«Ոչ թե հիշենք ու պահանջենք, այլ հիշենք ու խնդանք». Սաշուր Քալաշյանը` Համալիրի վաճառքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որն ավելի վաղ փոխանցվել էր պաշտպանության նախարարությանը, 30 միլիոն դոլարով վաճառվել է մասնավոր ընկերությանը: Նախատեսվում է, որ ընկերությունը կստեղծի ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծրագիրը որակեց որպես բարբարոսություն եւ վանդալիզմ:

-Պարո՛ն Քալաշյան, մարզահամերգային համալիրի վաճառքի ու դրա` ժամանցային կենտրոնի վերածման մասին որոշումն ինչպե՞ս կորակեք:

-Ես դա համարում եմ պետական մակարդակի օրինախախտում, քանի որ օրենսդրությամբ եւ փաստաթղթերով ունենք որոշում այն մասին, որ Ծիծեռնակաբերդի այգու ողջ տարածքը պաշտպանական գոտի է, իսկ մարզահամերգային համալիրի շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, այսինքն` դրանք որոշակի ռեժիմի տակ են, որեւէ կամային լուծում այս պարագայում չի կարող լինել: Իսկ եթե որեւէ բան ծրագրվում է, պետք է անցկացվի հանրային, մասնագիտական քննարկում, որից հետո նոր որոշում ընդունվի: Այս պարագայում խոսքը մի ամբողջ տարածք կառուցապատելու մասին է… Բոլոր դեպքերում, այս մասշտաբի որոշումն ինձ համար անհասկանալի է: Կա՛մ Կառավարությունը տեղյակ չէ համալիրը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառելու իր իսկ որոշման մասին, կա՛մ, պարզապես, իր համար հետաքրքիր չեն նման որոշումները. դրանք ուղղակի փաստաթղթեր են: Մշակութային արժեք հասկացությունը Կառավարության մոտ չի ընկալվում: Պատմամշակութային հուշարձանի պահպանումն այն կլիներ, որ որեւէ կառուցապատում չթույլատրվեր… Հիմա ինչի՞ համար է այս ամենն արվել. ուրեմն՝ թքա՞ծ ամեն օրենքի վրա, ոչ մի պետական փաստաթուղթ, ռեժիմ գոյություն չունի՞: Այս բարոյական կեցվածքն ինչո՞վ են արդարացնում: Սա վանդալիզմ է, ուրիշ ոչինչ:

-Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ կառուցվելու է զվարճանքների կենտրոն, խաղատուն: Արդյո՞ք այս կերպ չեն ոտնահարվում նաեւ մեր հոգեւոր արժեքներն ու ազգային արժանապատվությունը:

-Դե, դա արդեն ծաղրանք է, նշանակում է` վերջ, այլեւս ոչ թե պետք է հիշենք ու պահանջենք, այլ հիշենք ու խնդանք… Ի՞նչ է նշանակում զվարճանալ…Հիշել ու զվարճանալ…

-Այսինքն` սա զուտ պատմամշակութային կառույցի կորուստ չէ. խնդիրն ավելի խո՞րն է:

-Սա բարբարոսություն է:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս է գործում այս մեխանիզմը, ըստ որի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը հեշտորեն վաճառվում է, իսկ հանրության կարծիքը հաշվի չի առնվում:

-Շատ պարզ: Ինչ-որ բարձրաստիճան մարմին կամ մարդ գումարի խիստ կարիք է ունենում, իսկ այդ գումարը գտնելու ուղիներից մեկն էլ հենց սա է:

-Ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն ո՞վ է:

-ՀՀ մշակույթի նախարարությունը: Այդտեղից մասնակցել են Կառավարության որոշմանը, ուրեմն ո՞րն է եղել նրանց արձագանքը, ստորագրե՞լ են, համաձայնությո՞ւն են դրել տվյալ որոշման տակ, թե՞ մեկը գիշերը ստորագրել է ու որեւէ մեկին չի ասել այդ մասին…Այդ ի՞նչ երկնքից իջած կազմակերպություն է, որի տեղն ու անունն էլ չգիտեն, որն ընդամենը մեկ ամիս առաջ է ստեղծվել…Ինչի՞ համար. փո՞ղ էր պետք, փողի պատճառով կարելի է խախտել բարոյական ամեն սահմա՞ն:

-Հակառակ կողմը կարող է նշել, որ ներդրումների արդյունքում տնտեսությունը կզարգանա, նոր աշխատատեղեր կբացվեն…

-Բիզնեսն ու մշակույթը տարբեր ոլորտներ են: Մեկի շահը գումար վաստակելն է, մյուսինն էլ` մշակութային արժեք պահպանելը: Դրանք կարող են հակասության մեջ մտնել, բայց մեզ մոտ բիզնեսի օղակը խախտում է ամեն ինչ: Ուրեմն մենք թքած ունենք մշակույթի վրա: Եկեք, էլ չխոսենք տուրիզմի զարգացման մասին. այս կարգի վերաբերմունքով մենք պարզապես ծաղրի ենք արժանի:

-Այս կարգի ծրագիրն, ինչպես նշեցիք, կարիք ունի հանրային քննարկման, բացի այդ` թերեւս, ժողովրդի ակտիվությունը ստեղծված իրավիճակում եւս կարեւոր է:

-Այս ծրագիրն, ըստ օրենքի, պետք է դրվեր քննարկման. որտե՞ղ է կայացել դրա քննարկումը, որեւէ մեկն ունկնդրե՞լ է մասնագիտական կարծիքներ, գիտական խորհրդի եզրակացություն էր պետք…Հանրային խորհուրդ գոյություն ունի. այն աչքի տակ անցկացրե՞լ է այս հարցը: Այս խորհուրդն ինչի՞ համար ստեղծվեց, հիմա ո՞ւր է: Այդ ինչպե՞ս գիշերը քնեցինք, առավոտյան արթնացանք, տեսանք` որոշումն արդեն եղել է: Իսկ ժողովրդի ակտիվությունը հիմա շատ պետք է: Անցյալում ստեղծածը ոտնահարում ենք հօգուտ ո՞ւմ, մեր թշնամիների՞, ի վնաս մեր ժողովրդի՞: Այդ շահած կոպեկների դիմաց մենք ի՞նչ ենք կորցնում: Այս պայքարի ետեւից պետք է ժողովուրդը գնա, այլապես պայքարողների ձայնը կմնա օդի մեջ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս