Սեզոնային զբաղվածության ծրագրով 5629 անձ դարձել է ժամանակավոր զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան Զբաղվածության պետական գործակալության կողմից հանրապետության մարզերի գյուղական համայնքներում շարունակվում են տարեսկզբին մեկնարկած «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման աշխատանքները,- հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի բյուջեն նախորդ տարվա համեմատ այս տարի գրեթե կրկնապատկվել է: Այն կազմում է շուրջ 1.12 մլրդ, որի շրջանակներում նախատեսված է տարվա ընթացքում պայմանագիր կնքել 3217 հողօգտագործողի հետ:

Օգոստոսի 14-ի դրությամբ ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքվել 4342 հողօգտագործողի հետ. Արդյունքում 5629 շահառու դարձել է ժամանակավոր զբաղված: Ծրագրում ընդգրկված համայնքների ընդհանուր թիվը 460 է, մշակվող հողատարածքների չափը՝ 7076.745 հա:

Ծրագրի շրջանակներում մշակվել են նոր կուլտուրաներ, հիմնվել են պտղատու այգիներ: Հիմնական մշակաբույսերն են՝ խնձոր, դեղձ, ծիրան, տանձ, սալոր, ելակ, մորի, խաղող, ձմերուկ, ծխախոտ, վարունգ, պոմիդոր, լոբի, սոխ, պղպեղ, կաղամբ, ծաղկակաղամբ, սմբուկ, բամիա, ցորեն, կարտոֆիլ, գարի, դդում, եգիպտացորեն, ընկույզ, առվույտ, կորնգան, բնական խոտ:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակներում մեկ օրվա աշխատանքի դիմաց հողօգտագործողին և ծրագրում ընդգրկված հողօգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարվում է 4 հազարական դրամ, ևս 3 հազար դրամ վճարվում է ծրագրում ընդգրկված վարձու աշխատողին: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:

Նախնական հաշվարկներով այս պահի դրությամբ կնքված պայմանագրերի գինը կազմում է 739.2 մլն ՀՀ դրամ:

ՀՀ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում շարունակվում են աշխատանքները մարզպետարանների կողմից ներկայացված անձանց գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ:

 




Լրահոս