կոչ եմ անում դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է նախագահի թեկնածու՝ Պարույր Հայրիկյանին՝ կոչ անելով դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:

«Հարգելի պարոն Հայրիկյան,

Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը եւս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովելու ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության եւ ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, եւ Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:

Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաեւ մեր երկրում ազատ եւ արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չէ, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների եւ ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել, չթույլատրել, որ ընտրակաշառք բաժանող եւ հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունն ապահովող ճանապարհը:

Հարգանքով՝

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյան»:




Լրահոս