Գործարարը բանակցությունների մեջ է եղել օլիգարխներից մեկի հետ. ինքնասպանության պատճառը ճնշումնե՞րն են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Էյֆֆել» անունը կրող ժամացույցների խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանի ինքնասպանությունը հարցականներ է առաջացրել նրա ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների մոտ: Մեզ հասած տեղեկություններով՝ հարազատները վստահ են, որ Գեորգին հենց այնպես նման քայլի չէր դիմի, առավել եւս՝ նման գրություն չէր թողնի, ի՞նչ է նշանակում՝ «ինձ ու ոչ ոքի չմեղադրել»: Մտերիմները մասնավոր զրույցներում նշում են, որ վերջին շրջանում Գեորգի Մկրտչյանը շատ մտահոգ տեսք ուներ: Գուցե պատճառը հարկային տուգանքն էր՝ մոտ 40 մլն դրամի չափով, նրան պատկանող «Յուսկ» կահույքի խանութի համար, որի սեփականատերերից են նաեւ Ռուսաստանում հայտնի երկու հայ մեծահարուստներ: Երեք սեփականատերերն այս տուգանքի հարցը վիճարկում են դատարանում․ այժմ դատաքննություն է ընթանում: Սակայն մտերիմները վստահ են, որ 40 մլն դրամը Գեորգի Մկրտչյանի համար մեծ գումար չէր, որի պատճառով նա նման քայլի դիմեր: Այս տուգանքի համար նրա դեմ նաեւ քրեական գործ է հարուցված եղել:

Մտերիմները նաեւ նշում են, որ գործարարը որեւէ թշնամի չուներ, այն, ինչի հասել էր, վաստակել էր իր աշխատանքով: Նրանք հակված են մտածել, որ սեփականատիրոջ վրա ճնշումներ են եղել, բիզնեսը խլելու փորձեր, ինչի պատճառով էլ նա նման քայլի է դիմել: Ասում են նաեւ, որ գործարարը տեւական ժամանակ բանակցությունների մեջ է եղել օլիգարխներից մեկի հետ՝ «Էյֆֆել» խանութների ցանցը վաճառելու շուրջ, սակայն նոտ 1 մլն դոլարանոց գործարքն այդպես էլ չի կայացել, կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, քանի որ գործարքը խիստ ոչ շահեկան է եղել Մկրտչյանի համար: Նրանք առայժմ չեն բարձրաձայնում օլիգարխի անունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս