին ի՞նչ եք մտածում:
-Մինչ այսօր չեմ գտել, փնտրում եմ, բայց չեմ ուզում պլանավորել, օրը կգա, բարին էլ հետը: Ես այդ հարցին շատ լուրջ եմ վերաբերում, իմ կինը պետք է լինի օրինապաշտ, ինձ հավատարիմ ու երջանիկ լինի ինձ հետ մինչ խոր ծերություն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս